Երբ նախորդ հոդվածում ներկայացրել էի, թե ինչն է բնական երևույթ հանդիսացող կարկուտների պատճառը, չէի պատկերացնում, որ այն կարող է ունենալ շարունակություն: Իսկ կարկուտներին անդրադարձել էի, քանի որ Գեղարքունիքում նման հարց էր հնչեցրել վարչապետի պաշտոնը զբողեցնող անձը: Շարունակությունն էլ այն էր, որ ՀՀ վարչապետ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ: Դա կարող էր նորմալ լինել, եթե փոխվարչապետ, մի քանի փոխնախարար, 2 մարզպետ և այլ պաշտոնյաներ ներառող խմբի առջև դրված առաջին խնդիրը չհնչեր այսպես. «2026 թվականի կարկտահարության դեպքերի ուսումնասիրության, դրանց անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության…»: Մնացածն արդեն ադեկվատ խնդիրներ են՝ հասցված վնասների, հակակարկտային կայանների գործադրման գնահատում և այլն:
Իսկապես, ի՞նչ է ենթադրում «2026 թվականի կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության…» ուսումնասիրություն ասվածը: Եթե աշխատանքային խմբի կազմը հաստատած՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանը մի փոքր ֆայմ դրսևորեր, ապա հեռախոսով կամ համակարգչով համապատասխան հարց կուղղեր արհեստական բանականությանը: Եվ, բնականաբար, կստանար պատասխան, որ դա կլիմայի փոփոխության արդյունք է: Ինչն արեցի ես, որպեսզի ստուգեմ իմ վարկածը, ինչն էլ արձանագրել էի հոդվածում:
Ու աշխատանքային խմբի ղեկավար, փոխվարչապետ Խաչատրյանը ստիպված չէր լինելու պարզել կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածությունը: Եթե դրան ասվի, որ հունիսի 7-ի քվեարկությունից հետո, ԱԺ-ում չստանալով սահմանադրական մեծամասնություն, վարչապետն այնքան անադեկվատ է դարձել, որ ոչ մի նորմալ գաղափար չի ընկալում, չեմ հավատա: Որովհետև այլ հարցերում նրա ուղեղը լավ էլ գործում է: Եվ, բացի դրանից, Հարությունյանն այն մարդն է, ով կարող էր ճշտել հարցն ու դա ներկայացնել «ուսապարկային» իր առաջնորդին: Եվ առանց վախենալու, որ կարող է դրա արդյունքում «sms» ստանալ դիմու գրելու պահանջով: Որովհետև ԿԳՄՍ նախարարության աշխատանքը տապալելուց հետո, ինչպես մամուլն էր գրում, նա ոչ թե անհայտացավ նիկոլական քաղաքական երկնակամարից, այլ զբաղեցրեց ավելի պատասխանատու պաշտոն: Այո, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը շատ ավելի պատասխանատու է, քան հումանիտար բնույթի թեկուզ սուպերնախարարության ղեկավարի պաշտոնը:
Կարելի է ենթադրել, որ վարչապետի ելույթից հետո ՔՊ-ականները կմտածեին, թե Գեղարքունիքի և Շիրակի մարզերի կարկտահարության դեպքերը պետք է լինեն արհեստականորեն գեներացված: Ու, բնականաբար, անմիջապես իրենց հայացքը կուղղեին դեպի հյուսիս՝ դեպի անվտանգային սպառնալիքների աղբյուրը: Հատկապես եթե հետևել են Իրանի առումով և նրա շուրջը տեղի ունեցող իրադարձություններին: Ու տեղյակ են, որ Արաբական թերակղզու երկրներից Միազյալ Էմիրաթներում, ինչ-որ չափով նաև Սաուդյան Արաբիայում տեղակայված են կլիմայական ենթակառուցվածքներ: Ինչի պատճառով իրանական հսկայական տարածք զրկված էր բնական անձրև ստանալու հնարավորությունից: Ու այս տարվա հակամարտության սկզբում իրանական հարվածների առաջին թիրախները դարձան հենց Էմիրաթների կլիմայական ենթակառուցվածքները:
Չնայած վստահ եմ, որ չեն կարող չիմանալ, որ, նախ, ՌԴ-ն շատ հեռու է Հայաստանից: Եվ երկրորդ, չունի այն հնարավորությունները՝ գումաև տեխնոլոգիաներ, որոնց տիրապետում է Արաբական Միացյալ Էմիրաթները: Իսկ ինչ մնում է մեր հարևաններին՝ արևմուտքից Թուրքիային և արևելքից՝ Ադրբեջանին, ապա չեմ կարծում, թե դրանք ունեն նույն տեխնոլոգիաները, ինչ ԱՄԷ-ն: Իսկ եթե ունենային էլ՝ դա պարզելուց հետո ի՞նչ պետք է աներ ՔՊ-ականների «մեծարգո» վարչապետը: Բողոքեր, սահմանափակումներ կամ պատժամիջողներ մտցներ նրանց նկատմամբ, թե նույնիսկ պատերազմ հայտարարե այդ երկրներին: Բնականաբար, ոչինչ էլ չէր կարող անել: Իսկ եթե չէր կարող, ապա ի՞նչ իմաստ ուներ կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածությունը պարզելը...
Այսքանը կարդալուց հետո ընթերցողը կարող է մտածել, որ արհավիրքներից հետո, որ բերել է Նիկոլը մեր հայրենիքի գլխին, ինչ մի լուրջ բան է «2026 թվականի կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելու հիմնավորվածության…» ուսումնասիրություն ասվածը, որ մի հատ էլ հոդված գրվի ու այն վերնագրվի՝ Ցավում եմ հայրենիքիս համար: Առաջին հայացքից, դա կարող է այդպես թվալ, սակայն չմոռանանք, որ մենք, որպես հավաքականություն, երկու շաբաթ առաջ նրան կրկին հնարավորություն տվեցինք կառավարել մեզ, ներկայացնել մեզ ու մեր շահերն արտասահմանցիների առաջ: Ու հեչ հաճելի չէ, որ այդքան արհավիրքներից հետո էլ ձեռ առնեն նրան ու նրա մարմնավորմամբ՝ մեզ, որ չկարողացանք ազատվել մեկից, ով կառավարական աշխատանքային խումբ է ստեղծում կարկտահարության դեպքերի անկանոն (անոմալ) լինելը պարզելու համար: Այն հարցը, որ վաղուց պարզել են աշխարհի լավագույն գիտնականները: Եվ որի պատասխանը կարող է ընթերցել տառաճանաչ մեկը՝ գուգլելով այն համացանցում: