«Հրապարակի» զրուցակիցը վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն է։
- Օրերս Երեւան եւ Բաքու այցելեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Հայաստանում, ի դեպ, այս տարի դա նրա երկրորդ այցն էր՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո։ Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը, ինչպես ասում են, «միմյանց սեր խոստովանեցին եւ հավատարմության երդումներ տվեցին»։ Ինչպե՞ս է այս ամենին նայում ԵՄ-ի հետ հարաբերություններն առկախած Վրաստանը, մի՞թե Հին աշխարհամասի հետ կապերը վերականգնելու մոտալուտ շանս չկա։
- Ինչպես է Վրաստանը նայում ԵՄ-ի մերձեցմանը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ․ առաջնորդության կորստի անհարմար զգացողությամբ։ Մինչեւ վերջերս Վրաստանը Հարավային Կովկասի գլխավոր եվրոպական նախագիծն էր։ Աժմ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեկնում է Երեւան եւ Բաքու, իսկ Բրյուսելի հարաբերությունները Թբիլիսիի հետ գործնականում սառեցված են։ Սա շատ լուրջ քաղաքական ձախողում է։ Բայց եկեք, առանց սիրո մասին խոսակցությունների՝ միջազգային քաղաքականության մեջ սեր չկա։ Եվրոպան աշխատում է այնտեղ, որտեղ տեսնում է հետաքրքրություն եւ համաձայնության հասնելու հնարավորություն։ Հարավային Կովկասն այսօր ավելի կարեւոր է դառնում՝ էներգետիկա, տրանսպորտ, ինչպես նաեւ՝ Կենտրոնական Ասիա, Իրան, Սեւ ծով։ Եվ Բրյուսելը պարզապես գնում է այնտեղ, որտեղ դռները բացվում են։ Վրաստանն ինքն է փակել այդ դռները։ Մեր իշխանությունների համար այն երաշխիքը, որ Վրաստանում չի լինի կառավարությանը մարտահրավեր նետող ընդդիմություն, ավելի կարեւոր է դարձել, քան եվրոպական ընտրությունը։ Հնարավո՞ր է վերականգնել հարաբերությունները։ Այո։ Բայց դրան հասնելու համար բավարար չէ ամեն օր կրկնել, որ Վրաստանը եվրոպական երկիր է։ Եվրոպան այսօր նայում է ոչ թե հռչակագրերին, այլ՝ կառավարության գործողություններին։
- Իսկ ի՞նչ են անում Վրաստանի եվրոպամետ ուժերը՝ այդ գործընթացն արագացնելու եւ ԵՄ-ի հետ հարաբերությունները «վերականգնելու» համար, որքան էլ գործող իշխանությունները «կարմիր գծեր» են նշել ԵՄ հետ հարաբերվելիս՝
առնվազն մինչեւ 2028 թվականը։
- Անկեղծ ասած, մինչ այժմ՝ շատ ավելի քիչ, քան պետք է։ Ավելին, վրացական ընդդիմությունը նույնիսկ չգիտի, թե ինչպես մարդկանց փողոց դուրս բերել, առավել եւս՝ բողոքի ցույցերը քաղաքական գործողությունների վերածել։ Սա հատկապես տխուր է, քանի որ Վրաստանում կա եվրոպական ապագայի հսկայական հասարակական պահանջ։ Սակայն այս պահանջի առկայությունը դեռ չի նշանակում, որ կա այն իրականացնելու ընդունակ քաղաքական ուժ։ ԵՄ դրոշները լավ են։ «Իվանիշվիլին պետք է հեռանա» կարգախոսը նույնպես հասկանալի է։ Բայց պետությունը չի կարող կառուցվել դրոշների եւ մեկ կարգախոսի վրա։ Ենթադրենք՝ Իվանիշվիլին վաղը հեռանում է։ Ո՞վ է կառավարում երկիրը հաջորդ օրը։ Ի՞նչ տնտեսական ծրագիր կա։ Իսկ դատարաննե՞րը։ Իսկ ինստիտուտնե՞րը։ Ինչպե՞ս կարող ենք վերականգնել հարաբերությունները ԵՄ-ի հետ։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել իշխանափոխությունը քաղաքական վրեժխնդրության եւս մեկ փուլի վերածելուց։ Վրացական ընդդիմությունը դեռեւս հանրությանը համոզիչ պատասխան չի տվել այս հարցերին։
- Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանն առեւտրային կապեր են սկսել, որի համար կարեւոր տարանցիկ երթուղի է Վրաստանը։ Ձեր երկրում «հաշվե՞լ» են Երեւանի ու Բաքվի այս գործընկերությունից ստացվելիք Թբիլիսիի սեփական եկամուտը եւ որքանո՞վ են կարեւորում այդ կապերի արդյունավետությունը համընդհանուր՝ տարածաշրջանային իմաստով։
- Չեմ ուզում թվեր հորինել։ Ես չունեմ ստուգված հաշվարկ այն մասին, թե որքան է Վրաստանը վաստակել այս տարանցումից։ Սակայն տեղի ունեցողի ռազմավարական նշանակությունը հսկայական է։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես սկսեն տնտեսական համագործակցություն, նույնիսկ շատ սահմանափակ ձեւաչափով, Հարավային Կովկասի տրամաբանությունը կփոխվի։ Տասնամյակներ շարունակ տարածաշրջանն ապրել է փակ սահմանների հետեւում։ Հիմա ի հայտ է գալիս հաղորդակցությունների հաշվին ապրելու հնարավորությունը։ Պետք է հասկանանք. Վրաստանի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաղորդակցությունների բացումը սպառնալիք չէ։ Այն ներկայացնում է հսկայական լրացուցիչ հնարավորություններ։ Մենք պարզապես պետք է պատրաստ լինենք՝ օգտվելու այդ հնարավորություններից։ Ես չեմ ասի, որ ոչինչ չի արվում։ Արվում է։ Զարգանում են ենթակառուցվածքները, եւ կա տարանցման ու նոր տարածաշրջանային կապերի կարեւորության ըմբռնում։ Արդյո՞ք սա բավարար է։ Ոչ, դա բավարար չէ։ Որովհետեւ այժմ այլեւս միայն A եւ B կետերի միջեւ երթուղի լինելու հարց չէ։ Հարավային Կովկասը պետք է դառնա նոր Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի լոգիստիկ, ֆինանսական եւ ծառայությունների կենտրոնը։ Աշխարհագրությունն ինքն իրենով գումար չի բերում։ Դեռ պետք է կարողանալ վաճառել աշխարհագրությունը։
- Հարավային Կովկասի մասով՝ վերջերս Մոսկվան ազդակներ ուղարկեց 3+3 տարածաշրջանային ձեւաչափի անհապաղ վերագործարկման անհրաժեշտության մասին։ Վրաստանի դիրքորոշումը հայտնի է․ բոյկոտում է՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասով ՌԴ-ի հետ ունեցած սկզբունքային տարաձայնությունների պատճառով։ Այդուհանդերձ, ԵՄ-ից, ԱՄՆ-ից, 3+3 հարթակից փաստացի մեկուսանալով, մտավախություն չկա՞, որ Վրաստանը ոչինչ չի շահում։
- Ռուսաստանն օկուպացրել է Աբխազիան եւ, այսպես կոչված, Հարավային Օսիան։ Հետեւաբար, Վրաստանը չի կարող մասնակցել «3+3» ձեւաչափին։ Իմ կարծիքով, այստեղ ընդհանրապես որեւէ քննարկում չպետք է լինի։ Ավելին, այսօր այս ձեւաչափը թունավոր է ոչ միայն Վրաստանի համար։ Կարծում եմ՝ ե՛ւ Բաքուն, ե՛ւ Երեւանը լավ գիտակցում են այն ռիսկերը, որոնք ներկայացնում է այն հարթակը, որտեղ Ռուսաստանը եւ Իրանը փորձում են պահպանել տարածաշրջանային ազդեցության հին ճարտարապետությունն այն ժամանակ, երբ տարածաշրջանն ինքնին արագ փոխվում է։ Հետեւաբար, Վրաստանի խնդիրն այն չէ, որ նա չի մասնակցում «3+3»-ին։ Նա չպետք է մասնակցի։