Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է․ օրը մի քանի անգամ տեղի ունեցող հոսանքազրկումներից բացի, հատկապես երեկոյան ժամերին չեն աշխատում օդորակիչները, սառնարանները, մարդիկ չեն կարողանում լիցքավորել էլեկտրամոբիլները, լուսավորման սարքերը թույլ են լուսավորում, էլեկտրաէներգիա կա, բաց ցանցում լարումը թույլ է, ինչը կապված է էլեկտրաէներգիայի պակասի հետ: Պատճառը հայկական ատոմակայանի չաշխատելն է. կայանը գտնվում է հերթական վերանորոգման փուլում: Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ վերջին մի քանի տարիներին հայկական ատոմակայանի հզորությանը համարժեք երկու կամ չորս կայան է կառուցվել՝ նկատի ունենալով արեւային էլեկտրակայանները, բայց, չնայած նման ամպագոռգոռ հայտարարություններին, երբ ՀԱԷԿ-ը կանգնում է, դադարում է էլեկտրաէներգիա արտադրել, Հայաստանում էներգետիկ ճգնաժամ է առաջանում, որն իրենց վրա զգում են երկրի գրեթե բոլոր բնակիչները, բացառությամբ, թերեւս, Երեւանի փոքր կենտրոնի:
Հայաստանին օդուջրի նման անհրաժեշտ է նոր ատոմային էլեկտրակայան, բայց Փաշինյանը չի կարող նոր կայան կառուցել, նախ՝ որովհետեւ փող չկա, եւ ամենակարեւորը՝ Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ են նոր ատոմակայան կառուցելուն, դեմ են Հայաստանի էներգետիկ անկախությանը, իսկ Փաշինյանը չի կարող առանց նրանց թույլտվության շարժվել: Ատոմակայան ունենալը, ատոմային էներգիա արտադրելը մի այնպիսի առավելություն է, որը ոչ բոլորին է տրված, աշխարհի ոչ բոլոր երկրները կարող են հպարտանալ, որ ատոմային գեներացիա ունեն, Հայաստանն այդ քիչ երկրների թվում է, բայց դա մեր պապերի եւ հայրերի գործունեության շնորհքն է, որը մենք կորցնում ենք:
Մի քանի օր առաջ համաշխարհային լրատվամիջոցները տեղեկություն տարածեցին, որ Սլովակիայում տեղի է ունեցել Մոխովցեի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վառելքի բեռնման պաշտոնական արարողությունը, եւ էներգաբլոկն առաջիկա օրերի ընթացքում կսկսի էներգիա արտադրել: Այս էներգաբլոկի շինարարությունը տեւել է 39 տարի, այն սկսվել էր դեռեւս 1987 թվականին, երբ դեռ կար Խորհրդային Միությունը, եւ Սլովակիան էլ առանձին պետություն չէր, այլ՝ Չեխոսլովակիա անունով պետության մաս, որը ԽՍՀՄ-ի ստեղծած տնտեսական համագործակցության խորհրդի անդամ էր: Երկար տարիներ այդ էներգաբլոկի շինարարությունը կոնսերվացված էր, էկոլոգիական եւ անվտանգության նկատառումներով՝ ԵՄ-ն թույլ չէր տալիս, որ կայանի շինարարությունն ավարտին հասցվի եւ շահագործվի, բայց երկրի իշխանություններն ի վերջո կարողացան պնդել, որ դա անհրաժեշտ է իրենց երկրին, եւ ավարտին հասցրին կիսատ թողնված գործը:
Սլովակիան Հայաստանի նման երկիր է. չունի ելք դեպի ծով, չունի հանածո էներգետիկ ռեսուրսներ, Հայաստանից տարածքով եւ բնակչության թվով գրեթե մեկուկես անգամ է մեծ, ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ է: Կառուցված ատոմային էներգաբլոկի ռեակտորն էլ Հայաստանում աշխատող VVER-440 ռեակտորի նմանակն է՝ խորհրդային նախագծմամբ եւ արտադրության: Միայն, ի տարբերություն Հայաստանի, Սոլովակիան ունի արժանապատիվ եւ երկրի շահերով առաջնորդվող իշխանություն, որը ոչ միայն չի խուսափում