Մշակույթ

Սարդ-մարդը. ինչպես է առաջացել ամենահայտնի կերպարներից մեկը

Սարդ-մարդը. ինչպես է առաջացել ամենահայտնի կերպարներից մեկը

Սարդ-մարդը ամենահայտնի սուպերհերոսներից է՝ համաշխարհային փոփ-մշակույթի մեջ։ Այն գոյություն ունի ավելի քան վեց տասնամյակ, եւ այդ կերպարն այս ընթացքում կոմիքսների հերոսից դարձել է գլոբալ մշակութային ֆենոմեն, որը միավորում է ընթերցողների սերունդների, հեռուստադիտողների եւ երկրպագուների, մի խոսքով՝ աշխարհի միլիոնավոր մարդկանց։ Սարդ-մարդու կերպարը հետաքրքիր է ոչ միայն իր գերբնական կարողությունների շնորհիվ, այլ նաեւ այն բանի, որ կերպարն ունի մարդկային խորը գծեր, ինչի շնորհիվ էլ արագորեն հարազատ դարձավ միլիոնավորների համար։

Կերպարը ստեղծվել է գրող Սթեյն Լիի եւ նկարիչ Սթիվ Դիթքոյի կողմից։ Առաջին անգամ Սարդ-մարդը հանդես է եկել 1962 թվականին՝ Amazing Fantasy #15 կոմիքսում։ 60-ականների սկզբներին սուպերհերոսների մեծ մասը հասուն կերպարներ էին, որոնք ինքնավստահ էին՝ լի քաջագործություններ անելու կամքով ու վճռականությամբ։ Սարդ-մարդու հեղինակները որոշում են կոտրել այս ավանդույթը եւ իրենց սուպերհերոս են դարձնում սովորական դեռահասի, որը բախվում է ամենասովորական կենցաղային խնդիրների հետ` կապված ուսման, ֆինանսական դժվարությունների, հասարակությունում իր տեղի ու դերի որոնումների հետ։ Այս պատմության գլխավոր հերոսը Պիտեր Պարկերն է՝ որբուկ, որը դաստիարակվել է ազգականների՝ Բենի եւ Մեյի կողմից։ Գիտափորձի ժամանակ Պիտերին կծում է ռադիոակտիվ սարդը, եւ նա ստանում է անսովոր կարողություններ՝ գերմարդկային ուժ, մակերեսներին կպչելու հատկություն, բարձր արագություն եւ շարժունակություն, «սարդի հոտառություն»։ Սկզբում Պիտերն իր կարողություններն օգտագործում է անձնական օգուտների համար։ Սակայն հետո, երբ հանցագործը, որին կարող էր կանգնեցնել, սպանում է քեռի Բենին, հերոսի կյանքն արմատապես փոխվում է։ Այդ ժամանակ էլ նա կյանքի գլխավոր դասն է քաղում՝ «մեծ ուժի հետ գալիս է մեծ պատասխանատվությունը»: Սա էլ դառնում է Սարդ-մարդու գլխավոր կենսափիլիսոփայությունը։ Ի տարբերություն այլ սուպերհերոսների, Պիտեր Պարկերն անընդհատ զարգանում է։ Ընթերցողները տեսնում են, թե ինչպես է նա հասունանում, ավարտում դպրոցը, ընդունվում համալսարան, գիտնականի եւ լրագրողի կարիերա կառուցում, ընկերներ ձեռք բերում, անձնական ողբերգություններ ունենում։ Կերպարն այս ամենի շնորհիվ միշտ մնում է ակտուալ եւ սպասված։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image