ՍԴ-Փաշինյան հետաքրքիր մենամարտ է սպասվում մեզ: Մոռացեք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի հավաքականը նույնիսկ չի խաղում: Հունիսի 26-ին Երեւանի վրա է կենտրոնանալու ողջ հայության ուշադրությունը: Այդ օրը որոշվելու է՝ կավարտի՞, արդյոք, Փաշինյանն իր տխրահռչակ քաղաքական կարիերան, թե՞ կառավարման եւս մեկ «տրանշ» կստանա՝ երկիրը վերջնականապես կազմաքանդելու համար:
Երկուսի դրությունն էլ լուրջ է՝ թե՛ Փաշինյանի եւ թե՛ երկրի: Ով կհաղթի՝ կախված է Սահմանադրական դատարանի մարզավիճակից: Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա միշտ է լավ մարզավիճակում, պարզապես այս մրցավեճից առաջ ՍԴ-ի դիրքերը բավականին նախընտրելի են, ավելի նախընտրելի, քան 21 թվականին: Տեսնենք՝ կկարողանա՞ Փաշինյանը (հազիվ թե անձամբ ներկայանա դատին) ցրել ՍԴ-ի հաղթանակի պատրանքները՝ 0-ի բերելով բոլոր այն ընտրախախտումները, որոնք այս պահի դրությամբ պարկերով լցված են ՍԴ դատավորների աշխատասենյակներում: Մեկը չէ, երկուսը չէ… Բազմաթիվ կուսակցություններ ու դաշինքներ 80, 60, 50 էջանոց բողոքներ են գրել, որոնց եթե կեսն էլ բավարարվի, Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարվել 21-րդ դարի մեծագույն ընտրակեղծարար, իսկ դրա համար, եկեք չմոռանանք, լուրջ «սռոկ» է հասնում: Այնպես որ, Փաշինյանն այս անգամ շատ պետք է աշխատի, որ պլստա արդարադատությունից:
Ասում են՝ որքան մեծ է սուտը, այնքան շատ են դրան հավատացողները: Փաշինյանն արդեն հասցրել է այդ մեծ սուտը փոխանցել հանրությանը: Դա տեղի ունեցավ հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ բոլորիս քաջ հայտնի իրավիճակում, երբ դեռ տեղամասերի 10 տոկոսի արդյունքներն անգամ պարզ չէին: ԿԸՀ-ի «վազող տողի» վրա մեխված էր 54 ու եսիմքանի տոկոս ցուցանիշը, իսկ Նիկոլը դա ներկայացնում էր որպես մե հաղթանակ, մե բան… ԿԸՀ-ի կայքը Նիկոլի այդ ստից պարզապես «կախեց»: Տո լի Հովակիմյանը սխալ «կնոպկա» սեղմեց, տո լի արհեստական բանականությունը շշկռվեց… Ո՞վ կարող է ասել: Ամեն ինչ դրանից հետո կորավ Վրաստանի վարչապետ Կոբախիձեի շնորհավորական հեռագրի եւ անքուն մնացած լրագրողների հետ ասուլիսի աղմուկի մեջ: Բայց սալյուտ չտվեցին: Մարդիկ, որ նշանակված էին սալյուտի պատասխանատու, ասուլիսի ժամանակ սգվորի տեսքով կանգնած էին Փաշինյանի թիկունքում ու հազիվ կակազում էին՝ «Նի-կոլ՝ վարչապետ»: Ալենն էր, Պապիկյանն էր, Ռոմանոսն էր, Արայիկ Հարությունյանն էր, Միրզոյան Արոն էր… Երեսներից ք.ք էր թափվում… Երեւի արդեն կանխազգում էին խայտառակ պարտության համը… Փաշինյանի դեմքն էլ մի բան չէր, բայց նա կարողանում էր պահել ինքնատիրապետումը… Դրսից լրագրողներ կային, ի վերջո:
