Փաշինյանի ուժայինները երեկ ինչքան էլ փորձեցին չալպտուրիկ դիմակներով ու համազգեստներով սարսափ տարածել, միևնույն է՝ ամբողջը ներկայացում էր հիշեցնում։ Հատկապես՝ առյուծների ու վագրերի տեսարանը։ Միայն պոպկորնն էր պակասում, որ հանդիսատեսն ամբողջությամբ կինոյի մեջ ընկներ։
Ակամայից «Քաջ Նազարը» հիշեցի։ Էն մասը, որտեղ Նազարը ծառից ընկնում է վագրի վրա։ Բայց Քաջ Նազարը վագրին լրիվ ուրիշ ձև է «թամբում»։ Փորձենք հասկանալ տարբերությունը.
«Նազարը գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա- հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում»։
Հիմա որ ասեմ՝ չալպտուրիկ ոստիկանները կվիրավորվեն, բայց մի Նազարի չափ էլ չեղան, որ վագրի վրա ընկնեին ու քշեին։ Ժողովուրդն էլ կտեսներ, թե ինչպես է ոստիկանությունը վագրի վրա նստած շրջում, ու կբացականչեր.
-Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք... Ոստիկանը վագրին ձի է շինել, հեծել... տվե՛ք, հա տվե՛ք...
Ու հեքիաթի նման երգ էլ կկապեին.
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ ոստիկան։
Բայց ոչ։ Փաշինյանի ոստիկանությունն ընտրեց ավելի պրակտիկ մեթոդ։ Առյուծներին ու վագրերին նախ քնեցրին։ Հետո ամեն կենդանու շուրջ մի ամբողջ «հանձնաժողով» հավաքվեց. մեկը թաթն էր բռնել, մյուսը՝ պոչը, երրորդը՝ նկարվում էր, չորրորդը՝ հրահանգ տալիս։ Մի պահ էլ թվաց՝ առյուծին չեն տեղափոխում, խմբակային լուսանկար են անում։ Վերջում էլ քսան հոգով զգուշորեն մեքենա նստեցրին։ Էնքան մարդ էր հավաքվել, որ եթե առյուծն արթնանար, ինքն էլ չէր հասկանա՝ իրեն բերման են ենթարկում, թե պատվո պահակախումբ են նշանակել։
Հիմա երևի զեկույցներում կգրվի. «Հատուկ օպերացիան հաջողությամբ ավարտվեց. առյուծներն ու վագրը տեղափոխվեցին»։ Միայն պակասում էր ավելացնեին. «Կորուստներ չկան, բացի ոստիկաններից»։
Էդ պահին մոտ հարյուր տարեկան մի տատիկի խոսքն էր ամբողջ ներկայացման ամենադիպուկ գնահատականը.
-Քնած վիճակում ես էլ կտանեի, ի՞նչ եք էդքան լոպազացել...
Տատիկի այդ մի նախադասությունն ավելի համոզիչ էր, քան ամբողջ օպերատիվ հաղորդագրությունը։
Կարծում եմ՝ ներկայացման ամենահետաքրքիր գործողությունը դեռ առջևում է։ Մնում է՝ Նիկոլ Փաշինյանը վերադառնա Ռուսաստանից, ու գուցե վերջապես տեսնենք «Քաջ Նազարի» ժամանակակից բեմադրության եզրափակիչ տեսարանը։ Երբ Նազարը հեծնում է վագրին։