Վերլուծություն

Փաշինյանին հանգիստ է պետք

Փաշինյանին հանգիստ է պետք

Ինձ թվում է՝ մեր երկարակյաց վարչապետի ինչ-որ տեղն այրվում է: Մի տեսակ հանգիստ չէ, խլշկոտում է, աչքերը ոլորում, ձեռքերն անկանոն շարժում… Ու սենց տակից որ չի նայո՜ւմ… Ձայնն էլ է փոխվել՝ առաջվա միալար ճղճղոցը չկա, խոսում է ելեւէջներով՝ «մինոր»-«մաժոր», «մինոր»-«մաժոր»: Ի՞նչ է պատահել քեզ, մարդ Աստծո, երազիդ գել ու հարամի հո չե՞ս տեսել: Ընտրություն էր՝ եկավ, անց կացավ, մարդ հո չի՞ մեռել, որ քեզ այդպես կորցրել ես: Հաղթողին սազական չէ այդ ամենը: Եկել ես ԱԺ՝ քեզ հաղթողի պես պահիր, որ դահլիճում հավաքված ՔՊ-շնիկները գոնե հավատան հաղթանակիդ: Նմուշի համար մեկ հատիկ ընդդիմադիր պատգամավոր չկար դահլիճում, իսկ դու ընդդիմության ուղղությամբ այնքան վատ-վատ խոսքեր շռայլեցիր, որ էլ չասելու: Դատարկ օդը թրատում էիր, որ ի՞նչ… Կամ ինչի նման էր՝ եկար, ինքնապատասխանիչի պես պատասխանեցիր ՔՊ-ի ինքնահարցումներին, խայտառակեցիր քեզ էլ, ՔՊ-ին էլ, երկիրն էլ, պետությունն էլ, միջազգային գործընկերներիդ էլ… Ինչքան վատ խոսք ասացիր ընդդիմության ու նրա առաջնորդների մասին՝ հետ եկավ ուղիղ ճակատիդ: Թե բա՝ ընդդիմադիրները ընտրակաշառք են տվել: Բա սա հաղթողի ասելու բա՞ն է: Ավելի լավ, որ տվել են: Իրենց փողից է պակասել, բյուջեից հո չե՞ն վերցրել: Դու ավելի լավ է ասես, թե ՔՊ-ի 720 հազար քվեն ինչքանով եք առել, ում փողով, ինչ հանգամանքներում: Քո խաթեր համար 720 հազարից 220-ը կհանեմ: Դա ՔՊ-շնիկների եւ նրանց հետ փոխկապակցված մարդկանց օրգանիկ ձայնն է: Իսկ որտեղի՞ց քեզ մնացած 500 հազար ձայնը, եթե, ինչպես դու ես ասում, կողմնակի ընտրողները քվեարկել են բացառապես ընտրակաշառքով:

Էդ անտեր ԱԺ ամբիոնը հո բան-ման թափ տալու տեղ չի՞, վերջապես… Բռնելու եմ, նստացնելու եմ, կզացնելու եմ, թավիշը վերջացավ, եկել է ժողովրդի վրեժի ժամանակը… Դու քեզ հաշիվ տալի՞ս ես նման բաներ հայտարարելիս: Բավական չէ 44-օրյա պատերազմի ժամանակ «կռվել ես» Ադրբեջանի կողմից, 2020թ. նոյեմբերին հաղթել Հայաստանին ու հայ ժողովրդին, «կզացրած» պահել հայությանը, հաջողացրել 21 թվին վերընտրվել, հիմա էլ եկել՝ հաթաթա ես տալիս 500 հազար մարդու աջակցությունն ունեցող լիդերների՞ն: Որտե՞ղ ես նման բան տեսել, ումի՞ց ես սովորել… Դահլիճում հավաքված հավերն էլ բերանները բաց լսում են ու իրենց մեջ նեղվում՝ էս ինչե՞ր է խոսում մեծարգոն, ախր մենք հաղթել ենք, փոխանակ հաղթանակը շնորհավորի, ամբիոնից ուրիշ բան ա թափ տալիս:
Այն տպավորությունը, որ Նիկոլի «հաղթանակի» հետ կապված ստացել էի հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, վարչապետ-ՔՊ հարցուպատասխանի ժամերին դույզն-ինչ չփոխվեց: Նա նույնությամբ ստում էր՝ ինչպես հետընտրական առաջին ասուլիսի ժամանակ: Ասեմ՝ դա ո՛չ հաղթողի ասուլիս էր, ո՛չ էլ ԱԺ-ում հաղթողի հարցուպատասխան: Նա պարզապես ստում էր: Ձեռքս կտրեմ, թե Հայաստանում ՔՊ-ն 720 հազար օրգանիկ քվե ունի: Առնվազն 500 հազարը կա՛մ քշովի-բերովի է, կա՛մ նկարովի: Վահագն Հովակիմյան, հոգի ունես Աստծուն տալու, ձեռքդ դիր խղճիդ ու ասա, թե քանի հարյուր հազար ձայն ես նկարել Նիկոլի համար: Այդկերպ դու մեզ կօգնես՝ պարզելու ՔՊ կաշառակեր ընտրողների իսկական թիվը: Մինչդեռ, երբ դու լռում ես, պարոն Հովակիմյան, Փաշինյանին թվում է, թե ինքը 720 հազար քվե ունի, երբ լռում են ՔՊ-շնիկ տասովշչիկները, Փաշինյանին թվում է, թե իր բոլոր ձայներն օրգանիկ են: Այս զգացողություններից նա դառնում է լրիվ անկառավարելի, գլխապտույտ է ունենում իր «տարած հաղթանակից», հարձակվում ընդդիմության վրա, սկսում վիճարկել ընդդիմության տարած 500 հազար քվեն, թե բա՝ կաշառել են, չի կարող Հայաստանում այսքան մարդ լինել, որ ուզենա Արցա… Ղարաբաղը հետ բերել:

ՀԳ. Պարոն Փաշինյան, ես Ձեզ հետ առանձին խոսելիք ունեմ: Երկու օր առաջ, ուրեմն, Տիգրան Մեծի եւ Ալեք Մանուկյանի անկյունում հարմար պահ առաջացավ: Ոզում էի բացել մեքենայի դուռն ու միանալ ձեզ՝ ասելիքս ասելու: Ախրանկան չթողեց: Ինձ կարգադրեցին. «Բարձրացեք մայթ, քաղաքացի, շառից-փորձանքից հեռու…»: Այդ մարդիկ կյանքս փրկեցին, փաստորեն, բայց ասելիքս մնաց: Ժամանակ գտեք, խնդրում եմ, այս երկու օրը հանդիպենք, սուրճ խմենք, եւ ես Ձեզ պատմեմ մի պատմություն այն մասին, թե ինչպես են իրենց պահում ժողովրդավարական երկրների առաջնորդները նման իրավիճակներում: Գիտեմ, դա հաճելի չի լինի Ձեզ, բայց ի՞նչ արած, գոնե կիմանաք այդ մասին ու այս մեծ խայտառակությունից հետո Ձեզ այդպես չեք պահի:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image