Վերնագրում ներկայացված խոսքը պատկանում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ի սիրուհուն՝ մարքիզուհի դե Պոմպադուրին: Դա ասվել է 1757 թվականի Ռոսբախի ճակատամարտում ֆրանսիական բանակի պարտությունը ծանր տարած թագավորին մխիթարելու համար։ Այն, մի կողմից, Պրուսիայի և, մյուս կողմից, Ֆրանսիայի ու Սրբազան Հռոմեական կայսրության միջև 1756-1763 թթ.-ին ընթացող Յոթնամյա պատերազմի վճռորոշ ճակատամարտերից մեկն էր: Առաջին հայացքից կարող է թվալ, թե Լուի XV-ի սիրուհին ազնվականության անուղեղ ներկայացուցիչ էր: Իրականում վերջինս մեծահարուստ բուրժուայի ընտանիքից էր՝ գեղեցիկ, տաղանդավոր, կրթված ու խելացի անձնավորություն: Ով իր շնորհների շնորհիվ կարողացել էր գրավել թագավորի սիրտը: Ինչից հետո Լուի XV-ը նրան շնորհել էր Մարքիզուհի դե Պոմպադուրի տիտղոսը՝ դարձնելով իր պաշտոնական խորհրդականը:
Բայց ինչպես երևում է, խելացի անձնավորության կողմից թագավորին պահի տակ ասված խոսքն այնուհետև վեր է ածվել բացասական արտահայտության: Ու այսօր այն դրսևորվում է նաև մեր հայրենիքում: Սակայն ոչ թե խոսքի տեսքով, այլ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործողությունների հետևանքների: Այն, ինչ արվում է նրա կողմից, ոչ միայն անօրինական է ու անբարոյական, այլև հղի է ամենածանր հետևանքներով: Նախ, մեր ժողովրդի մտածողության ու նրա բարոյական կերպարի վրա: Որովհետև Գագիկ Ծառուկյանին «բոմժի» վերածելու նրա աննորմալ ձգտումը դրականորեն չի անդրադառնալու՝ եթե իրեն հաջողվի կյանքի կոչել այն: Իսկ նրանք, ովքեր այսօր ծափահարում են իրեն, արդյունքում ոչինչ չեն ստանալու: Երկրորդ, Ծառուկյանից խլված ընկերությունները վաղ թե ուշ վերածվելու են վնասով աշխատող ձեռնարկությունների: Քանի որ դրանք «բուդկա» չեն, որ ով ցանկանա՝ աշխատեցնի: Ընտանիքների անդամների հետ հաշվարկով՝ մի քանի տասնյակ հազար մարդ կզրկվի եկամուտներից: Եվ վերջապես, այդ ամենն աղավաղելու է պետության ներդրումային մթնոլորտը՝ վանելով պոտենցիալ ներդրողներին:
Հայաստանում ծանրակշիռ ներդրումներ այլևս չեն անի ոչ միայն ռուսական, այլև եվրոպական ներդրողները: Որովհետև միշտ հիշելու են Ծառուկյանին սնանկացնելու գործողությունները: Եվ իրենց գումարները հեռու են պահելու Հայաստանի ոչ ադեկվատ ղեկավարության տեսադաշտից: Որովհետև հյուսիսի ու արևմուտքի միջև անընդհատ խուսանավող Փաշինյանը մի օր էլ կարող է շրջվել Ռուսաստանի կողմը: Իրադրությունը չի կարող փրկել նաև ամերիկյան «ԹՐԻՓՓ»-ը, քանի որ ծրագրով նախատեսվող գումարները ներդրվելու են ոչ թե Հայաստանում, այլ Թուրքիայում: Իսկ այդտեղից ներկրվելու է պատրաստի արտադրանքը ծրագրի շրջանակում տեղակայվելու նպատակով: Որևէ մեկը չի սպասում, չէ՞, որ պողպատե ռելսերը, բետոն կոճերն (շպալները), ինչպես նաև երկաթգծային այլ տարրերը կարող են արտադրվել Հայաստանում: Ու իր երազած 2050-ին՝ եթե, իհարկե, նման դժբախտություն պատահի, Հայաստանը կլինի ոչ թե արևմտյան բնույթի զարգացած պետություն, այլ թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածք՝ բնակեցված հայերով ու ադրբեջանցիներով: Ընդ որում, հայության՝ աստիճանաբար փոքրամասնություն վերածվելու ճակատագրով:
Այնպես որ եթե ցանկանում ենք, որ Փաշինյանից հետո լինի ոչ թե ջրհեղեղ, այլ նարմալ՝ անկախ ու ինքնիշխան պետություն, պետք է վարչապետի պաշտոնն ազատենք այն զբաղեցնող ոչ ադեկվատ անձից՝ որքան էլ դա թվա անհնարին: