«Հրապարակի» զրուցակիցն իրավապաշտպան, վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանն է։
- ԱԱԾ աշխատակիցների կողմից Գագիկ Ծառուկյանին գետնին տապալելու կադրերը, երբ դրա անհրաժեշտությունը չկար, եւ այն, որ այդ կադրերը հրապարակայնացնում է Քննչական կոմիտեի ղեկավարը, ի՞նչ է` դա ժողովրդավարության բաստիոնի, ժողովրդավարության առաջամարտիկ ինքնահռչակված Փաշինյանի իմիջի մեջ տեղավորվո՞ւմ է։
- Ինձ թվում է, որ այդ թեման արդեն փակվել է` որպես ժողովրդավարության բաստիոն․․․
- Բայց եվրոպացի գործընկերները շարունակում են Փաշինյանին մեծարել «ժողովրդավարություն» բառով համեմված արտահայտություններով։
- Եվրամիությունը շատ բան է ասում, մեր բոլոր քաղբանտարկյալները Եվրամիության քաղբանտարկյալներն են։ Եթե Սովետական Միության ժամանակ կային դիսիդենտներ, հայերի մեջ էլ կային դիսիդենտներ՝ շատ հայտնի գրողներ եւ այլն, նրանք այն ժամանակվա ճնշիչ ամբողջատիրական մեքենայի բանտարկյալներն էին, հիմա թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Աշոտ Մինասյանը, թե՛ Ավետիք Չալաբյանը, թե՛ Անդրանիկ Թեւանյանը, թե՛ Կարապետ Պողոսյանը, թե՛ Աշոտյանը, թող ներեն ինձ բոլորը, ում անունը չնշեցի, բոլորն այդ եվրոպական ժողովրդավարության քողի տակ բռնապետական քաղբանտարկյալներ են։ Սովետական Միությունն էլ են, չէ՞, իրենք շատ ժողովրդավար երկիր համարել, բայց ամբողջատիրություն էր, իհարկե։ Նույնն այս պարագայում է, եւ այն, որ Հայաստանում Եվրամիության գրասենյակի ներկայացուցիչը մենակ կոնկրետ քաղբանտարկյալների դեպքում է արտահայտվում, դա եւս ապացույց է, որ իրենց համար կան յուրայիններ, որոնք ունեն մարդու իրավունքներ, եւ կան չյուրայիններ, որոնց իրավունքները եւ նրանց հետ կապված օրենքի գերակայությունը չեն գործում։ Դրա համար՝ խոսել այն կոնտեքստում, թե ինչի համար է Եվրամիությունը պաշտպանում Փաշինյանին եւ այլն, արդեն պարզ է, երբ դատարաններն էին սրանք գրավում, Եվրամիության եւ եվրոպական ընտանիքից ասում էին, որ Հայաստանը հետսովետական երկրների ժողովրդավարության դրախտն է։ Դրա համար դա չպետք է դիտարկենք եվրոպական արժեքային կամ ժողովրդավարության, մարդու իրավունքների արժեքային կոնտեքստում, այլ զուտ հիմիկվա ֆաշիզմի վերածված Եվրոպայի կոնտեքստում, որը հանուն իր քմահաճույքների, Ռուսաստանի, Իրանի դեմ պայքարի, Չինաստանի դեմ պայքարի, զոհում է պետություններին։ Տեսաք, չէ՞, Մարթա Կոսի ջեմը, ջեմի դիմաց ծախում են մեր ժողովրդավարությունը, ասում են` մարդու իրավունքները մեզ պետք չեն, մեզ ջեմն է պետք։
- Ծառուկյանից, ըստ Ձեզ, ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Փաշինյանը, հրապարակային նվաստացնում նրան, գործեր «կարում» նրա վրա։
- Դե պարզ է` Ծառուկյանը չի գնացել պայմանավորվածության Փաշինյանի հետ, երբ որ սկսել են այդ խեղկատակությունն անել՝ այդ 0.04 տոկոսի հետ կապված, ընտրատեղամասերի արդյունքները չեղարկելու։ Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանբեր ուղարկած լինի ինչ-որ մեկի տեսքով, որը պետք է պայմանավորվածություն ստեղծեր Գագիկ Ծառուկյանի հետ` եթե մանդատները տան, ապա իրենք պետք է աջակցեն սահմանադրական այս հանրաքվեին եւ այլն, եւ այլն։ Հիմա, եթե Ծառուկյանը չի գնացել պայմանավորվածության ընտրակեղծարար- ձայնագրող դավաճանների հետ, լավ է արել եւ դրա համար այս օրին է։ Բայց հետաքրքիրը գիտե՞ք, թե որն է․ հիմա, հայերի իրավունքների այս պայքարի մեջ, փաստորեն, 3 խոշոր գործարար, մեծահարուստներ դարձել են ձախ` այն իմաստով, որ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանն իրենք են այն առաջամարտիկները, որպեսզի հայերի իրավունքները պաշտպանվեն, որպեսզի արցախցիների իրավունքները պաշտպանվեն, վերադարձի իրավունքը պաշտպանվի, պատմամշակութային ժառանգության իրավունքը պաշտպանվի, որպեսզի Եկեղեցու ավերմանը դեմ կանգնեն։ Տեսաք այդ prank-ը, որ արել էին ԵԱՀԿ-ի թուրք նախագահի հետ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կառույցը, փաստորեն, աջակցում է հայկական եկեղեցու քանդմանը։ Հիմա, փաստորեն, վերադարձել է ֆաշիզմին, մենք՝ հայերս էլ, գործարարների, մեծահարուստների հետ միասին աշխարհի կարգուկանոնի համար ենք պայքարում։ Գագիկ Ծառուկյանի հենց այդ վիդեոները, որ իրեն տապալում են, բնականաբար, իր շրջապատի, մարզիկների ու այլոց համար է, որովհետեւ Գագիկ Ծառուկյանը հեղինակություն է իրենց մոտ։ Ոնց որ երեխայի առաջ փորձեն հորը նվաստացնել, որպեսզի այն ուժը, որ տեսնում են, այլեւս չտեսնեն։
- Այսինքն, նաեւ հոգեբանական ներազդման համար էին տեսանյութերը հրապարակայնացրել։
- Հեղինակությունը գցելու համար` դա թուրքական քաղաքական մշակույթն է։ Հիշո՞ւմ եք՝ Մանվել Գրիգորյանին էլ այդպես արեցին, բանտից լուսանկար հրապարակեցին: Մանվել Գրիգորյանի թեւի տակ գտնվող մարդիկ իրենց շատ ապահով էին զգում իր հովանոցի տակ, բայց երբ որ այդպես արեցին, ասեցին՝ արա, մենք էլ մեր կռիշը չունենք։ Հիմա նույնը այստեղ են այդ հոգեբանական, իշխանատենչական գործիքը կիրառում։ Եվ ես խորհուրդ կտայի, որ դա ոչ ոքի վրա չազդի։ Հիմա ի՞նչ է եղել, 70 տարեկան մարդ է՝ նման բան էլ կարող է անեն, մեր քաղաքական մշակույթում հեղինակություններն այլեւս այդպես չեն ձեւավորվում, այլ ձեւավորվում են, թե ինչքանով է մարդը պատրաստ դավաճանի հետ պայմանավորվածության գնալ կամ չգնալ։ Իսկ այն, որ նա չի գնացել դավաճանի հետ պայմանավորվածության, արդեն նշանակում է, որ նրան կզըցնել չի լինի։