Հարցազրույց դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ
- Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքները հայտարարել են, որ վերցնելու են պատգամավորական մանդատները եւ գնալու են խորհրդարան, թեպետ պնդում են, որ դրանով իրենց պայքարը չի ավարտվելու: Դուք մշտապես պայքարել եք արդարության համար, ընդդիմադիր հայացքներ ունեք, մտահոգ եք երկրում տեղի ունեցող պրոցեսներով: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ պետք է անի ընդդիմությունը` վերցնի՞, թե՞ չվերցնի մանդատները:
- Անկեղծ ասած, դժվարանում եմ հստակ ասել, թե այս փուլում որն է ճիշտը, ինչու, որովհետեւ ընդդիմադիր ուժերը խաղաքարտերը չեն բացում մեզ համար, որպեսզի հասկանանք, թե ինչ են ծրագրում անել առաջիկայում: Անկեղծ ասած, չգիտեմ` խորհրդարան գնա՞լն է ավելի նպաստավոր, թե՞ չգնալը, սակայն ինձ թվում է, որ իշխանությանը մենակ թողնելով խորհրդարանում՝ առիթ կստեղծվի, որպեսզի իրենց իրական դեմքը ցույց տան: Երբ դիմացդ չկա ախոյան, ավելի հեշտ է դառնում ամեն ինչ: Թեպետ իշխանությունն այնքան է վնասել մեզ՝ բոլորիս, իր քայլերով ու գործողություններով, որ դժվար թե սրանից այն կողմ կարողանա ինչ-որ բան անել: Էլ ի՞նչ պետք է անեն, որ զարմանանք, չկա այլեւս զարմանալու տեղ:
- Բայց այդպես էլ կա մտավախություն` հարեւան Վրաստանի օրինակով, որ իշխանությունները կարող են ավելի անկառավարելի ու լկտի դառնալ, կարող են հանգիստ շարունակել իրենց սեւ գործը: Այս առումով չունե՞ք նման մտավախություն:
- Եթե ընդդիմությունը ոչինչ չանի, բնականաբար, իշխանությունն ավելի կլկտիանա, բայց եթե գործողություններ լինեն, ես կարծում եմ, որ իշխանությանը մենակ թողնելը կարող է դրական ազդեցություն ունենալ: Բայց եթե վերցնելու են մանդատները, եւ ունենալու ենք այն, ինչ ունեինք հինգ տարի շարունակ, չեմ կարծում, որ դա լավ տարբերակ է: Միեւնույն է` այս իշխանությունը թույլ չի տալիս ընդդիմությանը՝ օրենքներ անցկացնել, թույլ չի տալիս կարծիք հայտնել, թույլ չի տալիս գործել ի շահ պետության, հետեւաբար, լավ չեմ հասկանում, թե ուղղակի մանդատ վերցնելն ինչի համար է:
- Բազմաթիվ ընտրախախտումներ արձանագրվեցին, ավելի քան 60 հազար քաղաքացու քվե զրոյացրին, որպեսզի Փաշինյանը մի քանի մանդատ ավել ունենա: Ի՞նչ եք կարծում` այն իրականությունը, որում ապրում ենք, որեւէ աղերս ունի՞ ժողովրդավարության եւ բարձր արժեքների հետ:
- Անշուշտ, այս ամենը չի կարող ժողովրդավարության հետ կապ ունենալ, բայց «ժողովրդավար» Եվրոպան աչք փակեց ամեն ինչի վրա եւ ասաց` ամեն ինչ օքեյ է: Նրանց պետք է, որ Հայաստանն անտերության մատնվի, մենք եվրոպացիներին չենք հետաքրքրում: Բոլորս ականատես ենք լինում, թե ինչ է կատարվում հայ գյուղացու հետ: Եթե Ռուսաստանը փակեց իր շուկան մեր առաջ, մենք դեռ այս ամենի պտուղները նոր ենք տեսնելու:
- Ստեղծագործող մարդու համար նման իրավիճակում դժվար չէ՞ աշխատելը: Կարողանո՞ւմ եք այս պայմաններում կենտրոնանալ թատրոնի եւ կինոյի վրա:
- Ամեն դեպքում, մենք տեսնում ենք, որ մեծամասնության վրա չի ազդում այս ամենը: Խոսքը մշակութային գործիչների մասին է: Եթե լռում ես, ուրեմն ոչինչ էլ քեզ վրա չի ազդում․ ես այդպես եմ կարծում: Ձեւը գտել են` լռել, ու վերջ, թեպետ ես ոչ մեկին չեմ մեղադրում: Մարդիկ հոգեպես ու ֆիզիկապես չեն դիմանում այս իրականությանը: Ինչ վերաբերում է ինձ, ապա բարդ է այս պայմաններում աշխատելը, սակայն նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել, որքան որ հնարավոր է: