«Սրբազան պայքարի» էջում հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում էր կալանավայրում։
«Ե. ԱԶԳ — ՏԱՃԱՐ -ԱԶԳ -ԲԱՆԱԿ
Պետություններն, անկախ իրենց աշխարհագրական դիրքից, հարևաններից, պատմական փորձառությունից, ունեցած հնարավորություններից, կոչված են անվտանգային համակարգ ունենալու, որը համալիր խնդիր է` ներառելով հասարակական բոլոր շերտերը և ոլորտները` առաջնային կարևորություն հաղորդելով մարտունակ և ուժեղ բանակի գոյությանը:
Այս առումով, հատկապես թշնամիներով շրջապատված և պատմական դառն փորձառություն ունեցած, ցեղասպանություններ ապրած և Հայրենիք կորցրած մեզ նման պետության և երկրի համար կենսական նշանակություն ունի «Ազգ — Տաճար» — «Ազգ — Բանակ» հայեցակարգ-համակարգը, որը դեռ մանկապարտեզային տարիքից հասարակությանը կներառի հոգևոր, բարոյական, մտավոր և ռազմական պատրաստության մեջ. «Ընդարձակի’ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո’ւ և խնայողություն մի’ արա, երկարացրո’ւ քո պարանները, հաստատի’ր քո ցցերը… քո հիմքերը շափյուղայից եմ պատրաստել, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ` դռներդ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից: Աստծուց խրատված որդիներ պիտի ունենաս, քո մանուկները մեծ խաղաղության մեջ պիտի ապրեն: Արդարությամբ պիտի շենանաս… ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա…» (Ես. 54:2-3, 12-14, 17):
«Ազգ-Տաճար» — «Ազգ — Բանակ» հայեցակարգ-համակարգը ոչ թե ամբողջ ազգաբնակչության սոսկ զինվորական պատրաստվածությանը պետք է միտված լինի, այլ պետք է դառնա համընդհանուր և համապարփակ մտածողություն, պետական ռազմավարություն` կյանքի բոլոր ոլորտների ներգրավմամբ` ստեղծելով այն գաղափարական դաշտն ու միջավայրը, որտեղ «Այլևս երբեք» դոկտրինի ներքո բոլոր բնագավառները, ինստիտուտները կգործեն պետության լավագույն շահի և պետական ներքին և արտաքին անվտանգության զարգացման ու բարելավման գիտակությամբ:
«Թե իմ դեմ պատերազմ պատրաստվի, սիրտս չի երկնչի: Թե ճակատամարտ սկսվի իմ դեմ, միևնույն է, Տեր, ես Քեզ պիտի հուսամ» (իմա` կատարյալ և ամբողջական պաշտպանվածություն) (Սաղմ. 26:3) և «Երբեք մի’ վախեցեք հակառակորդներից, այդ հակառակությունը ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության» (Փիլիպ. 1:28):
Հետևաբար, հրամայական է ունենալ ոչ թե կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ կամ պատահական ծրագրային իրականացումներ, այլ մշակված հստակ և համալիր պետական քաղաքականություն և ռազմավարություն` առաջնորդված ոչ միայն տվյալ պահի կարիքների բավարարմամբ, այլև երկարատև համակցված փոխզարգացնող ծրագրերով, պետության շատ հստակ սահմանած նպատակով և տեսիլքով: Այսինքն` անհրաժեշտ է երկարաժամկետ ռազմավարության ծիրից ներս անդրադառնալ և հստակ որոշումներ կայացնել մի քանի հարթություններով, որոնք փոխկապակցված կլինեն և փոխլրացման սկզբունքով և շղթայական զարգացմամբ հիմնական, աստիճանական, կայուն և արդյունավետ առաջընթաց կապահովեն` լուծելով երկրի թե’ արտաքին, և թե’ ներքին անվտանգության և ապահովման խնդիրները:
Այս առումով անհրաժեշտ է.
