Մարտի 1-ի գործով դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է դատական համակարգի շուրջ հնչող հայտարարություններին՝ դժգոհություն հայտնելով դրանց նկատմամբ կառույցների արձագանքից։
Նրա խոսքով՝ երբ հրապարակային կերպով հնչում են դատավորների վերաբերյալ ընդհանրական մեղադրանքներ, այդ թվում՝ կոռուպցիայի մասին պնդումներ, համապատասխան մարմինները պատշաճ արձագանք չեն տալիս։
«Երբ հայտարարություններ են հնչում, օրինակ, թե դատավորների կեսը կաշառակեր է, Բարձրագույն դատական խորհուրդը որևէ հայտարարություն չի անում՝ նշելու, որ նման խոսույթն անընդունելի է։ Դատախազությունը նույնպես որևէ արձագանք չի տալիս, դատավորներից էլ որևէ մեկը չի բարձրաձայնում այդ մասին»,- ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ նման իրավիճակից հետո իր մոտ հարցեր են առաջանում դատական համակարգի վերաբերյալ։
«Այս ամենից հետո ես ի՞նչ պետք է մտածեմ դատական համակարգի մասին»,- նշել է ՀՀ երկրորդ նախագահը։