Հունիսի 8-ի առավոտյան, երբ խորհրդարան անցած ԲՀԿ-ի թիվը «կտրուկ» իջավ, շշուկներ տարածվեցին, որ այս ընտրություններում մի բան այն չէ: Այստեղ արդեն իրեն կորցնելու հերթը հասավ ԿԸՀ-ին, իսկ ավելի ստույգ՝ Վահագն Հովակիմյանին: Մե՛կ որոշեցին վերահաշվարկ անել, մե՛կ ասացին՝ ԲՀԿ-ն անցել է, մե՛կ ասացին՝ չի անցել… Վերջը որոշեցին 2 ընտրատեղամասի արդյունքները չեղյալ հայտարարել ու ԲՀԿ-ի հարցը «լոմով» փակել: ԲՀԿ-ն բողոքեց, դատարանն ասաց՝ պետք է վերահաշվարկ անել, իսկ Հովակիմյանը մնաց անհողդողդ: Բայց ո՞վ էր նրան հրահանգավորում, որ մի հատ էլ անհողդողդ չմնար…
Այստեղից բնական հարցեր առաջացան ընտրությունների մասնակից մյուս ուժերի մեջ, որ եթե ԲՀԿ-ի հետ կապված այդպիսի խայտառակ ցուցանիշներ կան, ապա ինչե՜ր կարող են արած լինել իրենց ցուցանիշների հետ: Առանցքային ընդդիմադիր ուժերը կարծիք հայտնեցին, որ պետք է բացել բոլոր տեղամասերը՝ հասկանալու իրական պատկերը: Փաշինյանը դրանից զգուշացավ եւ շրջանառության մեջ դրեց ընտրակաշառքների թեման՝ ընդդիմությանը մեղադրելով համատարած ընտրակաշառք բաժանելու մեջ: Ընդդիմությունը հակադարձեց՝ դու ես կաշառք բաժանել՝ թոշակների, անվճար բուժօգնությունների, պետական աշխատողների պարգեւավճարների եւ այլ ձեւերով: Ասին՝ վախեցրել ես մարդկանց, սպառնացել, եւ այս բոլորը փաստագրված է, էլ չասած՝ անճշտությունները, որոնք հազարներով են՝ սկսած ստորագրությունների ու կտրոնների թվի տարբերությունից, վերջացրած գաղտնի ցուցակներով ու անհայտ ծագման ընտրողներով, որոնք քվեարկել են որ ժամին պատահի: Խոսքն արդեն 100 հազարավոր ձայների մասին է, որ այսուայնկողմ են արել եւ նույնիսկ դրանից հետո չեն կարողացել մոտենալ իրենց 54 տոկոսին:
ՍԴ-ն, իհարկե, կտեսնի այս ամենը: Ընդդիմության փաստաբաններն այն մարդիկ չեն, որ ՍԴ-ին թույլ տան չտեսնելու տալ խայտառակ փաստերն ու կանաչ լույս վառել Նիկոլ Փաշինյանի ոչ այն է՝ երկրորդ, ոչ այն է՝ երրորդ սռոկի առաջ: Ես մի ուրիշ բանից եմ վախենում: ՍԴ-ն հանկարծ այնքան չզայրանա, որ Նիկոլին ու ՔՊ-ին ընդհանրապես արգելի մասնակցել նոր ընտրություններին: Այդպիսի որոշում որ եղավ, ինչ է` դատախազը դիմելու է ԿԸՀ-ին, որ անձեռնմխելիությունից զրկեն հա՛մ Նիկոլ Փաշինյանին, հա՛մ Վահագն Հովակիմյանին՝ առերեւույթ հանցագործության մեջ ներգրավված լինելու հիմքո՞վ:
ՀԳ. ՍԴ-Փաշինյան մենամարտից առաջ ընդունվում են խաղադրույքներ: ՍԴ-ի հաղթանակը գնահատվում է 5 գործակցով, Նիկոլինը՝ 0,2: Ասել է թե՝ տոտալիզատորն ավելի շատ հավատում է Նիկոլի հաղթանակին: ՍԴ-ի հաղթանակի վրա, սակայն, խաղադրույք է կատարել մոտ 540 հազար ընդդիմադիր ընտրող՝ ներառյալ խորհրդարան անցած ԲՀԿ-ի 60 հազարը: ՍԴ, դու պետք է հաղթես, որ մեր երկրում վերջնականապես չմեռնի արդարությունը: