Այս տարվա Վարդավառը, ինչպես երևում է, խոստանում է պատմական լինել։ Ոչ թե այն պատճառով, որ ջուրն է շատ լինելու, այլ որովհետև առաջին անգամ, կարծես, հրովարտակ է իջեցվել՝ պաշտոնյաներին պարտադիր ջրելու մասին։
Երևանի քաղաքապետարանի գերագույն ջրապետ Տիգրան Ավինյանը, ասում են, գտել է ժողովրդի լիցքաթափման ամենաարդյունավետ տարբերակը. քաղաքապետարանի և թաղապետարանների աշխատակիցներին հրահանգվել է անխտիր ներկայանալ Հանրապետության հրապարակ։ Ոչ թե աշխատելու, այլ... ջրվելու։ Աշխատանքային պարտականությունների նոր բաժին՝ «Խոնավ մասնակցություն»։
Մամուլում արդեն կարելի է պատկերացնել հետևյալ պետական ծրագիրը՝ «Ջրիր պաշտոնյային՝ հանուն երջանիկ ապագայի»։
Ասում են՝ ներկա-բացակա էլ են անելու։ Այսինքն՝ նախկինում ուշանալու համար էին նկատողություն ստանում, հիմա՝ չջրվելու։ Վաղը, երևի, աշխատակիցների անձնական գործերում նոր սյունակ կհայտնվի՝ «Թրջվածության աստիճան»։ Իսկ ամենաակտիվ թրջվողներին, հնարավոր է, շնորհեն «Վաստակավոր ջրահարս» կամ «Ջրային ծառայության առաջամարտիկ» պատվավոր կոչումները։
Քաղաքապետարանը, թերևս, պատմության մեջ առաջին պետական հիմնարկն է, որտեղ շուտով պաշտոնեական առաջխաղացման համար կարևոր կլինի ոչ միայն աշխատանքային ստաժը, այլև... ջրակայունությունը։
Սա, ի դեպ, ժողովրդի համար բացառիկ հնարավորություն է։ Տարիներ շարունակ ասում էին՝ «մեզ ջրում են»։ Հիմա, փաստորեն, առաջարկվում է պատասխան քայլ անել։ Եթե պաշտոնյաները գնում են հրապարակ, ժողովուրդն էլ թող դույլերը վերցնի ու կատարի իր... քաղաքացիական ջրային պարտքը։ Ի վերջո, հարկատուն իրավունք ունի գոնե տարին մեկ անգամ տեսնել, թե իր վճարած հարկերն ինչպես են... թրջվում։
Պատկերացրեք տեսարանը։ Ավագանու անդամները խրամատային դիրքերում են, վարչության պետերը՝ անձրևանոցներով, բաժնի պետերը՝ գլխներին սաղավարտ, իսկ գլխավոր «ջրային ատրակցիոնը»՝ Ավինյանը, հերոսաբար փորձում է փրկվել ժողովրդական հիդրոհարվածից։ Ամեն կողմից լսվում է միայն մեկ հրաման. «Կրակե՛լ... ներողություն... ջրե՛լ...»։
Կարելի է նույնիսկ նոր մրցաձև մտցնել՝ «Դիպուկ դույլ»։ Ով ամենահեռվից դիպչի թիրախին, արժանանա «Ոսկե դույլ» մրցանակի։ Ի վերջո, ժողովուրդն էլ իր տաղանդները ցուցադրելու իրավունք ունի։
Ավինյանի համար, իհարկե, սա հերոսական առաքելություն է։ Եթե որոշել ես մարդկանց պարտադիր երջանկացնել, պիտի ինքդ էլ առաջինը թրջվես։ Առաջնորդը միշտ իր զորքի առջևից է գնում։ Թեկուզ՝ դույլի տակ։
Այս ամենը, ասում են, 199 միլիոն 500 հազար դրամ է արժեցել։ Գումար, որով կարելի էր ոչ միայն Հանրապետության հրապարակը, այլ, երևի, Երևանի կեսը կաթիլային ոռոգման համակարգի միացնել։ Բայց ծառերը տեսախցիկներին չեն ժպտում, իսկ ծաղիկները չեն ծափահարում։ Դրա համար որոշել են «ջրել» հանրային տրամադրությունը։
Համերգ էլ է լինելու։ Կարևորը՝ երաժշտությունը բարձր հնչի։ Որ հանկարծ որևէ մեկի գրպանի դատարկության ձայնը չլսվի։
Իսկ ժողովուրդն արդեն իր ծրագրերն ունի։ Մարդիկ ոգևորված ասում են. «Ավինյանը թե ձեռքներս ընկնի, այնպե՜ս ենք ջրելու, որ հոր հարսանիքը հիշի...»։
Թերևս, սա կլինի տարվա ամենաարդարացի ջրցանը։ Որովհետև մեր փողերը վաղուց են «ջրվում»։ Միայն մի տարբերությամբ. Վարդավառի ջուրը մի քանի ժամից չորանում է, իսկ 200 միլիոնանոց «ջրոցների» հետքը բյուջեում չի անհետանում։