Հասարակություն

Արմենի համար, երբ ինքն արդեն հեռու է

Արմենի համար, երբ ինքն արդեն հեռու է

Երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, բոլորը ծիծաղում են, մենք` լաց ենք լինում: Երբ թողնում ենք այս աշխարհը, բոլորը լաց են լինում, մենք` ծիծաղում ենք:

Եթե հակառակը չգիտենք, պիտի հավատանք այս իմաստությանը, մանավանդ որ առանց այն մեկի, ով թողել է այս աշխարհը, հնարավոր չէ պատկերացնել ոչ քեզ, ոչ այն միջավայրը, ուր այդ մեկը գրեթե անփոխարինելի էր:

Մեզնից պակասեց Արմենը, Գյումրին մի գույնով էլ աղքատացավ: Արմեն Իսահակյան անունը հոմանիշն է «Գյումրի» բժշկական կենտրոնի: Եթե մենք գնում էինք «Գյումրի» Կենտրոն, նույնն էր, թե գնում էինք Արմենի մոտ:

Մարդ, ում լեզվամտածողության մեջ «չէ» հասկացությունը բացակայում էր: Ցանկացած խնդիր լուծում էր այնքան թեթև, այնքան սովորական, առանց ծանրացնելու, առանց բարդացնելու: Ով ով, բայց գյումրեցիները գիտեն, թե այդ բազմահազարանոց դիմում-խնդրանքների լուծման համար ինչ էներգիա ու ջանք էր պահանջվում իրենից, որը երբեք ի ցույց չէր դնում:

Լավ ու վատ, տաք ու սառը, ծանր ու թեթև, բարձր ու ցածր, ընդունելի ու անընդունելի, արդար ու անարդար՝ այս ամբողջ խճանկարը կլանեց նրա կենսական էներգիան: Երբևէ չտրտնջաց, երբեք չբողոքեց, երբեք չընդդիմացավ, երբեք չպահանջեց:
Ճիշտ է, նա առավել վարչարար էր, հմուտ կառավարիչ, քան բժիշկ, բայց իր կենսակերպը կոչումով բժշկի կենսակերպ էր՝ անել հնարավորն ու անհնարը ՄԱՐԴՈՒ համար: Անխտիր՝ բոլորի համար:

Պարույր Սևակի պարզ ու հանճարեղ միտքը, թե ծառը կտրելուց է երևում նրա բուն հաստությունը, հաստատապես վերաբերում է Արմենի ապրած կյանքին՝ արտաքնապես հեշտ ու հանգիստ, իրականում՝ բարդ ու դժվար:

Հասմիկ Մելքոնյան
Գյումրի

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image