Վերլուծություն

Մարդն է գեղեցկացնում մանդատը

Մարդն է գեղեցկացնում մանդատը

Աղվան Վարդանյանի՝ պատգամավորական մանդատը ստանձնելու մասին հայտարարությունը, մեղմ ասած, հիստերիայի մեջ է գցել մեծ թվով մարդկանց: Ափսոս, սակայն, որ այդ մարդիկ մեծ են միայն թվով, այն է՝ գլխաքանակով: Ինչ վերաբերում է ինձ, ապա ես անչափ երջանիկ եմ, որ այդ գլխաքանակի մեջ չկամ:
Իսկ հիմա խոսենք ավելի առարկայական: Ովքե՞ր են Աղվան Վարդանյանի որոշումից հիստերիայի մեջ ընկած այդ մարդիկ, ինչ խմբերի են բաժանվում, ում քաղաքական ձիանոցից են դուրս եկել, եւ ինչ է ուզածները: Աղվան Վարդանյանն իր գրառման մեջ բավականին կարճ ու կոռեկտ է արտահայտվել՝ չբացելով փակագծերը. «Պարզվեց՝ ինչ-որ մարդիկ շատ-շատ են ուզում, որ խորհրդարանում չլինեմ։ Դրանց չեմ ուրախացնելու»: Չվնասելու համար պարոն Վարդանյանի կոռեկտությանը, ինքս էլ ձեռնպահ կմնամ անուններ հրապարակելուց, թեեւ շատերին գիտեմ թե՛ իրենց ապրած կյանքով, թե՛ ծագումնաբանությամբ, թե՛ ֆեյսբուքյան գրառումներից: Զուտ կսահմանափակվեմ վայրահաչողներին որոշակի խմբերի բաժանելով, եւ միայն այդքանը: Մի բան էլ նախապես պայմանավորվենք՝ ականջներիս օղ ենք անում, որ Աղվան Վարդանյանն այն քաղաքական գործիչներից ու մարդկանցից չէ, որոնք իրենց կյանքում երբեք ինքնուրույն որոշում կայացնել չեն կարողացել: Այս պահին էլ, երբ թվում է, թե ոհմակային հարձակման է ենթարկվել, ինքը նույն Աղվան Վարդանյանն է՝ հակիրճ խոսքով, հատու ոճով, փաստարկված ասելիքով եւ արդեն կայացրած սեփական որոշումով. «Խոսքը խոսք է, բայց ավելի կարեւոր է պարտքի գիտակցումը… Այս փուլում իմ պարտքն է` լինել թիմի հետ»:

Պարտքից էլ կսկսենք… Տեղի ունեցածից հիստերիայի մեջ ընկածների առաջին խումբը հենց պարտքի զգացում չունեցողներն են: Չգիտեն՝ ինչ է դա: Իրենք միշտ եղել են կողմնակի անձինք, ավերմունքի վրա չարախնդացողներ, որպես կանոն՝ մի քար քարի վրա չդրած, անհետագիծ, բայց՝ սարսափելի լեզվանի: Ես սրանց կասեի երեւանյան կինտոներ, բայց վախենում եմ, որ Սունդուկյանի Պեպոն, Կակուլին ու Գիքոն նեղանան: Եվ, ուրեմն, մի եղեք թեթեւսոլիկ, մի քննարկեք հատկապես այն մարդկանց որոշումները, որոնք ծնվում են պարտքի զգացումից: Փարձեք հասկանալ, թե հանուն ինչի եք ապրում, եւ դրա համար ձեզ ինչ է պետք:

Մի բավականին զավեշտալի խումբ էլ կա, որ Աղվան Վարդանյանին հանդիմանում է, թե տղամարդու խոսք ես տվել՝ մանդատը չվերցնել, բայց վերցնում ես: Ես անիմաստ եմ համարում այս մարդկանց լրացուցիչ անգամ բացատրել, որ մենք գործ ունենք քաղաքականության հետ, իսկ քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Չեն հասկանա… Թե բա՝ տղամարդու խոսք… Իրենց էլ որ նայում ես, մեջները մի հատիկ տղամարդ տղա չկա: Հարյուր քաղաքական ճամբար փոխած, հարյուր քաղաքական գործչի քսմսված, լոճած բերանով, սեփական անձի մասին մեծ կարծիք ունեցող հացկատակներ: Սրանք, ուրեմն, սրտատրոփ սպասել են Աղվան Վարդանյանի՝ մանդատը վերցնել-չվերցնելուն: Չվերցներ՝ չէին ասելու՝ խոսքը պահեց: Աղմկելու էին, թե վախեցավ գնալ խորհրդարան, որ ՔՊ-ի «հարվածների տակ չընկնի»: Հիմա, երբ Աղվան Վարդանյանը վերցնում է մանդատը, սրանք անակնկալի են եկել ու իրենց արեւին «տղամարդու» զրից սկսել՝ թե բա՝ խոսք էիր տվել…

Ուրիշ խմբեր էլ կան, որ քունուդադարը կորցրել են մեր խորհրդարանի ամենաընդգծված անհատականություններից մեկի՝ Աղվան Վարդանյանի որոշումից: Սրանք այն խմբերն են, որ գիշերուզօր աղոթում են Նիկոլի անսահմանափակ իշխանության համար, սպասում, թե երբ պիտի վերջապես Նիկոլը 100 տոկոս մեծամասնություն ունենա Ազգային ժողովում: Այդ խմբերի հաշվարկներով, ո՛չ Աղվան Վարդանյանը եւ ո՛չ էլ «Հայաստան» դաշինքը խորհրդարան չպետք է անցնեին: Սակայն կյանքը ցույց տվեց հակառակը: Ավելին` կյանքը ցույց տվեց, որ իրենց սիրեցյալը 50 տոկոս էլ չունի խորհրդարանում: Բա ի՞նչ անենք… Դավայ կախվենք Աղվան Վարդանյանի «ժողգործիքներից»… Եվ կախվել են, որովհետեւ Աղվան Վարդանյանը, ի հեճուկս իրենց, դեռ քարոզարշավից առաջ էր հայտարարել, որ «Հայաստան» դաշինքը լինելու է խորհրդարանում:

ՀԳ. Չզարմանաք, բայց ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Անահիտ Ավանեսյանին եւ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգ ձեւավորելու փորձերի համար: Դուք՝ տիկին Ավանեսյան եւ պարոն Փաշինյան, շատ լավ եք ճանաչում մեր հասարակության հիվանդ հատվածին եւ գիտեք, թե նրան առաջին հերթին ինչ է պետք: Մյուս կողմից էլ՝ դեռ վաղ է հանգստանալ ձեռք բերվածով: Պետք է ամեն ինչ անել, որ մեր երկրում անասնաբուժությունը եւս լինի անվճար:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոսկալի անկում

Սոսկալի անկում

Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...

×
Gallery Image