Հարցազրույց

«Հրապարակ». Ես դա անվանում եմ նոր Սարդարապատ

«Հրապարակ». Ես դա անվանում եմ նոր Սարդարապատ

1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի իրավական վիճարկման նախաձեռնությամբ հանդես եկած «Վիլսոնյան Հայաստան» ՀԿ-ի նախագահ, հանքարդյունաբերության փորձագետ Գեորգի Անտոնով-Միրզախանյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսում է ՄԱԿ-ից ստացված պատասխանի, Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման եւ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։

Գեորգի Անտոնով-Միրզախանյանի նախաձեռնությունը վերաբերում էր 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի իրավական վիճարկմանը։ Նա դիմել է ՌԴ դատական ատյաններին, ստացել նույնաբովանդակ պատասխաններ՝ իրենք իրավասու չեն վերանայելու միջազգային պայմանագրերը։ Ապա հարցը տեղափոխել է միջազգային իրավական հարթակ, դիմել է ՄԱԿ՝ բարձրացնելով այդ պայմանագրերի իրավական հիմքերը եւ դրանց հետեւանքների վերանայում պահանջելով։

- Մեր նախորդ զրույցից հետո ի՞նչ զարգացումներ են եղել։

- ՄԱԿ-ի Ժնեւի գրասենյակի մարդու իրավունքների կոմիտեի (ՄԱԿ-ի դատարան) գլխավոր հանձնակատարից պաշտոնական պատասխան ենք ստացել։ Մեզ հայտնել են՝ այն հանգամանքը, որ մենք նախապես անցել ենք ՌԴ պետական եւ դատական ատյաններով, ՄԱԿ-ին հնարավորություն է տվել ընդունել եւ քննարկել մեր դիմումը։ Սա, կարծում եմ, շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ միջազգային իրավական պրակտիկայում նախ պետք է սպառվեն ներպետական իրավական հնարավորությունները, նոր միայն հարցը տեղափոխվի միջազգային հարթակ։ ՄԱԿ-ից նշել են, որ իրենց ընթացակարգերին, միջազգային կոնվենցիաներին եւ գործող իրավական նորմերին համապատասխան իրականացված նախնական ուսումնասիրություններից եկել են այն եզրակացության, որ վերջնական գնահատական եւ եզրակացություն տալու համար անհրաժեշտ են լրացուցիչ փաստեր ու ապացույցներ։ Այժմ այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Մեր իրավաբանների, պատմաբանների եւ տարբեր ոլորտների մասնագետների հատուկ խումբը լրացուցիչ ուսումնասիրություններ է կատարում, հավաքագրում է նոր փաստաթղթեր, աշխատում է վերացնել բացերը: Դրանից հետո կրկին դիմելու ենք ՄԱԿ։ Այս անգամ մեր հայցադիմումն ավելի հիմնավորված եւ որակյալ կլինի։ Աշխատանքներն ավելի կազմակերպված են` բացել ենք «Վիլսոնյան Հայաստանի» գրասենյակը, ստեղծել ենք պայմաններ՝ նման աշխատանքի համար։ Այն համալրված է մասնագիտական գրականությամբ, արխիվային եւ բացատրական նյութերով, քարտեզներով, փաստաթղթերով:

- Վերջին օրերին քննարկվում է Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի կողմից ճանաչման հարցը։ Կառավարությունն արդեն ընդունել է փաստը, առաջիկայում հարցը կքննարկվի բարձրագույն օրենսդիր մարմնում՝ Կնեսետում։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:

- Անկեղծ ասած՝ ես այդ հարցում մեծ ակնկալիքներ չունեմ։ Հայերիս համար, թե ինչ որոշում կկայացնի Կնեսետը, պարզ ասած՝ «ոչ տաք է, ոչ սառը»։ Չեմ կարծում, թե պետք է այդ հարցին առանձնահատուկ նշանակություն տալ։ Պատմության մեջ չեմ հիշում դեպք, երբ հրեական կողմը փորձած լինի իրական աջակցություն ցուցաբերել հայ ժողովրդին։ Մեզ միշտ դիտարկել են սեփական շահերի համատեքստում։ Հետեւաբար, եթե անգամ Կնեսետում որեւէ որոշում ընդունվի, ես դրանից մեծ սպասելիքներ չունեմ։

- Երկար տարիներ ՌԴ-ում աշխատել եք հանքարդյունաբերության ոլորտում։ Այդ փորձը համադրելով ՀՀ իրողությունների հետ, ի՞նչն եք համարում մեր ամենամեծ խնդիրը։

- Հայաստանի զարգացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկն այն է, որ անկախությունից հետո մենք չկարողացանք արդյունավետ օգտագործել մեր հանքարդյունաբերական ներուժը։ Խոսքը միայն հանքերի մասին չէ, այլ ամբողջ արդյունաբերական համակարգի։ ԽՍՀՄ տարիներին, որքան էլ այսօր տարբեր գնահատականներ հնչեն այդ ժամանակաշրջանի վերաբերյալ, փաստ է, որ մեր փոքր հանրապետությունը լուրջ դերակատարում ուներ մետալուրգիայի, հանքարդյունաբերության, քիմիական արդյունաբերության եւ այլ ճյուղերում։ Այդ ներուժը զգալի եկամուտ էր ապահովում միութենական տնտեսության համար։ Այսօր էլ համոզված եմ՝ ունենք բոլոր հնարավորությունները՝ կարճ ժամանակում վերականգնելու այդ ներուժի զգալի մասը։ Ունենք հանքահումքային հարուստ պաշարներ, մասնագետներ, գիտելիք, փորձ։ Մարդկային ռեսուրսն էլ դեռ չի սպառվել։ Բայց դրա համար պետք է փոխվի մեր վերաբերմունքը երկրի բնական հարստությունների նկատմամբ։ ՀՀ ընդերքը եւ հանքահումքային ռեսուրսները պետք է ծառայեն ժողովրդին, ոչ թե առանձին խմբերի կամ ընկերությունների շահերին։ Ես համոզված եմ, որ անկախության առաջին տարիներին այդ գաղափարը շատ ավելի հստակ էր արտահայտված օրենսդրության մեջ։ 1995 թ. Սահմանադրությամբ ամրագրված էր, որ Հայաստանի հանքահումքային ռեսուրսները ժողովրդի սեփականությունն են։ Հետագայում՝ 2005թ. եւ 2015թ., այդ դրույթը 2 անգամ փոփոխվեց։ Նախ ձեւակերպվեց, որ ընդերքի հարստությունը պատկանում է պետությանը, ոչ թե ժողովրդին, իսկ ավելի ուշ սահմանվեց, որ այդ հարստությունը գտնվում է կառավարության տնօրինության ներքո։ Դրան հաջորդեցին օրենքներ, որոնցով ընդերքի տնօրինման իրավունքը փաստացի փոխանցվեց պետական մարմիններին եւ պաշտոնյաներին։ Ես համարում եմ, որ հենց այդ փոփոխություններից հետո ստեղծվեց այն միջավայրը, որի արդյունքում Հայաստանի ամենաթանկ հանքավայրերը եւ մետալուրգիական կոմբինատները տրվեցին երկարաժամկետ շահագործման։ Արդյունքում ո՛չ ժողովուրդը, ո՛չ պետությունը երկար տարիներ չստացան այն բաժինը, որը պետք է ստանային երկրի բնական հարստություններից։ Հաճախ ասում են՝ հանքերը մեծ գումարներ են բերում պետությանը։ Ես այդ գնահատականին լիովին համաձայն չեմ։ Եթե նայենք միջազգային փորձին, կտեսնենք այլ պատկեր։ Զարգացած երկրներում hանքարդյունաբերությունից ստացվող եկամուտների մեծ մասը մնում է տվյալ երկրի պետական բյուջեում։ Շատ երկրներում այդ մասնաբաժինը կազմում է առնվազն 51-75 տոկոս։ Մեզ մոտ պատկերն այլ է։ Առաջին անգամ 2021 թ. հնարավոր եղավ լրջորեն բարձրացնել այդ հարցը։ Զրույց ունեցանք էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ։ Մեր քննարկումն արդյունավետ ստացվեց։ Հարցը բարձրացվեց վարչապետի մոտ, արդյունքում հնարավոր եղավ հանքարդյունաբերության ոլորտը բերել հարկային դաշտ։ Սակայն, իմ տեղեկություններով, այսօր պետության ստացած մասնաբաժինը փոքր է։ Բաց աղբյուրներից իմանում ենք, որ այն տարբեր հաշվարկներով կազմում է ընդամենը 7 տոկոս։ Երբեմն նշվում է նաեւ 22,5 տոկոսի մասին, բայց, իմ կարծիքով, այդ տարբերության մեջ ներառված են նաեւ բնապահպանական, հողերի ռեկուլտիվացիայի, տարբեր հիմնադրամների եւ այլ վճարներ։ Եթե խոսենք հենց պետական բյուջեի անմիջական եկամուտների մասին, ապա տարբերությունը միջազգային փորձի համեմատ ահռելի է։ Կառավարությունը 2025թ. փորձեց փոխել իրավիճակը՝ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի օրինակով բարձրացնել հարկային բեռը եւ ավելացնել բյուջեի մուտքերը։ Սակայն հանդիպեց դիմադրության։ Ոլորտի ազդեցիկ շրջանակները կարողացան կանգնեցնել այդ գործընթացը։ Ի վերջո, ձեռք բերվեց ինչ-որ փոխզիջում, սակայն համակարգային փոփոխություն այդպես էլ տեղի չունեցավ։

- Ի՞նչ ելք եք տեսնում։

- Ելքը մեկն է. 1918 թ. Սարդարապատում ժողովուրդը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու իր ապրելու եւ հարատեւելու իրավունքը։ Այսօր, իմ համոզմամբ, մենք կանգնած ենք ոչ պակաս կարեւոր խնդրի առաջ։ Այս անգամ պայքարը զենքով չէ, այլ՝ օրենքով, պետական մտածողությամբ եւ ազգային շահը պաշտպանելու կամքով։ Ես դա անվանում եմ նոր Սարդարապատ։ Պետք է համախմբվել եւ վերականգնել ժողովրդի օրինական իրավունքները սեփական բնական հարստությունների նկատմամբ։ Եթե ուզում ենք ունենալ ուժեղ պետություն, զարգացած տնտեսություն եւ սոցիալական արդարություն, պետք է կարողանանք այնպես կազմակերպել մեր հանքարդյունաբերությունը, որ դրա հիմնական շահառուն լինեն ՀՀ-ն ու նրա քաղաքացին: Վստահ եմ, մենք կվերադառնանք այն սկզբունքին, ըստ որի՝ երկրի բնական հարստությունները նախեւառաջ պետք է ծառայեն այդ երկրի ժողովրդին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image