Հասարակություն

Լուծում են փնտրում, որ տեսնեն՝ ատենախոսությունն արտագրությո՞ւն է, թե՞ ոչ

Լուծում են փնտրում, որ տեսնեն՝ ատենախոսությունն արտագրությո՞ւն է, թե՞ ոչ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն, ի շարս այլ պատճառների, հանրության ուշադրության  կենտրոնում է հայտնվել նաեւ իր դոկտորական ատենախոսությամբ։ Եվ այս դեպքում, ինչպես ասում են, բանը հասել է դիվանբաշուն՝ Բարձրագույն որակավորման կոմիտե։ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանն էլ, ուսումնասիրելով խնդիրը, մանրամասն անդրադարձել է դրան՝ Ֆեյսբուքում գրառում կատարելով։

« Ռուբեն Հայրապետյանը դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է 2015թ ապրիլի 16-ին՝ ՀՊՏՀ-ում գործող 014 մասնագիտական խորհրդում և սեպտեմբերի 15-ին ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Ամեն ինչ սկսվեց 2019թ մարտին, երբ ՀՊՏՀ պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը գրություն ուղարկեց Կրթության և գիտության նախարարություն, որին ի պատասխան ԲՈԿ-ը տվել է հետևյալ պատասխանը http://bok.am/wp-cont…/…/2019/08/Grutyun-Gagik-Vardanyan.pdf : Պատասխանն ուղարկելուց հետո, նախարարի իմացությամբ զանգահարել եմ Գագիկ Վարդանյանին՝ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար: Պարոն Վարդանյանն ասաց, որ դադարել է գիտամանկավարժական գործունեությունը և ցանկություն չունի այդ թեմայով զրուցել: Դրանից մի-քանի օր անց հանդիպեցի պարոն Վարդանյանին, որի ընթացքում նա հաստատեց իր դիրքորոշումը:

Դրանից հետո ամիսներ շարունակ օդի մեջ պտտվում էին լուրեր, որոնց արդեն լուրջ չէի վերաբերվում, մինչև հուլիսի 24-ին ԲՈԿ այցելեց դոցենտ Գագիկ Ասլանյանն ու ինձ հանձնեց փաթեթ, որում, ըստ իր վկայության, նշված էին Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործված կտորներն ու սկզբնաղբյուրները։ Նա ասաց, որ դա պարզապես ինձ է տալիս որպես ի գիտություն, այլ ոչ թե հաղորդում ԲՈԿ-ին։ Այդ մասին տեղյակ պահեցի նախարար Արայիկ Հարությունյանին, ով այդ ժամանակ արձակուրդում էր և Հայաստանում չէր: Նախարարը համակարծիք էր, որ պետք է եղելությունը ճշտել: Հավելեմ, որ դոկտորական ատենախոսության պաշտպանության ժամանակ այդ փաստերի մասին ԲՈՀ-ը տեղեկացված չի եղել, ի տարբերություն բազմաթիվ դոկտոր-պրոֆեսորների, որոնք ժամանակին տիրապետելով որոշակի փաստերի, տարիներ շարունակ լռել են: Չեմ պատկերացնում ԲՈՀ-ի կայացնելիք որոշումը, եթե 2015թվականի ամռանը տիրապետեր այդ նյութերին»,- մասնավորապես գրել է Սմբատ Գոգյանը։

ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանից հետաքրքրվեցինք, թե, ի վերջո, Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսությունում թարգմանաբար օգտագործվե՞լ են կտորներն ու սկզբնաղբյուրները, թե՞ ոչ։
«Փաստերը կան։ Բայց եթե փաստերը լինեին հայերեն, ապա մենք հստակ կասեինք, որ կա այդ խնդիրը՝ արտագրություն է։ Բայց քանի որ նյութերն անգլերեն են, մենք էլ չունենք տնտեսագետ աշխատակից, ապա մեզ համար դժվար է միանգամից ասել, թե ինչ է։ Պետք է դիմել տնտեսագետ-փորձագետի։ Կանոնադրությամբ մենք իրավունք չունենք դա անելու, փորձագետ վարձելու իրավասություն չունենք, քանի որ ատենախոսությունը պաշտպանել է։ Մենք այս օրերին մի լուծում ենք մտածել, որ ստացվի՝ կհրապարակենք»,- ասաց Սմբատ Գոգյանը։
Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես են վարվել դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական ատենախոսության  հետ, որի մասին խոսվում էր, թե կա տեքստի համընկնում։ 

«Մենք ասել էինք, որ կա տեքստի համընկնում, նա ասել էր, որ դա գրականության ցանկում է, կապ չունի արդյունքների հետ։ Եվ հիմա որպեսզի ավելի խորը նայենք, մենք պետք է լուծում գտնենք։ Ոնց որ թե գտել ենք»,- արձագանքեց Սմբատ Գոգյանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image