«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանը կազմակերպության նախկին ղեկավար Նինա Կարապետյանցին օրերս ծանուցել է նրա անդամակցության դադարեցման մասին․ ««Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ-ի 2026 թ. հուլիսի 3-ին կայացած արտահերթ ժողովում քննարկվել է Ձեր՝ կազմակերպության անդամակցության հետ կապված հարցը: Արձանագրվել է, որ Դուք, պատշաճ կերպով ծանուցված լինելով, չեք մասնակցել կազմակերպության հերթական երեք ժողովներին, ինչպես նաեւ ներգրավված եք այնպիսի քաղաքական գործունեության մեջ, որը, ժողովի գնահատմամբ, հակասում է կազմակերպության նպատակներին, արժեքներին եւ գործունեության սկզբունքներին: Նշված հանգամանքները հաշվի առնելով՝ ժողովը որոշում է կայացրել դադարեցնել Ձեր անդամակցությունը կազմակերպությանը»:
Զարմանալիորեն, վերջին շրջանում ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր անձինք խնդիրներ են ունենում` նրանց հետ աշխատանքային պայմանագրերն են խզվում, նրանց հեռացնում են տարբեր մարմիններում անդամությունից, նրանց դեմ անհեթեթ քրեական վարույթներ են հարուցվում, նրանց ազգականներին են ազատում աշխատանքից եւ այլն: «Հրապարակը» զրուցել է Նինա Կարապետյանցի հետ, որը «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն էր եւ մասնակցում էր ԱԺ ընտրություններին:
- «Հելսինկյան ասոցիացիա» կազմակերպության ո՞ր արժեքներին է Ձեր գործունեությունը հակասել: Չե՞ք փորձել ճշտել, թե Ձեր գործողություններում ինչը դուր չի եկել «Հելսինկյան ասոցիացիա»-ին:
- Այդ որոշման մեջ թերեւս ամեն ինչ ասված է: Եթե նշում են, որ ես իրենց արժեքներին, սկզբունքներին դեմ եմ, սակայն կոնկրետ չեն ասում, թե խոսքն ինչի մասին է, ես վերլուծել եմ իմ գործունեության ողջ ընթացքը եւ չեմ հիշում գեթ մեկ դեպք, երբ ես անցած լինեմ թույլատրելի սահմանները, ներառյալ՝ այս վեց ամսում: Ես մշտապես ասել եմ, որ իրավապաշտպանությունը մասնագիտություն չէ, այն ապրելակերպ է ու տեսակ: Այն, որ իմ քաղաքական գործունեությունը հակասում է «Հելսինկյան ասոցիացիա»-ին, դա մեկ բան է նշանակում` ըստ նպատակահարմարության որոշել են ազատվել այն մարդուց, որն ունի ակնհայտ ընդդիմադիր դիրքորոշում եւ քննադատում է ռեժիմին:
- Այսինքն` Նիկոլ Փաշինյանին քննադատելը «Հելսինկյան ասոցիացիա»-ի արժեքներին դե՞մ է:
- Այդ հարցին պետք է իրենք պատասխանեն: Ես եմ եղել այդ կազմակերպության ղեկավարը գրեթե տասը տարի եւ ես ունեցել եմ թիմակիցներ, ովքեր ունեցել են իրարից շատ տարբեր քաղաքական հայացքներ, ավելին` եղել են մարդիկ, ովքեր ընտրություններին մասնակցել են, տարբեր ընտրական ցուցակներում են ընդգրկվել, սակայն ես հրաժարվել եմ նրանց աշխատանքից ազատել, անկախ բոլոր այն հորդորներից, որոնք հնչել են: Ես միշտ եմ այն կարծիքին եղել, որ իրավապաշտպան կառույցից չեն կարող հրաժարվել մարդիկ` զուտ քաղաքական հայացքների համար: Դա նոնսենս ու աբսուրդ է: Լինել իրավապաշտպան, ներկայացնել իրավապաշտպան ՀԿ եւ մարդու սահմանադրական իրավունքը ոտնահարել, դա, մեղմ ասած, աննորմալ երեւույթ է: Բայց պարզվում է` ոչ բոլորն են այդպես մտածում:
- Արժեքներից են խոսում այդ ՀԿ-ները, բայց բազմաթիվ հակասահմանադրական, մարդու իրավունքների դեմ գործողություններ են կատարվում իշխանությունների կողմից, սակայն ոչ մի ձայն չեն հանում իրենք: Ընտրախախտումներից մինչեւ մարդուն քաղաքական պատճառներով գետնին տապալել, այդ պրոցեսը նկարահանել եւ կալանքի տանել: Տպավորություն է, որ ոչինչ չեն տեսնում, չեն լսում:
- Ես հետեւում եմ երբեմն նրանց գրառումներին եւ մի բան եմ հասկանում` այս մարդիկ ոչ մի արժեքի կրող չեն: Խոսքը միայն մեկ-երկու կազմակերպության մասին չէ, խոսքը շատերի մասին է: Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ֆինանսավորվել են մարդու իրավունքները պաշտպանելու համար, սահմանադրականությունը, ժողովրդավարությունը, արդար դատական համակարգը պաշտպանելու համար, այսօր այնպիսի արտահայտություններ են անում, այնպիսի գրառումներ են կատարում, որ ուղղակի զարմանում ես: Նրանց համար հիմքը միայն այն է, որ ինչ-որ մեկին կա՛մ սիրում են, կա՛մ չեն սիրում, կիսում են ընդդիմության տեսակետները կամ չեն կիսում, բայց իրավապաշտպանը չի կարող նման կերպ մտածել ու գործել: Անգամ ամենաստոր, ամենավատ մարդն ունի իրավունքներ, եւ դրանք պետք է հարգել, եթե, իհարկե, դու քեզ համարում ես իրավապաշտպան: