Վերլուծություն

Քաղաքական հաշվեհարդարի զոհ առյուծը եւ քաղբանտարկյալ կենդանիները

Քաղաքական հաշվեհարդարի զոհ առյուծը եւ քաղբանտարկյալ կենդանիները

Փաշինյանական ռեժիմը համաշխարհային ռեկորդ սահմանեց, ընդ որում, միանգամից՝ երկու: Հայաստանում կա քաղաքական հաշվեհարդարի զոհ առյուծ, եւ կան քաղաքական բանտարկյալ առյուծներ ու, հավանաբար, այլ կենդանիներ եւս: Նման բան համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ չի եղել, որոնեք համացանցում եւ ոչ մի նման հիշատակում չեք գտնի, որ կենդանին քաղաքական պատվերով սպանվի կամ քաղաքական պատվերի արդյունքում հայտնվի կալանավայրում:

Ինչո՞ւ են սպանված առյուծը կամ գազանանոցում հայտնված առյուծները եւ այլ կենդանիներ քաղաքական հաշվեհարդարի զոհ, կարծում եմ՝ բացատրելու կարիք չկա: Հայաստանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեն կենդանիների հավաքածուներ, բայց հաշվեհարդարի զոհ դարձան միայն Գագիկ Ծառուկյանի կենդանիները, բացառապես այն պատճառով, որ նա ընդդիմադիր է, պայքարում է Հայաստանը Փաշինյանից եւ նրա ստեղծած հակամարդկային ռեժիմից ազատագրելու համար: Առյուծի սպանությունը բացատրեցին իբրեւ թե նրա ունեցած ուղեկցող հիվանդություններով, դա նույնն է, որ ինչ-որ մարդու սպանեն, հետո ասեն, թե պարզվեց, որ այդ մարդը շաքարային դիաբետ ուներ եւ ճնշում, այսպես թե այնպես՝ մի օր մեռնելու էր:

Այդ կենդանիները վայրի չեն, պարզ է, չէ՞, որ Ծառուկյանը ո՛չ առյուծներին, ո՛չ կոկորդիլոսներին, ո՛չ էլ այլ կենդանիների վայրի բնությունից չի որսացել: Փաշինյանն էլ նրանց առգրավելով նրանց չի ազատել` վայրի բնություն բաց չի թողել, այլ կալանավորել է՝ ուղարկելով գազանանոց: Գազանանոցի պայմանները, համեմատած այն պայմաններին, որում այդ կենդանիներն ապրում էին Ծառուկյանին պատկանող տարածքում, կարելի է համարել պատիժ, պատժախուց, որովհետեւ թե՛ կերակրման, թե՛ ունեցած ազատ տարածքի առումով դրանք անհամեմատելի են:

Ինչո՞ւ այլ մարդկանց կողմից պահվող վայրի կենդանիներին չեն կալանավորում, որովհետեւ չեն իմանալու, թե ինչ անեն տասնյակ առյուծների, վագրերի կամ արջերի հետ: Դրանց, իհարկե, կարելի է քնեցնել` սատկացնել, այնպես, ինչպես վարվեցին Ծառուկյանին պատկանող առյուծի հետ, բայց դրա կարիքը դեռ չկա, քանի դեռ այդ կենդանիների սեփականատերերն իշխանությունների հանդեպ լոյալ են, քանի դեռ այդ կենդանիները թեկուզ տեսականորեն չեն սպառնում Փաշինյանի անվտանգությանը: Այս կենդանիները քաղաքական կալանավորներ են՝ թեկուզ այն պատճառով, որ նրանք կվերադառնան իրենց բնակության նախկին վայրը միայն մի դեպքում, երբ Հայաստանում տեղի կունենա իշխանափոխություն, Հայաստանը կունենա օրինական իշխանություն, որը կենդանիներին չի պատժի իրենց տերերի քաղաքական հայացքների համար: Քաղբանտարկյալ կենդանիների առկայությունը Հայաստանի ամոթն ու խայտառակությունն է, որովհետեւ աշխարհի բոլոր երկրներում տարբեր ժամանակներում եղել են քաղաքական պատճառներով հետապնդվող, սպանվող եւ կալանավորվող մարդիկ, բայց որ քաղաքական հետապնդման զոհ դառնան կենդանիները՝ չի եղել: Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող մարդիկ գիտեն, թե ինչի համար են ենթարկվում նման ճնշումների, կենդանին չգիտի, թե ինչու են իրեն պատժում` գազանանոց ուղարկելով, նա չգիտի Փաշինյանի եւ նրա ռեժիմի գոյության մասին, բայց տառապում է այդ ռեժիմի հակամարդկային էությունից:

Ինչ վերաբերում է իշխանությունների գրպանային կազմակերպություններին եւ անհատներին, որոնք իբրեւ թե զբաղվում են կենդանիների, վայրի բնության պաշտպանությամբ, ապա իրենք եւ իրենց նմաններն ամենամեծ պաշտպանության կարիքն ունեն, թող իրենք իրենց պաշտպանեն, նոր մտածեն կենդանիների մասին: Բացատրենք, թե ինչու:

Աշխարհի բազմաթիվ երկրների կրկեսներում կենդանիների օգտագործումը` վարժեցված կենդանիներով համարների ցուցադրումն արգելված է, այդ թվում՝ եւ Հայաստանում: Համարվում է, որ կենդանուն վարժեցնելու ժամանակ նա ենթարկվում է ֆիզիկական եւ հոգեբանական բռնության, վարժեցնողի հրամանը կատարելու համար նրան կարող են հարվածել կամ սովի մատնել եւ կերակրել միայն հրամանը կատարելու դեպքում․ թռչում են օղակի միջով, եւ շաքար են դնում բերանը, դրանով քաղցրացնելով արժանապատվության կորստից առաջացող դառնությունը: Բայց բազմաթիվ կենդանիներ այդպես էլ չեն հնազանդվում՝ դառնալով հաշմանդամ: Կան կենդանիներ, օրինակ՝ գայլը, որ ընդհանրապես չի ենթարկվում վարժեցման:

Հիմա տեսեք, թե Փաշինյանը որքան վարժեցրած երկոտանի ոչխարներ, կապիկներ, սողուններ, շնագայլեր` շակալներ եւ այլ կենդանանմաններ ունի իր շրջապատում: Այդ երկոտանիները ծառայում են միայն նրա համար, որ Փաշինյանը նրանց վարժեցրել է՝ համոզելով, որ եթե իր հրամանով չթռչեն, չցատկոտեն, չվազեն, ապա սոված կմնան եւ կսատկեն, իսկ եթե հրամանները հնազանդորեն կատարեն, ինքը շաքար կդնի բերանները, փող կտա, եւ նրանք կապրեն ապահով ու երջանիկ: Ու հարյուրավորները կամ հազարավորները հնազանդորեն ծառայում են նրան, վայելում իրենց բերանը դրված քաղցր շաքարը: Փաշինյանն ուզում է այդպես վարժեցնել ու հնազանդեցնել նաեւ ամբողջ հասարակությանը` խելոք մնացեք, թե չէ կկալանավորվեք, կունեզրկվեք, սովի կմատնվեք, հացին կակա կասեք: Բարեբախտաբար, հասարակությունն ակտիվորեն դիմադրում է՝ ազատությունը եւ արժանապատվությունը գերադասելով ստրկությունից եւ երկոտանի անասունի գազանանոցային կյանքից:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image