Նիկոլ Փաշինյանը արձակուրդի շրջանակներում այցելում է տարբեր ժամանցի վայրեր, թատրոններ, գրքեր է կարդում, և դրանք հրապարակում ֆեյսբուքի իր էջում։
Փաշինյանը նաև մի հրապարակում էր արել, և նշել էր, որ այցելել է «Թատրոն տանիքում», և ներկայացում է դիտել։ Փաշինյանը նաև գրել էր, որ այս ընթացքում հասցրել է մի քանի թատրոններում լինել, և զարմանք էր հայտնել, որ բոլոր դահլիճները եղել են լեփ-լեցուն։
Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանին ուղեկցել են իր թիկնապահները, սակայն որպես հանդիսատես են ներկայացել, որպեսզի մարդիկ գլխի չընկնեն, որ իրենք Փաշինյանի անվտանգությունն են ապահովում:
Մեզ նաև ասացին, որ հանդիսատեսին թատրոն մտնելուց առաջ համատարած ու մանրակրկիտ ստուգել են, սակայն անգամ չեն տեղեկացրել, թե ինչի համար են ստուգում, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
Թատրոնից հերքեցին այս տեղեկությունը մեզ հետ զրույցում, ասացին, որ հանդիսատեսին չեն ստուգել, համենայն դեպս՝ իրենք այդ մասին տեղյակ չեն եղել, և հավելեցին․ «Հանդիսատեսը այդ օրը եղել է շատ, Փաշինյանն օնլայն տոմս է գնել և մոտեցել է, մենք անգամ չենք իմացել, որ նա գալու է մեզ մոտ։ Նրա կողքին նստած էին սովորական մարդիկ, անգամ ճանաչում ենք նրա կողքի նստած կնոջը՝ մեր հանդիսատեսն է։ Շատ պատահական իմացանք, որ Փաշինյանը գալու է։ Թիկնապահներն էլ գուցե առանձին վայրում էին, մենք չենք նկատել թիկնապահ»։
Թատրոնի աշխատակիցն ասաց նաև, որ Փաշինյանը դիտել է «Ակվարիում» ներկայացումը, որի հեղինակը անգլիացի դրամատուրգ Պատրիկ Մարբեյն է։