Վերլուծություն

Երեւան՝ ուղեփակոցների քաղաք

Երեւան՝ ուղեփակոցների քաղաք

Հարցը, որի մասին կուզենայի խոսել այսօր, գնալով սրվում է: Լավ կլիներ՝ Նիկոլը արձակուրդում չլիներ ու մեզ հետ քննարկեր այն, բայց որ արձակուրդում է, ի՞նչ կարող ենք անել: Հարցը չի սպասում՝ գնալով սրվում է, դառնում է չարիք: Խոսքն ուղեփակոցների բիզնեսի մասին է: Չգիտեմ՝ ով է, ում ծանոթն է, բայց սկսել է այդ գործով զբաղվել՝ ուղեփակոցներ դնել բակերի մուտքին, ասել է թե՝ սահմանափակել մեր քաղաքացիների ազատ տեղաշարժը հանրային տարածքներում: Ծարավ աղբյուր թաղամասում, օրինակ, մի ամբողջ փողոց են փակել՝ երկու կողմից: Ով է թույլ տվել՝ չգիտեմ: Ինչ-որ ՔՊ-ական «շիշկաներ» են ապրում այդ կողմերում, ենթադրում եմ՝ Ավինյանի հետ էլ լավ են: Այլապես՝ չէին հանդգնի: Փաշինյանն իմանա՝ սրանց օդերով կհանի: Բայց նա էլ հակառակի պես արձակուրդ գնաց: Ո՞ւմ հետ քննարկեմ հարցը, Ավինյանի՞… Եվ հետո՝ հո միայն Ծարավ աղբյուրը չէ՞: Երեւանում համարյա բակ չի մնացել, որ իր ուղեփակոցը չունենա: Պարզ է, չէ՞, որ տղերքը կարգին բիզնես են դրել՝ Ավինյանին էլ «օրթախ» դարձրել:

Ի դեպ, կարգին փողեր են «ֆռռում» այստեղ: Ոչ մի տեղ օրինական գովազդ չես տեսնի: Տպավորություն է, որ «գողեգող» են գործում: Սկզբում «նստում են» մեկ-երկու բնակչի ականջին՝ էս ի՞նչ վիճակ է ձեր բակում, ախպեր, ոնց որ «պռախադնոյ դվոռ» լինի, վաղը, մյուս օրը այնքան ավտո է լցվելու բակ, որ ձեր մեքենաներին տեղ չլինի կանգնելու: Դավայ, հարեւաններով փող «քցվեք», «շլագբաում» դնենք, պրծեք էդ պրոբլեմից: Փողն էլ քիչ չէ, 20-25 հազար: Իսկ եթե «շլագբաումը» «ֆեյսկոնտրոլով» է կամ ավտոյի համարները ճանաչող, հնարավոր է՝ 30-35 հազար: Այս երկու «ահաբեկված» բնակիչներն էլ ընկնում են դռնեդուռ, իրենց հարեւանների խելքն ուտում, փողը հավաքում, տալիս «շլագբաում» դնողին՝ առանց նույնիսկ սրա ով լինելը հարցնելու:

Այնպես էլ չէ, որ բակի բոլոր բնակիչները միահամուռ համաձայնում են առաջարկին: Մարդ կա՝ ասում է․ ես ավտո չունեմ, ինչո՞ւ տամ: Մյուսը, թե՝ ես «գարաժ» ունեմ, ով չունի, թող նա մտածի: Երրորդը հակաճառում է՝ ես ուրիշ բանուգործ չունեմ, հա՞, պիտի ամեն գնացող-եկողի համար «շլագբաում» բացեմ: Այսուհանդերձ, քիչ չեն նաեւ շահագրգիռ բնակիչները, որոնք հազար ու մի պատճառ են բերում, թե ինչու պետք է «շլագբաում» ունենալ… Երեխաները խաղալու տեղ չունեն, ավտոներն են խազում, վնասում, խմած տաքսիստներ են մտնում բակ, գազ են տալիս՝ «զադնի-պերեդնի», էն օրն էլ Վաղոյի ավտոյի հայելիներն են տարել… Չէ, «շլագբաում պետք է, մի քանի հատ էլ տեսախցիկ է պետք դնել, որ իմանանք՝ քանի օտար ավտո մտավ բակ, դուրս եկավ»:
Անձամբ ես ավտո ունեմ, բայց դեմ եմ «շլագբաումի» գաղափարին: Մի քանի անգամ ականջիս «նստողներին» ասել եմ՝ ես սկզբունքորեն դեմ եմ մարդու ճանապարհ փակելուն, դա լավ տոն չէ: Նրանք, ում առաջ դուք ճանապարհ եք փակում, նույնպես ՀՀ քաղաքացի են: Ենթադրենք՝ մարդը աշխատանքային ժամին գործով եկել է, իսկ մեքենան կանգնեցնելու տեղ չկա, ի՞նչ անի… Բակն էլ այդ պահին ազատ է…