ա) ստեղծել հոգևոր, բարոյագիտական, մտավոր, ռազմամարզական կրթադաստիարակչական համակարգ և ուսումնական ծրագիր
բ) քաջալերել ռազմամարզական խաղերը ոչ միայն պատանեկան, երիտասարդական, այլև տարբեր տարիքային խմբերի համար (տարին նվազագույնը 4 անգամ)
գ) ստեղծել նոր որակի և մոդելի բանակ` ազգային, հոգևոր, կրթական ծրագրերի ներդրում, ժամանակակից տեխնոլոգիաների, ռազմական տեխնիկաների, ռազմաօդային ուժերի զորացում, հակաօդային պաշտպանություն, «Զվարթնոց» ծրագրի ստեղծում և լայնածավալ կիրառում
դ) անզիջում կերպով զարգացնել գիտական միտքը` ներգրավելով բոլոր ոլորտները` գյուղատնտեսությունից մինչև ռազմական ոլորտ
ե) զարգացնել ռազմարդյունաբերությունը
զ) ներդնել և զարգացնել գերազանցության ծրագրեր և կատարելության հասցնել կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և այլ ոլորտները, որոնք կմրցեն աշխարհի լավագույն փորձի հետ` առանց զիջելու
է) անցկացնել զորավարժություններ տարեկան նվազագույնը 3 անգամ բոլոր սեռերի համար` վճարովի սկզբունքով, ինչպես նաև անձի մասնագիտական հմտություններին համապատասխան ներգրավվածությամբ
ը) զարգացնել և տարածել մշակութային կյանքը ազգային և հոգևոր նկարագրով թե’ ինստիտուտների և թե’ հատկապես ԶԼՄ-ների ներգրավմամբ
թ) զարգացնել առողջ ապրելակերպի ծրագրերը` խրախուսելով և’ հանրային մարմնամարզությունը, և’ սպորտային ճյուղերի խիստ մասնագիտական, արհեստավարժ տարածումը
ժ) լուծել պարենային անվտանգության խնդիրները` հատկապես արժևորելով գյուղական համայնքները և գյուղատնտեսությունը
ժա) զարգացնել ջրային և էներգետիկ ռեսուրսների կառավարումը` լուծելով և’ ջրարբիացման, մատակարարման և’ արտաքին անվտանգային խնդիրները
զարգացնել բնապահպանական և շրջակա միջավայրի ծրագրերը` նաև ճիշտ հավասարակշռելով բնապահպանական և տնտեսական, հատկապես հանքարդյունաբերության խնդիրները: Հայաստանը պետք է դառնա մաքրագույն երկիր` թե’ աղբից, թե’ օդի աղտոտվածությունից, թե’ անտառազրկումից և այլնից զերծ. մաքուր – սուրբ հող, մաքուր – սուրբ ջուր, մաքուր – սուրբ օդ` ՄԱՔՈՒՐ – ՍՈՒՐԲ ԿՅԱՆՔ:
ժբ) զարգացնել տնտեսությունը բոլոր ուղղություններով, հատկապես ծանր արդյունաբերությունը` սպառող տնտեսությունից անցում արդյունաբերող կամ արդյունաբերական տնտեսության:
Տարածել աշխատանքի սրբազնության գաղափարը` մերժելով ծուլությունն ու ձեռքբերովի անօգնականությունը:
«Աղքատության մշակույթը»` Հայաստանում ոչ թե պետք է աղքատ չլինի, այլ բոլորը պետք է հարուստ լինեն: Սա պետք է լինի տնտեսական քաղաքականության արմատական տեսիլքը:
ժգ) բարելավել քաղպաշտպանությունը ժամանակակից չափանիշներով և պայմաններով` ռմբապաստարանների կառուցում, իրազեկման համակարգի կատարելագործում, արտակարգ իրավիճակների համակարգի նորագույն տեխնիկական միջոցներով վերազինում և մարդկային ուժի պատրաստվածության նոր աստիճանի վերապատրաստություն
ժդ) բարելավել ճանապարհներն ու հաղորդուղիները` նոր ռազմավարական ճանապարհների և ենթակառուցվածքների ստեղծում (թունելներ, կամուրջներ)` առավելագույնս նպաստելով մեկ կետից մյուս կետ հասնելու տարածության և ժամանակի կրճատումը
ժե) զարգացնել և տարածել հետախուզության և հակահետախուզության հայեցակարգը` վերածելով ըստ անհրաժեշտության աշխարհի որևէ կետում կարևորագույն խնդիրներ լուծող միավորի` ներգրավելով սփյուռքի հայկական և ոչ հայկական ներուժը
ժզ) ներգրավել սփյուռքի որակական ներուժը բոլոր հարթակներում և ոլորտներում, համակարգաստեղծման և որոշում կայացնելու գործընթացներում
