Իր հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ինքնախոստովանական ցուցմունք տվեց, հայտարարեց, որ TRIPP-ը ներդրումային ծրագիր է Հայաստանում, Ադրբեջանում TRIPP չկա: «Միացյալ Նահանգներն առաջնորդելու է այդ ներդրումային գործունեությունը։ Եվ մենք, այդ թվում՝ ֆրոնտ օֆիսը, բեք օֆիսը, պետք է ընկալենք, եւ այդպես է իրականում, ներդրողի ցանկությունը եւ ներդրողի ձգտումը՝ մատուցել հնարավորինս բարձրորակ եւ գրավիչ ծառայություններ, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի դրանից։ Որովհետեւ մենք ասում ենք՝ ֆրոնտ օֆիս, բեք օֆիս, բայց ֆրոնտ օֆիսում կարող է ընդհանրապես մարդ չլինել, այլ լինի արհեստական բանականություն, լինեն գերժամանակակից սարքավորումներ, եւ այդ ֆրոնտ օֆիսի հիմնական գործառույթը կարող է լինել այդ սարքավորումների սպասարկումը եւ այլն»։ Ասաց, որ քննարկումների առարկա է եղել TRIPP-ի գործողության ժամկետը` 99 տարի. «Որոշակի դիսկոմֆորտ ունեինք այս թվերի հետ, նաեւ թիմում, մեկ էլ մի X պահի արձանագրեցինք՝ բայց հլը եկեք մի հատ այլ դիտանկյունից նայենք այս հարցին։ ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետությունում առնվազն 99 տարով իրականացնում է ներդրումային ծրագիր։ Այսինքն՝ աշխարհի թիվ մեկ գերտերությունն ասում է, որ ՀՀ-ն 99 տարի, որպես անկախ, ինքնիշխան պետություն, գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ, եւ այդտեղ լինելու է նորմալ ներդրումային միջավայր։ Փնտրում եմ եւ չեմ տեսնում մեր վաղ պատմության մեջ որեւէ մի ժամանակաշրջան, որտեղ մենք մեր առջեւ 99 տարվա հեռանկար ենք ունեցել, 99 տարվա պլան ենք ունեցել եւ այդ 99 տարվա պլանը մենք գծագրել ենք, նախագծել ենք աշխարհի թիվ մեկ գերտերության հետ։ Ուզում եմ, որ մենք այս պահն իրոք գնահատենք։ Եվ սա հաղորդակցվում եւ թղթակցվում է մեր պետականության հարատեւության այն օրակարգի հետ, որը մենք որդեգրել ենք դեռեւս 2018 թվականին»։ Թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանի հետ:
- Փաշինյանն իր հարցազրույցում խոստովանեց, որ Ադրբեջանում Թրիփ չի լինելու, այն միայն հայկական կողմին է վերաբերում: Իսկ նախկինում պնդում էր, որ չկա միջանցք, կողմերը հավասար հնարավորություններ են ունենալու եւ այլն:
- Այո, ասեմ ավելին` նա նաեւ պնդեց, որ որեւէ մարդ կարող է այնտեղ չլինել, իսկ ի՞նչ է սա նշանակում, որ մեր նախորդ կանխատեսումները լրիվ համապատասխանում են իրականությանը: Այս մարդիկ միջանցք են հանձնում, որի անունը դրել են Թրիփ, բայց խոսքը միջանցքի մասին է… ասում էին` Արցախ ենք հանձնում, որ միջանցք չտանք, ստացվում է, որ հանձնեցին Արցախը, հիմա էլ տալիս են միջանցքը: Այդ դեպքում չէի՞ն կարող գոնե Արցախը պահել: Այժմ այն ֆունկցիան, որ ստանում է ԱՄՆ-ն, պետք է ունենային ռուսները, սակայն քանի որ ամերիկացիների ետեւում կանգնած են թուրքերը, օրվա իշխանությունների համար ընդունելի տարբերակն ԱՄՆ-ն է: Սա է ողջ իրականությունը: Նիկոլ Փաշինյանի ստերի տոպրակը քիչ-քիչ բացվում է, ինչ խոսք, «իդեալական» աշխատանք է կատարել…. Թրիփ գոյություն չունի, կա միջանցք, որից օգտվելու են Ադրբեջանը, Թուրքիան: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ Հայաստանի օդային տարածքն օգտագործելու համար Ադրբեջանը Հայաստանին փոխանցում է 300 հազար դոլար եւ ավելի: Այժմ տեղի է ունենալու մոտավորապես նույն բանը` ցամաքի վրայով, սակայն գումարի 70 տոկոսից ավելին գնալու է ամերիկյան բյուջե: Սա աննկարագրելի մի երեւույթ է: Ասում են` 9 միլիարդ ներդրում են կատարելու, բայց անգլերեն հասկացող քիչ թե շատ մարդիկ ի սկզբանե հասկացել են, որ ոչ թե ԱՄՆ-ն է Հայաստանում ներդրում անում, այլ հակառակը` 9 միլիարդի ներդրում Վենսն իր հետ տանում է ԱՄՆ: Բայց այստեղ եւս մի կարեւոր հարց. իշխանություններն ասում են` ԱՄՆ-ի հետ դաշնակից ենք։ Լավ, ենթադրենք՝ ճիշտ են ասում. Հայաստա՞նն է ավելի հզոր, թե՞ Ամերիկան: Կարծես՝ Ամերիկան։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք ներդրումներ անում, եւ ինչո՞ւ նրանք մեր տնտեսության մեջ ներդրում չեն կատարում: Մենք այն եզակի երկիրն ենք, որ Իրանի եւ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի ու Թուրքիայի քաղաքականության մեջ խաղաքարտ դառնալու համար վճարել ենք տարածքով, հիմա էլ քեշ փող ենք տալիս:
- Իսկ երբ պրոցեսները մտնեն գործնական փուլ, սրան ինչպե՞ս կարձագանքի ռուսական կողմը:
- Ես կարծում եմ, որ այս ամենն այդպես էլ գործնական փուլ չի մտնի: Խոր կասկածներ ունեմ: Բոլորը բացում են իրենց խաղաքարտերը: Ամերիկան աջակցում է Փաշինյանին, բայց դա այն աջակցությունը չէ, որ կար 2021-ին: Թուրքիան եւ Ադրբեջանը եւս աջակցում են Փաշինյանին, Ռուսաստանը բացարձակ չեզոք է, ձեռնպահ: Նույնը կարող ենք ասել Իրանի դեպքում: Այն աջակցությունը, որ Փաշինյանն ուներ 5 տարի առաջ, այժմ չկա: Եթե քաղաքական փոփոխություններ անգամ չլինեն հունիսին, այդ դեպքում էլ ես չեմ կարծում, որ Թրիփը կյանքի է կոչվելու, որովհետեւ աշխարհաքաղաքական ֆունդամենտալ շրջադարձ է լինելու: