Վերլուծություն

Մեծ հաղթանակ․ Կոսը համտեսել է մեր ծիրանը

Մեծ հաղթանակ․ Կոսը համտեսել է մեր ծիրանը

Մինչ հայկական լրատվական դաշտը օրեր շարունակ հեղեղված է այն հաղթական լուրերով, թե հայկական ծիրանն արդեն գրոհում է եվրոպական շուկաները, իսկ ծիրանատերերն էլ անկեղծ զարմանքով իրար հարցնում են՝ «բա էդ ո՞ւմ ծիրանն են տարել, որ մենք չենք նկատել», վերջապես առեղծվածը բացահայտվեց։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ի լուր Հայաստան աշխարհի, հանդիսավոր ազդարարեց.
«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն։ Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին նվերի և շատ լավ քննարկման համար»։
Եվ ահա, պարզվեց, որ հայկական ծիրանը Եվրոպա իսկապես հասել է։ Պարզապես ոչ թե շուկա, այլ՝ նվերի սեղան։

Չեմ ուզում նույնիսկ պատկերացնել, թե քանի կիլոգրամ է կազմել այդ «խորհրդանշական խմբաքանակը»։ Թեև, հաշվի առնելով մեր պաշտոնական PR-ի առանձնահատկությունները, չի բացառվում, որ այն կշռվել է ոչ թե կիլոգրամներով, այլ՝ լուսանկարներով։ Մեկ արկղ ծիրան, տասներկու կադր, երեք ֆեյսբուքյան գրառում և մեկ միջազգային հաղթանակ։

Չգիտեմ նաև, թե ճգնաժամի առաջ կանգնած գյուղացու ֆինանսական կորուստը որքանով է մեղմվում այն փաստից, որ Մարթա Կոսը հաճույքով համտեսել է հայկական ծիրանը։ Գուցե գյուղացին երեկոյան նստում է այգում, նայում է չվաճառված բերքին ու ինքն իրեն մխիթարում. «Փող չստացվեց, բայց գոնե եվրահանձնակատարը համը տեսավ»։
Սակայն ինձ ուրիշ բան է տանջում։

Մեր հայկական ծիրանը տանը չէր մնացել։ Եվրոպա էր հասել դեռ այն ժամանակ, երբ եվրաինտեգրման մասին ոչ ոք չէր խոսում։ Այն վաճառվում էր իր համի, որակի ու արևի շնորհիվ, ոչ թե պաշտոնական նվեր-տուքի միջոցով։
Ինչո՞ւ ձեռքից բռնեցիք ու տարաք տանը նստեցրիք։

Ծիրանը դարերով եղել է Հայաստանի այցեքարտը, ոչ թե որևէ իշխանության PR-բաժնի աշխատակիցը։ Հիմա ստացվում է, որ մի ամբողջ ժողովուրդ, մի ամբողջ գյուղատնտեսական ճյուղ, հազարավոր այգիներ ու գյուղացիներ պայքարում են իրենց բերքը վաճառելու համար, իսկ մենք աշխարհին հպարտությամբ հայտնում ենք, որ վերջապես հայկական ծիրանը հասել է Եվրոպա՝ նվերի կարգավիճակով։

Ողբերգությունն այստեղ այն չէ, որ մի քանի արկղ ծիրան են նվիրել։ Ողբերգությունն այն է, որ երբեմն ամբողջ պետական քաղաքականությունը սկսում է նմանվել հենց այդ արկղին․ ներսում՝ իրական խնդիրներ, դրսում՝ գեղեցիկ ժապավեն։
Ու արդյունքում տուժում է և՛ ծիրանը, և՛ դրա տերը, և՛ Հայաստանի անունը։ Իսկ իշխանությունը Հայաստանի խորհրդանիշը օգտագործում է որպես ցուցափեղկային աքսեսուար, այն դեպքում, երբ դրա իրական տերը շարունակում է սպասել գնորդի, շուկայի և իր աշխատանքի արդար արժեքի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image