Լոռվա մարզի Գյուլագարակի համայնքապետարանի 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում էր Կուրթան համայնքում կշեռք շահագործել, որպեսզի գյուղացիներն իրենց բերքը կշռեն: Կուրթանցիները մեզ պատմեցին, որ նման ծրագրի համար միայն ուրախ էին, քանի որ այն կօգներ գյուղացուն մեքենայով բերքը կշռել, ու տեղափոխել: Սակայն նրանց ուրախությունը կարճ է տեւել, քանի որ 4 տարի է անցել, գումարը վատնվել է, իսկ կշեռք էլ՝ դեռ չի շահագործվում: Գյուղացիները մեզ պատմեցին, որ համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը, փոքր գումարով մի անսարք կշեռք է գնել, փորձել է որոշ դետալներ գնել, որ կշեռքը նորոգեն ու աշխատացնեն, սակայն մինչեւ օրս չի հաջողվել կշեռքը շահագործել: Գյուղացիներին հետաքրքրում է, թե որքան գումար էր նախատեսվել այդ ծրագրի համար, որքան գումարով է Վարդանյանն այդ անսարք կշեռքը ձեռք բերել, որը 4 տարի է չի շահագործվում եւ ով է մսխել մնացած գումարը:
Կուրթան բնակավայրի վարչական ղեկավար Աբգար Մագթաղյանին հարցրինք՝ որքա՞ն գումար է հատկացվել կշեռքի կառուցման համար, եւ ինչո՞ւ մինչ օրս չի շահագործվում. «Բերեք այդ հարցը ինձ մի տվեք, ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, հարցրեք համայնքապետարանից: Փորձել են շահագործել, բայց չեմ կարող պատճառը ասել, թե ինչու չի շահագործվել: Գյուղում այդ կշեռքը մի քանի ձեւի կարող են օգտագործել` գյուղացին դաշտից մեքենայով իր բերքը կարող էր կշռել, լավ բանա, բայց թե ինչու չի շահագործվում` չգիտեմ»: Քանի որ Խաչիկ Վարդանյանը սովորություն չունի հեռախոսազանգերին պատասխանելու, ուստի կապ հաստատեցինք համայնքապետի խորհրդական Լուսինե Թորոսյանի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց. «Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, կապվեք համայնքի ղեկավար հետ»:
Պարզվում է, ՔՊ-ական համայնքի ղեկավար Խաչիկ Վարդանյանը ընտրությունների վատ արդյունքներից եւ համայնքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո ընդհատակ է անցել: