Մշակույթ

«Հրապարակ»․ Մեկ անձը քանի գործառույթ եւ պաշտոն կարող է զբաղեցնել

«Հրապարակ»․ Մեկ անձը քանի գործառույթ եւ պաշտոն կարող է զբաղեցնել

ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի հետ մեր հարցազրույցում («Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ», 24 հունիսի, 2026թ.) բարձրացվել էին տարբեր հարցեր՝ մշակույթի եւ կրթության ոլորտում կառավարման արդյունավետության, պետական մտածողության, մեկ անձի ձեռքում բազմաթիվ գործառույթների կենտրոնացման մասին։ Հարցազրույցից հետո պատասխաններ ստացանք տարբեր կառույցներից եւ անձանցից։ Օրինակ, Հակոբ Ազիզյանը, որ երկար տարիներ աշխատել է թե՛ ինստիտուտի, թե՛ թատրոնի տնօրեն, հարց էր բարձրացրել՝ հնարավո՞ր է արդյոք մեկ մարդը՝ Էլֆիկ Զոհրաբյան, կարողանա միաժամանակ լիարժեք ղեկավարել պետական բուհի մասնաճյուղ, դասավանդել մի քանի կրթական հաստատություններում, աշխատել թատրոնում որպես դերասան, կատարել գրական բաժնի վարիչի գործառույթներ, ղեկավարել ստեղծագործական ստուդիա եւ միաժամանակ ներգրավված լինել այլ ծրագրերում՝ առանց աշխատանքի որակի անկման եւ առանց աշխատաժամանակի համընկնման։ Եվ դա տաղանդի հարց չէ, դա պետական կառավարման, աշխատանքի կազմակերպման եւ օրենքի պահպանման հարց է։ Հարցազրույցին արձագանքած պարոն Զոհրաբյանը եւ մի շարք կառույցներ պատասխանել են, փաստաթղթեր են մեզ ուղարկել, սակայն, ցավոք, գլխավոր հարցին չեն պատասխանել։

Թվարկել են Զոհրաբյանի գիտական գործունեությունը, հեղինակած պիեսները, միջազգային գիտաժողովները, պետական պարգեւները, մրցանակները, նույնիսկ եզրակացրել, որ «նման ծանրաբեռնվածությունն անհատականությունների դեպքում լիովին հնարավոր է»։ Սակայն հանրությանը հետաքրքրում են ոչ թե իրենց կարծիքն ու գնահատականը, այլ՝ փաստերը։ Գիտական աստիճանը, պետական մեդալը կամ ստեղծագործական հաջողությունները չեն կարող փոխարինել աշխատաժամանակի հաշվառմանը եւ օրենքի պահանջներին։ Մեծ վաստակը հարգանքի արժանի է, բայց այն չի կարող որեւէ մեկին վեր դասել օրենքից։ Պատմությունը բազմաթիվ օրինակներ գիտի։ Հին Հռոմում հաղթական արշավանքներից վերադարձած կոնսուլը մեկ օր տրիումֆ էր անում, ապա հանում էր իշխանության խորհրդանիշները եւ վերադառնում հասարակության մեջ՝ որպես հանրապետության սովորական քաղաքացի։ Պետությունն ուժեղ էր հենց այն պատճառով, որ նույնիսկ ամենամեծ ծառայությունները չէին վերացնում օրենքի գերակայությունը։ Այդ սկզբունքը, կարծում ենք, այսօր նույնքան արդիական է։

