Ռուս քաղաքագետ, Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ուսումնասիրման ազգային կենտրոնի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը «Ալֆանյուզի» հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների՝ Եկատերինբուրգում կայացած հանդիպմանը։ «Միխայիլ Միշուստինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից կարելի է մեկ եզրահանգում անել․ գլխավորը, որ ցանկացել է Հայաստանի վարչապետին հայտնել վարչապետ Միշուստինը, այն է, որ ռուսական ղեկավարության մոտ մեծ անհանգստություն է առաջացրել Հայաստանում ռուսական բիզնեսի հանդեպ վերաբերմունքը։ Խոսքն «էլցանցերի» մասին է եւ երկաթուղիների, ինչպես նաեւ՝ ատոմային էներգետիկայի։ Շատ նախագծեր, որոնք գոյություն են ունեցել երկար տարիներ, հիմա կա՛մ կասկածելի վիճակում են, կա՛մ, առհասարակ, այնպիսի վիճակում, երբ ակտիվները, ինչպես «էլցանցերի» պարագայում է, սեփականատիրոջից փաստացի բռնագրավված վիճակում են գտնվում, ինչպես Սամվել Կարապետյանի դեպքում է։ Այդպիսով, ռուսական կողմն իր մտահոգությունն է հայտնել»,- ասել է Կռիլովը։
Ըստ փորձագետի, ներկայում մնում է սպասել, թե որքանով է Փաշինյանն ականջալուր լինելու Միշուստինի մտահոգություններին։ «Իր հերթին Փաշինյանն էլ հայտարարել է, որ կան տնտեսական հարաբերությունների մասով խնդիրներ, եւ հույս է հայտնել, որ դրանք կարգավորվելու են ԵԱՏՄ շրջանակներում։ Ու այս դեպքում էլ պետք է սպասել ու տեսնել, թե ինչքանով է Միշուստինը պատրաստ՝ ընդառաջ գնալու Փաշինյանին։ Սակայն փաստը, որ նախօրեին ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը, խոսում է այն մասին, որ Հայաստանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, շարունակելու է կոշտ քաղաքականությունն ու ճնշելու է իր համար պոտենցիալ վտանգ ներկայացնող ցանկացած քաղաքական ուժի, ներառյալ՝ նաեւ ռուսական բիզնեսի ներկայացուցիչներին։ Դրա համար էլ, դժվար թե փոխվի ռուսական գործարարների հանդեպ հայկական իշխանությունների վերաբերմունքը, որոնք դիտարկվում են որպես զգալի քաղաքական գործոն Հայաստանի ներքաղաքական կյանքում»,- ամփոփել է Կռիլովը։