ժէ) պատրաստել նոր դիվանագետների սերունդ` հայաստանյան և սփյուռքյան ներուժով` ներգրավելով փորձառու և ճանապարհ անցած դիվանագետներին
ժը) պայքարել անզիջում կերպով, անխտրական կերպով «կոռուպցիա» զազրելի երևույթի դեմ
ժթ) նոր ծրագրերով, պարզապես կենսական է և հրամայական, նպաստել ժողովրդագրության աճին և’ բնական աճի, և’ հայրենադարձության միջոցով
ի) սփյուռքի հետ հարաբերությունները կառուցել երկու ճանապարհի սկզբունքով` ոչ թե սոսկ ակնկալել սփյուռքի հատկապես նյութական ներդրումը, այլև Հայաստանի Հանրապետության ներդրումը սփյուռքի կյանքում (երիտասարդներ, մամուլ, անվտանգություն)
իա) արդար դատական համակարգի կյանքի կոչումը. արդարությունը, իրավունքը և արդարադատությունը կենսական են
իբ) հերոս գյուղերի և բնակավայրերի կոչումի շնորհում սահմանային բնակավայրերին` բոլոր հնարավոր արտոնություններով (կրթություն, առողջապահություն, հարկային և այլն)
իգ) աշխատանքային ժամի փոփոխություն` սկսելով առավոտյան 07:00-ից:
«Ազգ — Տաճար» — «Ազգ — Բանակ» անվտանգության հայեցակարգ-համակարգի գեղեցիկ և խորհրդանշական պատկերը կամ սկզբունքը հրաշալիորեն սահմանված է առաքելական թղթում` հստակ շեշտադրելով թե’ հոգևոր, թե’ մտավոր, թե’ մարմնավոր պատրաստության կերպը, անհրաժեշտությունն ու հրամայականը` հավասարապես և’ ներքին, և’ արտաքին մարտահրավերները դիմագրավելու և կյանքը զարգացնելու նպատակով.
ա. «Զորացե’ք Տիրոջով և նրա զորության ուժով, զգեստավորվեք Աստծու սպառազինությամբ…» — հոգևոր և բարոյագիտական կրթության պատրաստություն, գործադրում, կիրառում և վարքագիծ
բ. «կարողանաք սատանայի հնարքների դեմ կանգնել» — թշնամու, թշնամական պետությունների սադրանքներ, սպառնալիքներ, պահանջներ և այլն
գ. «մեր պատերազմը մարմնի և արյան դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների, այս խավար աշխարհի տիրակալների և երկնքի տակ գտնվող չար ոգիների դեմ» — պատերազմը կամ սպառնալիքը միայն ռազմական չէ, այլ նաև և հատկապես հոգեբանական, վախի ներշնչման, ազդեցության, ենթարկեցնելու մասին է
դ. «ուստի առեք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք հետ մղել չարին չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատուն մնալ» — համապարփակ և համալիր պաշտպանվածություն, խնդիրների լուծում` հակառակորդին պարտության մատնելով
ե. «ամուր կանգնեք տեղում` ձեր մեջքը ճշմարտությամբ գոտեպնդելով, արդարությունը որպես զրահ հագնելով» — ինքնապաշտպանության, պաշտպանության սկզբունքների, արժեքների, իրավունքների, ճշմարտության և արդարության համար պայքար մղելով` առանց երկնչելով
զ. «խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությամբ ձեր ոտքերին ամրացնելով» — պայքարել, պատրաստ լինել պատերազմի` խաղաղություն նվաճելու և պաշտպանելու պատրաստակամությամբ` արդարության հիմքով
է. «և այս ամենի վրա առեք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը» — կատարյալ պատրաստվածություն, առաքինության դրսևորում, քաջություն, ամեն գնով հաղթանակի ձգտում
ը. «վերցրեք նաև փրկության սաղավարտը» — պաշտպանել բարձրագույն, գլխավոր արժեքները` ինքնություն, հայրենիք, հավատք, նպատակադրված գործել հաղթանակի և ազատության (փրկության) համար
թ. «Սուրբ Հոգու սուսերը» (այսինքն` Աստծու Խոսքը) – չխնայել ոչինչ և չկանգնել ոչնչի առջև ճշմարտության արդարության հաղթանակի և խաղաղության հաստատման համար
(Եփես. 6:1-17):
Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան»։