Վերլուծություն

Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...

Հարված թիկունքին՝ ո՞վ կսպասեր...

Ֆեյսբուքյան ադեկվատ օգտատերերը հարցնում են, թե ինչով էր, ի վերջո, պայմանավորված գործող ԱԺ-ի վերջին քառօրյայի հարց ու պատասխանի օրվա նիստում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի հերթական հիստերիկ պահվածքը: Չէ՞ որ ինքը հաղթել էր ընդդեմ սեփական ժողովրդի նախաձեռնած՝ ընտրություններ կոչված պատերազմը: Իսկ հաղթող կողմը, մեր պատկերացմամբ, պետք է ավելի բարեհամբույր գտնվեր թե՛ մրցակիցների և թե՛ նրանց աջակից ընտրողների նկատմամբ: Բայց արի ու տես, որ մեր հասարակությունն ականատես եղավ հակառակ պատկերին:

Այդ հարցը ինքս ինձ տվել եմ արդեն որերորդ անգամ ու կարծում եմ, որ գտել եմ այդ վարքագծի պատճառ հանդիսացած մի շարք գործոնները: Դրանք թե՛ առանձին-առանձին և թե՛ հատկապես միասնության մեջ՝ սիներգիայի կանոնի համաձայն, նրան հանել են հունից: Առաջին, և ամենից կարևորը. ինքն այնքան է շփվել՝ իրական կյանքում, վիրտուալ տարածքում կամ մտքում, մեր թշնամու հետ, որ նրանից փոխառել է մտածողության մի շարք նուրբ շերտեր, որոնց գոյության մասին կարող է չիմանալ նույնիսկ ինքը: Ու դրանց թվում է պարտված թշնամուն անընդհատ հարվածելու թուրքական ավանդույթը, ինչն անհասկանալի է թե՛ զուտ հայկական և թե՛ ընդհանուր քրիստոնեական մշակույթի կրողների համար:

Տեղեկություն Վիքիբառարանից. «Սիներգիա՝ երկու կամ ավելի գործոնների փախազդեցության գումարիչ էֆեկտ, որի դեպքում դրանց համատեղ գործողության արգասիքն էապես գերազանցում է առանձին վերցրած յուրաքանչյուր գործոնի ազդեցության գումարը»: Այսինքն, 1 գործոնի ազդեցությանը գումարած 1 գործոնի ազդեցությունը հավասար է ոչ թե 2 գործոնների ազդեցությանը՝ ինչպես կարող էր լինել թվաբանության տեսակետից, այլ 3, 4 կամ 5 գործոնների ազդեցությանը:

Երկրորդ, ինքը տեղը չի գտնում սահմանադրական մեծամասնություն (մանդատների թվի 2/3-րդը) չստանալու հանգամանքի պատճառով: Ինչն անհրաժեշտ է, որպեսզի կատարի մեր երկրի Սահմանադրությունը վերաձևելու՝ Իլհամի, պարտադիր կատարման, պահանջը: Ինչից կախված է իր կողմից այդքան փիառված խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ինչը կյանքի չկոչելն, իր ասելով, բերելու է պատերազմի: Եվ նույնիսկ նշել է ամսաթիվը՝ այս տարվա սեպտեմբերին: Երրորդ, իր թևի տակ գտնվող արևմտամետներից Բաբաջանյան Արմանը հարվածել է իրեն թիկունքից՝ բողոքելով ընտրակեղծարարություններից: Ենթադրում եմ, որ դա վերաբերել է ընդդիմության կողմից իբրև թե բաժանված ընտրակաշառքաներին: Բայց Արմանի խոսքը չի մանրամասնեցվել և կամ ես այն չեմ լսել: Ինչևէ, ընտրախախտումների առումով ասվածը վերաբերում է նաև նիկոլական «քաղհասարակության» ներկայացուցիչ, նոր սահմանադրություն (հենց փոքրատառով) մշակող խմբի անդամ Իոաննիսյան Դանիելին. այ քեզ բան, ո՞վ կսպասեր...

Չորրորդ, եվրոպական դիտորդներն ԱԺ ընտրությունները գնահատել են ոչ թե գերազանց, ինչպես ենթադրաբար ինքն էր ակնկալում, այլ որոշակիորեն խնդրահարույց: Իհարկե, չեն ասել, որ ողջ քարոզարշավն անցել է բացահայտ ընտրախախտումներով: Որ կիրառվել է վարչական ռեսուրս, գործընթացում ներառվել են քննչական կառույցներ: Չեն ասել, որ տեղի են ունեցել ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպչական հնարավորությունների անօրինական սահմանափակումներ: Որ քվեարկության ու հետքվեարկության գործընթացներն անցել են օրենսդրության բացահայտ խախտումներով: Եվ այլն, և այլն… Այնուամենայնիվ, «գերարդար ու գերօրինական», իր ենթադրյալ կարծիքով, այդ գործընթացում եվրոպացիները քթիմազություն են արել՝ աննշան բաներ բացահայտելով: Եվ, ըստ այդմ, հարվածել են նրան թիկունքից՝ ճիշտ այնպես, ինչպես տեղական իր արևմտամետ գործընկերները:

Եվ, վերջապես, հինգերորդ. ընդդիմադիր երեք քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների՝ Հայաստանի սահմանը հատելու փորձի վերաբերյալ տեղեկատվությունը նրան հասել է վերջին պահին: Այսինքն, իրավապահները չեն իրականացրել նախապես արգելանք դնելու՝ իրենց ապօրինի պարտականությունը: Ու խնդրի լուծումն ընկել է նրա ուսերին, ինչը կրկին հունից հանել է նրան: Այդ ամենից «վիրավորված», քվեարկությունից անմիջապես հետո ընդդիմության առաջատար եռյակ ուժին ձայն տվողներին ինքը բնորոշեց որպես ընտրակաշառք ստացողներ: Խոսքը բոլոր ձայն տվողների մասին էր՝ առանց բացառության: Հետո երևի կողքից հասկացրել են, թե ««Ձերդ մեծություն, մեծարգո վարչապետ», այդպես լինել չի կարող: Կարող են գտնվել մարդիկ, ովքեր Վախթանգ Սիրադեղյանի նման, դժվար թե ընտրակաշառք վերցնեին, քանի որ վերջին 18 տարում որպես դիտորդ ներառվելով ընտրական գործընթացում՝ պայքարել են նաև այդ երևույթի դեմ»: Ու ինքը սրտի կսկիծով նահանջել է՝ 100 տոկոսանոց, իր նախնական կարծիքով, երևույթը ստիպված ներկայացնելով որպես 70 տոկոսանոց:

Այդ ամենն իր համար, ինչպես բնորոշվել է ֆեյսբուքում, նշանակել է պյուռոսյան հաղթանակ: Դա այն է, երբ հաղթում ես ճակատամարտում, սակայն այնպիսի հսկայական կորուստների գնով, որ վստահաբար պարտվելու ես պատերազմում: Այն պատերազմում, որ նախաձեռնել ես սեփական ժողովրդի, նրա հոգևոր դասի և պետության դեմ: Հենց այն, ինչը վերաբերում է ՀՀ վարչապետի աթոռին գամված, եռաֆազ պարտության թիվ մեկ պատասխանատու և թիվ մեկ մեղավոր՝ պարտության խորհրդանիշ անձին:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image