Ռուսաստանի հետ համագործակցությունից, այլեւ «Ռոսատոմի» դուստր ձեռնարկության հետ կնքել է մինչեւ 2031 թվականը վառելիքի մատակարարման պայմանագիր, Ռուսաստանը աշխարհում ատոմային վառելիքի շուկայում 40 տոկոս մասնաբաժին ունի: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էլ վառելիքի բեռնման պաշտոնական արարողության ժամանակ հպարտությամբ հայտարարել է, որ նոր էներգաբլոկի աշխատանքի շնորհիվ Սլովակիայի էներգետիկ հաշվեկշռում ատոմայինի մասնաբաժինը կհասնի 77 տոկոսի, եւ այդ ցուցանիշով իրենք առաջ կանցնեն Ֆրանսիայից, որտեղ այդ ցուցանիշը 67 տոկոս է:
Երկու տարի առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 1-ին, կառավարությունը որոշեց ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն, որը պետք է երկու տարվա ընթացքում որոշեր նաեւ, թե ինչ տիպի ատոմակայան է կառուցվելու Հայաստանում եւ որ երկրի օգնությամբ: Երբ այդ որոշումը կայացվում էր, այն ժամանակ տարածքային եւ ենթակառուցվածների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանը հայտարարեց, «Էներգետիկ ոլորտի մինչեւ 2024 թվականի ռազմավարության մեջ մենք ունենք, որ գործող ատոմակայանի հարթակում՝ հարակից տարածքում, գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո այդ փուլում ունենանք առնվազն նոր հզորության նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացն ավելի կազմակերպված եւ համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս կազմակերպությունը»: Երկու տարի անց ոչինչ չի արվել, որեւէ առաջընթաց չի արձանագրված, միայն հայտնի է, որ իշխանությունն իբրեւ թե որոշել է, որ նոր ատոմակայանը լինելու է մոդուլային` փոքր հզորության, որ եթե հանկարծ վթար տեղի ունենա, դրա հետեւանքներից տուժեն միայն Հայաստանը եւ ՀՀ քաղաքացիները, բայց ոչ Թուրքիան կամ Ադրբեջանը:
Բայց թե ով է կառուցելու այդ մոդուլային ատոմակայանը, ինչ հզորությամբ, քանի մոդուլ է լինելու, ինչ արժեքով, ով է ֆինանսավորելու շինարարությունը, հայտնի չէ: Օրինակ, Սլովակիայում շահագործման հանձնված նոր էներգաբլոկը, որը, ինչպես նշեցինք, ունի մեր ատոմակայանի դրվածքային հզորությունը՝ 440 մեգավատ ժամ, արժեցել է 6,7 միլիարդ դոլար: Այսպես կոչված, մոդուլային ատոմակայանները որքան էլ փոքր լինեն, միեւնույն է՝ միլիարդավոր դոլարներ են արժենալու, Հայաստանն այդպիսի ծախսեր ֆինանսավորելու կարողություն չունի, պարտք ու վարկ էլ չեն տա, այնպես որ, քանի դեռ Փաշինյանն իշխանություն ունի, Հայաստանը նոր ատոմակայան չի ունենալու, հազիվ հինն է շահագործելու՝ միշտ ենթարկվելով էներգետիկ ճգնաժամերի:
Բայց Փաշինյանը գտել է առանց նոր ատոմակայան կառուցելու էներգետիկ ճգնաժամերից խուսափելու ճանապարհը` երկրում աշխատող ձեռնարկություններն ու ընկերությունները փակելու միջոցով, այդ ձեռնարկություններում աշխատող մարդկանց գործազուրկ դարձնելով, նրանց արտագաղթի մղելով: Եթե ձեռնարկությունները չաշխատեն, մարդիկ էլ արտագաղթեն, հետեւաբար էլեկտրաէներգիայի պահանջարկ չի լինի, եւ նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությունն էլ կվերանա: Թուրքիան, Ադրբեջանը եւ ԵՄ-ն իրենց աջակցությունն են հայտնում այս նոր եւ «առաջադեմ» ռազմավարությանը: