Գյուղատնտեսական երկիր Հայաստանում գյուղնախարարություն չկա 2019-ից ի վեր: Գյուղատնտեսական 4 վարչություն է գործում էկոնոմիկայի նախարարության կազմում։ Գյուղնախարարություն չկա, սակայն գյուղատնտեսական չլուծված խնդիրներ շատ կան։ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր գյուղի բնակիչ, վաստակավոր այգեգործ Դերենիկ Բեջանյանը 72 տարեկան է։ Չնայած տարիքին և առողջական որոշ խնդիրներին, նա խաղաղագործության, պտղաբուծության վերաբերյալ խորհրդատվոււթյուն է մատուցում մի քանի ընկերությունների, կազմակերպությունների, ընդգրկված է միջազգային կազմակերպությունների ծրագրերում։
Բեջանյանը ցավով նշում է, որ գյուղատնտեսի մասնագիտության հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը շատ է նվազել, մեծ մասը ցանկանում է ծրագրավորող, տնտեսագետ, իրավաբան դառնալ։ 1975 թվականին թվականին, երբ ինքը գյուղատնտեսության ինստիտուտի դիմորդ էր, ընդունելության ժամանակ 1 տեղի համար 21 դիմորդ կար։ Հիմա Ագրարային համալսարանի ուսանողներին 80 հազար դրամ կրթաթոշակ են տրամադրում, ապահովում հանրակացարանով, սակայն դիմորդներ չկան` 14 գերակա մասնագիտությունների գծով 2026 թվականին դիմել է ընդամենը 68 դիմորդ։ Իսկ Հայաստանում երիտասարդ գյուղատնտեսների մեծ պակաս կա։ Վերջին տարիներին այգիների հեկտարներն ավելացել են։ 1990-ականներին Դեբեդի հովտի բնակիչները զբաղվում էին միջնորդ առևտրով, Վրաստանից ապրանքներ ներկրելով, հողերն անմշակ էին թողել։ Հիմա Դեբեդի հովտում ազատ հողեր չկան։ Դ․ Բեջանյանը հայտնեց, որ խորհրդային ժամանակների Նոյեմբերյանի հռչակավոր դեղձի այգիներին փոխարինել են հիմնականում կորոլյոկի այգիները։ Պատճառն այն է, որ դեղձի այգիները սեզոնին 7 անգամ թանկ թունաքիմիկատներով սրսկելու կարիք ունեն, իսկ կորոլյոկի ծառերը՝ 1-2 անգամ։ Դեղձը շուտ փչացող միրգ է, իրացման հետ կապված խնդիրներ են առաջանում։ Այժմ Բագրատաշենի ենթաշրջանում դեղձի բերքի մեծ քանակ չի լինում, որ մեծ բեռնատարն ամբողջությամբ լցնի դեղձով։ Ըստ Բեջանյանի, Դեբեդի հովտի բնակլիմայական պայմաները հարմար են տարբեր մրգերի, ձիթապտղի մշակության համար: Ձիթապտուղ մշակողներ կան, որոնք նաև ձիթապտղի յուղ են արտադրում։ Սակայն տարածված են բույսերի զանազան հիվանդություներ։ Այս տարվա անձրևային եղանակը նպաստել է զանազան վնասատուների, սնկային, վիրուսային բակտերիաների, տարբեր վնասատուների՝ խաղաղի որդի, տիզի, ողկույզակերի և այլն միջատների տարածմանը։
Խորհրդային ժամանակ շրջաններում բույսերի պաշտպանության կայաններ կային։ Հիմա, երբ գյուղացու այգին վարակվում է, նա ստիպված է հասնել Երևան, վարակված նմուշը հանձնել լաբորատորիա։ Նոյեմբերյանի պետական քոլեջում գործում է հողի լաբորատորիա, որը միայն հողի մեխանիկական և քիմիական կազմն է որոշում։ Բագրատաշենի մաքսակետում և երկաթուղային Այրում կայարանում գործում է ֆիտոսանիտարիայի ծառայություն, որը Հայաստան ներկրվող հացահատիկի, գյուղմթերքների, մրգերի, բանջարեղենի, տնկիների լաբորատոր ստուգումներ է իրականացնում։ Բագրատաշեն, Շնող գյուղերում բուժանյութերի խանութներ են գործում, որոնց վաճառողները բույսերի բուժանյութերի մասին որոշակի գիտելիքներ ունեն, իսկ այլ տեղերում թունաքիմիկատ վաճառողներն անտեղյակ են բուժանյութերի մասին: Դ․ Բեջանյանն ասում է, որ Ավստրիայում, Շվեյցարիայում, եվրոպական այլ երկրներում առանց պետական համաձայնության, պետական պլանավորման պտղաբուծությամբ չեն զբաղվում։ Հայաստանում այդ առումով խառնակ, անտեր վիճակ է։ Ինքը մասնակցել է Արցախում 35 հեկտար այգիներ հիմնելուն, որոնք մնացին օտարին։ Նա միջազգային կազմակերպություների աջակցությամբ 2 հատ ջերմոց ունի այժմ` յուրաքանչյուրը 150քմ մակերեսով, որտեղ պղատու ծառերի տնկիներ է աճեցնում, Եվրամիության աջակցությամբ Կարմիր գրքում գրանցված արջատխլենու պատվաստումեր է կատարում, կիվի, հոն է մշակում։ Հողն իր բերքով երեխտապարտ է լինում այն սիրով ու խնամքով մշակողին։