Պարոն Զոհրաբյանը շրջանցում է էական հանգամանքներ։ Նա գրեթե չի անդրադառնում այն փաստին, որ թատրոնում իրականացնում է նաեւ գրական բաժնի պետի գործառույթներ, մինչդեռ հենց թատրոնի տնօրենի պաշտոնական պատասխանից պարզ է դառնում, որ այդ աշխատանքը կատարվում է առանձին վարձատրությամբ։ Ավելին, պարոն Զոհրաբյանը գրել է, որ Ստեփանավանում իրականացրել է խորհրդատվական աշխատանք՝ հասարակական հիմունքներով։ Սակայն համայնքի պաշտոնական պատասխանում հստակ նշվում է, որ նա երեք ամսով աշխատանքի է ընդունվել եւ այդ աշխատանքի համար ստացել է համապատասխան վարձատրություն։ Այս երկու ձեւակերպումների միջեւ առկա տարբերությունը, մեր կարծիքով, պահանջում է լրացուցիչ պարզաբանում։ Նրա պատասխանում բազմիցս կրկնվում է նաեւ այն միտքը, թե նախկին տնօրեններն էլ են աշխատել մի քանի ուղղությամբ։ Սակայն նույնիսկ եթե նման նախադեպեր եղել են նախկինում, դա դեռ չի նշանակում, որ այսօր այն համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին։
Ամենազարմանալին, թերեւս, պետական կառույցների արձագանքն էր։ ԿԳՄՍ նախարարությունը փաստացի չի արձագանքել բարձրացված հարցերին՝ առաջարկելով դիմել այլ մարմնի։ Մինչդեռ հենց նախարարությունն է ոլորտի պետական քաղաքականությունն իրականացնող մարմինը, եւ հանրության մոտ բնական հարց կառաջանա՝ եթե ոչ նախարարությունը, ապա ո՞վ պետք է գնահատի, թե պետական բուհի տնօրենի աշխատանքային ծանրաբեռնվածությունը համատեղելի՞ է նրա հիմնական պարտականությունների լիարժեք կատարման հետ։ Ահա ԿԳՄՍՆ-ի կարճառոտ պատասխանը. «Թեմայի վերաբերյալ հարցումն առաջարկում ենք հասցեագրել Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին»։ Մայր բուհի պատասխանը եւս, մեր գնահատմամբ, չի բխում հարցի էությունից։ Փոխանակ պարզաբաներ՝ ուսումնասիրե՞լ են արդյոք տնօրենի փաստացի աշխատաժամանակը, գնահատե՞լ են համատեղումների օրինականությունը, թե՝ ոչ, պարզապես ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքի հոդվածները։ Սակայն մենք օրենքի բովանդակությունը չէինք հարցրել, այլ՝ արդյոք այդ օրենքը պահպանվո՞ւմ է այս կոնկրետ դեպքում։ Հետեւաբար, ստեղծվում է տպավորություն, որ գլխավոր հարցից պարզապես խուսափել են։ Աշխատանքային օրենսգրքի 99-րդ եւ 139-րդ հոդվածները բավական հստակ կարգավորումներ են նախատեսում համատեղությամբ աշխատանքի եւ աշխատաժամանակի վերաբերյալ։ Ընդ որում՝ 139-րդ հոդվածը պատասխանատվությունը չի դնում միայն գործատուի վրա։ Եթե անձը միաժամանակ աշխատում է տարբեր գործատուների մոտ, ապա հենց ինքը՝ աշխատողը, նույնպես պարտավոր է ապահովել, որ իր աշխատաժամանակը չգերազանցի օրենքով սահմանված առավելագույն չափը։

Ստացված պատասխանների, պաշտոնական փաստաթղթերի եւ դրանցում առկա անհամապատասխանությունների համադրումից տպավորություն ստացանք, որ կան հարցեր, որոնք արժանի են իրավական մանրակրկիտ ուսումնասիրության։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն վերահսկող եւ իրավապահ մարմինները։ Հատկանշական է նաեւ մեկ հանգամանք։ Փաստացի ոչ մի պատասխան չի ներկայացնում աշխատաժամանակի իրական հաշվառման մեխանիզմը։ Եթե բուհում աշխատանքային օրը համընկնում է թատրոնի փորձերի, դասավանդման կամ այլ պարտականությունների հետ, ապա ինչպե՞ս է բացառվում այդ համընկնումը, ինչպե՞ս է իրականացվում աշխատաժամանակի հաշվառումը, եւ ո՞վ է վերահսկում այդ ողջ գործընթացը։ Այս հարցերի պատասխանը չստացանք։

Չստացած հարցերի «փաթեթը» պատրաստվում ենք ներկայացնել նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն եւ իրավասու մյուս մարմիններին՝ ակնկալելով ոչ թե ընդհանուր բնույթի բացատրություններ, այլ իրավական գնահատական հարցին, թե պահպանվե՞լ են Աշխատանքային օրենսգրքի պահանջները, պատշաճ հաշվառվե՞լ է աշխատաժամանակը, իրականացվե՞լ է օրենքով նախատեսված վերահսկողություն։

Որովհետեւ սա մեկ անձի խնդիրը չէ։ Այն վերաբերում է պետական կառավարման որակին, հանրային վստահությանը, օրենքի հավասար կիրառմանը բոլորի նկատմամբ՝ անկախ պաշտոնից, կոչումից, գիտական աստիճանից կամ պետական պարգեւներից։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image