Հասարակություն

«Հրապարակ». Մարզիկներին մի 5 րոպե ժամանակ են տվել՝ անձնական իրերը հավաքելու, հեռանալու համար

«Հրապարակ». Մարզիկներին մի 5 րոպե ժամանակ են տվել՝ անձնական իրերը հավաքելու, հեռանալու համար

Հուլիսի 6-ին երկիրը ցնցվեց այն արշավից, որն իրականացրին երկրի բոլոր իրավապահ կառույցները՝ միաժամանակ եւ բոլոր ճակատներով հարձակվելով Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների, դրանց տնօրենների, Ծառուկյանի զինակիցների եւ հենց իր՝ Գագիկ Ծառուկյանի վրա։ Նման հարձակում անգամ թշնամու դեմ չի իրականացվել ՀՀ իրավապահների կողմից։
Պարզվեց՝ դիմակավորված ու մինչեւ ատամները զինված հարյուրավոր անձինք ոչ թե երկիրն ու հանրությանը պաշտպանելու համար են, այլ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին տապալելու, ոչնչացնելու, սնանկացնելու եւ կալանավորելու համար, ինչպեսեւ ինքը խոստացել էր նախընտրական քարոզչության շրջանում։ Անգամ անզեն կենդանիներին ու ոչ մի հանցանք չգործած աշխատողներին, հանգստացող զբոսաշրջիկներին, մարզվող սպորտսմեններին, հաշմանդամ երեխաներին չխնայեցին՝ բոլորին պատերին տվեցին, զրկեցին մարզվելու, հանգստանալու, աշխատելու հնարավորությունից։

Իսկ Օլիմպավանում իրավապահները երկու անգամ քննչական գործողություններ կատարեցին՝ մեկ շաբաթ անց կրկին ժամանելով։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Օլիմպավանի տնօրեն Իշխան Սեդրակյանը։ Նշենք, որ առաջին անգամ Օլիմպավանում խուզարկություն իրականացվել էր հուլիսի 6-ին՝ նույն օրը, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տանը եւ նրան պատկանող ձեռնարկություններում քննչական գործողություններ էին կատարվել։

Խուզարկության օրը Օլիմպավանում 4 երկրի տարբեր մարզաձեւերի շուրջ 60 մարզիկ կար, որոնց իրավապահները հեռացրել էին շենքից։ «Այս պահին Օլիմպավանը փակ է, կրկին ստուգումներ են իրականացվել։ Գործողությունները տեղի են ունեցել երեկ, արդեն ավարտվել են։ Մենք տրամադրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, համակարգիչների վինչեստերները։ Հուսանք, որ մեր հիմնարկի բացումը կարագացվի»:

Սեդրակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին խուզարկության օրը՝ հուլիսի 6-ին, Օլիմպավանում ուսումնամարզական հավաքների նպատակով 4 երկրի (ԱՄՆ, Կատար, Ռուսաստան եւ Ղազախստան) տարբեր մարզաձեւերի շուրջ 60 մարզիկ է եղել, որոնց իրավապահներն ընդամենը րոպեներ են տվել՝ անձնական իրերը հավաքելու եւ կենտրոնի տարածքը լքելու համար։ «Մարզիկները զարմացած էին, որովհետեւ որեւէ քաղաքակիրթ երկրում երեւի նման բան չէիր տեսնի։ Իրենց համար աբսուրդ էր այդ վիճակը, մարզիկին մի 5 րոպե ժամանակ են տալիս՝ շորերը, անձնական իրերը հավաքելու համար, ու օտար երկրից եկած մարզիկն անորոշ վիճակում է հայտնվում։ Ի՞նչ մեղավորություն ունի այս ամբողջ պատմության մեջ մարզիկը»- ասաց նա: Հարցին` այժմ որտե՞ղ են սպորտսմենները մարզվում, մեր զրուցակիցը նշեց. «Դեռեւս փակ է տարածքը: Մարզիկները դրսում են մարզվում` Հրազդանի ձորում կա «Բիձեքի գյոլ» կոչված վայր, հավաքականը չի կարող առանց պարապմունքների մնալ: Այսօր կոնկրետ մի խումբ է եղել` 40 հոգի, տեսնենք, թե վաղը ինչ կլինի»: Սեդրակյանի խոսքով՝ Հայաստանում թեպետ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար այլ վայրեր կան, բայց Օլիմպավանի հետ համադրելի չեն, պատահական չէ, որ հենց սա է կառուցվել որպես օլիմպիական մարզաբազա։
«Ուսումնամարզական հավաքներն ամեն մեկն իր տեղանքն ունի, անհրաժեշտ ճնշում եւ այլն։ Նման վայր ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ տարածքում էլ շատ քիչ կա»,- ասաց տնօրենը։

Նա նշեց` կենտրոնն ունի 180 սենյակ, եւ այդքան մարզիկ կարող է միաժամանակ 5-6 մարզաձեւի մարզումներ անցկացնել։ Բացի այդ, բազմաթիվ պրոֆեսիոնալ եւ սիրողական մարզվողներ կան, որոնք ունեն աբոնեմենտներ, նրանք եւս անորոշ վիճակում են հայտնվել։ Սեդրակյանի խոսքով՝ միջնորդություն են ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե՝ խնդրելով թույլ տալ գոնե մասնակի վերականգնել կենտրոնի աշխատանքը կամ առնվազն թույլ տալ տեխնիկական սպասարկում իրականացնել։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image