Հարցազրույց

«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռուսաստան՝ փառատոնի

«Հրապարակ». Հայաստանից տոննաներով ծիրան են տարել Ռուսաստան՝ փառատոնի

Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման սահմանափակումների ֆոնին, Մոսկվայում հուլիսի 5-ին անցկացվել է հայկական «Ծիրանի» փառատոն։ Միջոցառումը կազմակերպել է Ռուսաստանի հայերի միությունը՝ ՌԴ նախագահին առընթեր միջազգայնական հարաբերությունների խորհրդի եւ Մոսկվայի կառավարության (Ազգային քաղաքականության եւ միջտարածաշրջանային կապերի վարչության) աջակցությամբ։ Զրուցել ենք Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ։

- «Ծիրանի» փառատոնի համար հայկական ծիրան է օգտագործվել․ ի՞նչ ճանապարհով է Ռուսաստան արտահանվել, չէ՞ որ արգելված է մուտքը։

- «Ծիրանի» փառատոնը տարիներ շարունակ անցկացնում ենք, որին մասնակցում են հազարավոր հայեր։ Փառատոնի շրջանակում երգ, պար, մշակութային միջոցառումներ են տեղի ունենում, իսկ ծիրանը հյուրասիրում ենք բոլոր մասնակիցներին։ Ինչ վերաբերում է արտահանմանը, երբ որ Արցախի ճանապարհները փակ էին, մենք այդ ժամանակ էլ Արա Աբրահամյանի գլխավորությամբ կարողացանք մեծ օգնություն անցկացնել դեպի Արցախ։ Այսինքն, նույն մեխանիզմով, միջոցառման հետ կապված այլ ճանապարհներով հայկական ծիրանը տեղ է հասել, որպեսզի մեր հայրենակիցներին հյուրասիրենք։

- Կարծիք կա, որ ծիրանը հայկական չի եղել։

- Գիտեք ինչ՝ կարծիքները տարբեր են, յուրաքանչյուր մարդ ունի իր հնարավորությունը եւ իր հնարավորությունների շրջանակներում իրականացնում է իր ցանկությունները։ Իսկ ճանապարհները, ինչպես նաեւ մեխանիզմներն ու հնարավորությունները, տարբեր են։ Այս առումով մենք որեւէ խնդիր չենք ունեցել։

- Քանի՞ կգ ծիրան եք ներկրել Ռուսաստան։

- Կիլոգրամի հետ կապված՝ չեմ կարող ասել, բայց այնքան, որ կարողացել ենք հյուրասիրել միջոցառման բազմահազարանոց մասնակիցներին։ Խոսքը տոննաների մասին է, եւ դա իրականացրել ենք մեկանգամյա ներկրումով։

- Հակասություն չե՞ք տեսնում՝ Մոսկվայում անցկացվում է «Ծիրանի» փառատոն, երբ Հայաստանի ծիրանի արտահանումը դեպի Ռուսաստան արգելված է։

- Բացարձակ, եթե միջկառավարական խնդիրներ կան, դա չի նշանակում, որ մենք մեր մշակութային ծրագրերը չպետք է իրականացնենք։ Այդ ծրագրերը տարիներ շարունակ իրականացվել են, եւ դա մեր ինքնությունն է։

- Հնարավոր չէ՞, որ օգնեք հայ տնտեսվարողներին, որպեսզի նույն՝ ձեր արտահանած ճանապարհով ծիրանն արտահանեն Ռուսաստան։

- Դա միջկառավարական խնդիր է, իսկ մենք հասարակական կազմակերպություն ենք։ Մարդասիրությունից ելնելով, այո, Հայերի միությունը՝ ղեկավարի գլխավորությամբ, տարիներ շարունակ բազմաթիվ հարցեր է կարգավորել, լուծել։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image