«Շլագբաումի» կողմնակից հարեւանս ինձ հակաճառում է;
- Բա կողքի «վիսոտնու» բնակիչների՞ն ինչպես արգելենք մեր շենքի տակ ավտո կանգնեցնել:
- Ծեծեք, ախպեր, մի թողեք… Իրենք էլ ձեզ չեն թողնում, չէ՞: Եկեք էս գիշեր դրանց ավտոների ակները ծակենք:
- Յա՜ա՜ա՜…
- Ի՞նչ: Բա որ «շլագբաում» դրեցիր, իրենք էլ «Կամազով» բրթեն-ջարդեն, լա՞վ կլինի: «Շլագբաումով» պրոբլեմը չի լուծվում: Դա ընդամենը բիզնես է, որ որոշ մարդկանց փող է բերում: Պրոբլեմն իշխանությունների տակ է: Կոնկրետ ում տակ՝ ես չգիտեմ:

Դեռ Տարոն Մարգարյանի ժամանակներից դիմումներ եմ գրել Երեւանի քաղաքապետարան, որ ինձ մի «գարաժի» տեղ տան: Հազար ու մի պատճառներ եմ բերել, որ դա անհրաժեշտություն է ինձ համար: Տարոն Մարգարյանից հետո 3 քաղաքապետ է փոխվել, երեքն էլ Տարոն Մարգարյանի պատասխանն են ուղարկել ինձ՝ առանց մի ստորակետի տարբերության: Գրել են, թե ծրագրված է ձեր բակում ստորգետնյա գարաժներ կառուցել եւ վերականգնել խաղահրապարակը: 8 տարի է՝ սպասում եմ…

Լսում եմ Երեւանի քաղաքապետին, ասում է՝ Երեւանի մուտքերին շլագբաում դնենք, որ «համբալները» չկարողանան իրենց «opel»-ներով մտնեն քաղաք: Թող մտնեն վճարովի կայանատեղի, ապա իրենց ճանապարհը շարունակեն հանրային տրանսպորտով: Լրիվ՝ խելքի մարմնացում: Իբր Երեւանի տրանսպորտային «խուճապն» է ուզում կարգավորել: Տեսել ենք ձեր ձեռնահասությունը… Երեւանի կենտրոնը բեռնաթափեցի՞ք: Աշխարհում օրական միլիոններով ավտոմեքենա է արտադրվում, որոնց մի մասն էլ անխուսափելիորեն գալիս է Երեւան: Որ Երեւանը պատրաստ չէ դրան, որ համապատասխան փողոցներ ու շրջանցիկ ճանապարհներ չունի, ավտոարտադրողնե՞րն են մեղավոր: Թե բա՝ խելացի լուսացույցներ դնենք: Դրեք, ո՞վ է ձեզ խանգարում: Բայց մի փորձեք խնդիրը կարգավորելու փոխարեն ավելի բարդացնել՝ ճանապարհ փակելով, «շլագբաումներ» դնելով, քաղաքն անտանելի դարձնելով:

Լուծում առաջարկե՞մ: Միլիոններով ինքնապարգեւատրումներ տալու փոխարեն քաղաքացիներից գնեք նրանց հնամաշ մեքենաները եւ որպես ջարդոն ուղարկեք, ենթադրենք՝ Չինաստան: Դուք չե՞ք կարող դա անել, ուրեմն թույլ տվեք չինական որեւէ կազմակերպություն զբաղվի այդ գործով: Նրանք տեղում կուտիլացնեն մեքենան եւ, «բրիկետների» վերածելով, կտանեն՝ ուր պետք է: Վերջապես օրենք ընդունեք՝ Երեւանը ավտոմեքենաների այս խայտառակ ներմուծումից պաշտպանելու համար: Թե չէ՝ բիզնես եք մտածել՝ «շլագբաում» դնենք:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image