Հարցազրույց

«Հրապարակ»․ Երեւանում շատ արժեքավոր հայկական հնավայրեր կան, ի՞նչ իմաստ ունի պարսկականը բացելը

«Հրապարակ»․ Երեւանում շատ արժեքավոր հայկական հնավայրեր կան, ի՞նչ իմաստ ունի պարսկականը բացելը

ԿԳՄՍ նախարարությունը որոշել է հերթական ապազգային քայլն անել եւ հարվածել հայկական ինքնությանը: Օրերս ԿԳՄՍՆ-ից հաղորդագրություն տարածեցին, թե Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների հետ կապված նոր նախագիծ են գործարկում, եւ «ճարտարապետական նախագծի հայեցակարգային առաջարկների հավաքագրման» մրցույթ է հայտարարվել՝ «բաց հրավեր»՝ ուղղված «Հանրապետության հրապարակում տեղակայված թանգարանային շենքում գործող Հայաստանի պատմության թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տարածքների ընդլայնման եւ զարգացման ճարտարապետական նախագծի գաղափարների ու հայեցակարգային առաջարկների հավաքագրմանը՝ դիտարկելով նաեւ Հանրապետության հրապարակի ստորգետնյա հնարավոր տարածքների ներառումը»։ Ժամանակին այս հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հրապարակի տակ ինչ-որ հին շինության հետքեր են հայտնաբերվել, սակայն քանի որ նախկինները հայկական իշխանություններ էին, դրա մասին չթմբկահարեցին, որ չստացվի, թե Երեւանի հենց սրտում օտար բնակության հետք կա, որը հայկական չէ։
Պատմաբաններն ասում են, որ այս քայլով իշխանությունները, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ցանկանում են հայ ժողովրդին ապացուցել, որ Երեւանում հայերից առաջ ապրել են պարսիկներ, քանի որ վերոնշյալ տարածքներում 1-2 դար առաջվա հետքեր են հայտնաբերվել՝ պարսկական ինչ-որ շուկա: Ի՞նչ արժեքավոր պատմական ժառանգություն կա հրապարակի ստորգետնյա մասում, որ իշխանությունները փորձում են Երեւանի Հանրապետության հրապարակը քարուքանդ անել, միլիարդներ վատնել այդ ամենի վրա եւ օտար բնակության հետքն ասպարեզ հանել: Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ, Երեւանի պատմության թանգարանի նախկին տնօրեն Արմինե Սարգսյանի հետ:

- Ինչո՞ւ է ԿԳՄՍ նախարարությունը որոշել Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման ճարտարապետական նախագիծ իրականացնել: Ի՞նչ կա այնտեղ այդքան կարեւոր ու արժեքավոր: Պատմաբաններն ասում են, որ պարսկական հետք է այնտեղ, եւ իշխանությունը փորձում է հերթական անգամ հայ հանրությանը համոզել, որ Երեւանը հայկական քաղաք չէ:

- Հնագետները, երբ շատ տարիներ առաջ պեղումներ էին իրականացնում, անգամ ասում էին, որ, ըստ հետազոտությունների, այդ կառույցները անգամ մոնղոլական ժամանակներից են եկել, բայց քանի որ ես պեղողների շարքերում չեմ եղել, չեմ կարող նման բան պնդել: Ամեն դեպքում, ես մի բան կարող եմ հստակ նշել, որ տվյալ վայրում որեւէ արժեքավոր ժառանգություն չկա, այդ մասին փաստել են տարբեր հնագետներ: Դրանք այն կառույցները չեն, որոնք կարող են դառնալ թանգարանային մեծ համալիր: Եթե ցանկանում են արժեքավոր հայկական հետք գտնել, ապա Երեւանի տարածքում շատ ավելի հին եւ արժեքավոր հնավայրեր կան, որոնք կարելի է վերականգնել, նաեւ դարձնել տուրիստական այցելությունների վայր, ինչպես, օրինակ, ԽՍՀՄ տարիներին Կարմիր բլուրն էր: Կարմիր բլուրի տարածքը մի հրաշալի անտառապատ տարածք էր, որտեղ անդադար զբոսաշրջիկներ էին գալիս, նույնը Շենգավիթ հնավայրի մասին է, որն ունի հին պատմություն: Այն Երեւանի առաջին քաղաքատիպ բնակավայրն է եղել, որտեղ ապրել են մեր նախնիները: Ինչ վերաբերում է Կարմիր բլուրին, այն ուրարտական ժառանգություն է, իսկ Ուրարտու պետության ժառանգորդները մենք` հայերս ենք: Ի վերջո` ունենք Էրեբունի ամրոց, որը Երեւանի հիմնադրումն է, այնտեղից է սկսվում Երեւանը: Ամրոցը կարելի է բարեկարգել, ամրացնել, եւ այն ահռելի միջոցները, որոնք կիրառվելու են ինչ-որ անհայտ դամբարանների կամ ոչ կարեւոր պատմական հետքերի պեղումների համար, կարող են ուղղել հայկական հնավայրերի վերականգնմանը եւ բարեկարգմանը:

- Ձեր կարծիքով` ԿԳՄՍ նախարարությունն ինչո՞ւ է ցանկանում պարսկական հետքն ասպարեզ բերել եւ դրանք ի ցույց աշխարհի ներկայացնել: Կա մտավախություն, որ այս քայլով փորձում են ասել, թե Երեւանը հայկական պատմական քաղաք չէ:

- Նման միտք շրջանառելը մեծագույն անհեթեթություն կլինի: Իրականության հետ այդ ամենը ոչ մի աղերս չունի: Իհարկե, Երեւանում ապրել են պարսիկներ: 300 տարի Արեւելյան Հայաստանը եղել է պարսկական տիրապետության տակ, բայց պարսիկներն ուղղակի ժամանակավոր իշխել են, հետո արդեն, երբ 1827 թվականին ռուսական զորքերը հայ կամավորների հետ ազատագրեցին Արեւելյան Հայաստանը, ներառյալ՝ Երեւանը, այստեղ գրեթե իրանական էթնոսի մարդիկ չմնացին, ապրում էին բացառապես հայեր: Անգամ անհարմար եմ զգում պնդել, որ Երեւանում հայեր են ապրել, ախր ո՞նց կարելի է պատմական իրողությունները հիմնավորել, ամոթ է ուղղակի: Այս ո՞ւր հասանք:

- Ասում են, որ ահռելի գումարներ են հատկացնելու այս նախագծին՝ Երեւանի պատմության եւ մյուս թանգարանային տարածքներն ընդլայնելուն:

- Ես հստակ գումարների մասին տեղյակ չեմ, բայց տարբեր երկրներում կա փորձ, որ ստորգետնյա կառույցները վերանորոգելիս նաեւ ապակեպատում են անում, դա բավականին արժեքավոր բան է, մեծ միջոցներ են հարկավոր դրա համար: Պարզապես այստեղ, կրկնում եմ, խնդիրն այն է, որ հնագետներն այդ տարածքում պեղումներ են իրականացրել եւ պնդել, որ այնտեղ չկա որեւէ արժեքավոր բան:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image