Քաղաքականություն

«Հրապարակ». ՔՊ-ականներն ուզում են հակասահմանադրական նախագիծ ընդունել

«Հրապարակ». ՔՊ-ականներն ուզում են հակասահմանադրական նախագիծ ընդունել

Խորհրդարանական ընտրությունների արդյունքների թանաքը դեռ չչորացած՝ սահմանադրական մեծամասնություն չստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրենքի նախագիծ շրջանառեց, որով ցանկանում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին զրկել ընտրելու իրավունքից, եթե նրանք ընտրություններին նախորդած տարում փաստացի առնվազն 183 օր, այսինքն` 6 ամիս չեն ապրել Հայաստանում։

Նախագծի հեղինակներից մեկը` ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը, լրագրողների հետ զրույցում չթաքցրեց անգամ, որ առաջարկվող փոփոխությունն ուղիղ կապ ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ: Թե հատկապես ինչով է պայմանավորված իշխող ուժի դժգոհությունը, որը հանգեցրել է արտերկրում ապրողների ընտրական իրավունքը սահմանափակելու որոշմանը, պատգամավորն այդպես էլ չհստակեցրեց: Փոխարենը պնդեց՝ նախագիծն իբր միտված է Հայաստանում մշտապես բնակվող քաղաքացու եւ պետության միջեւ կապի պահպանմանը: Առաջարկվող սահմանափակումները չեն վերաբերելու միայն այն քաղաքացիներին, որոնք արտերկրում են գտնվում «հանրային ծառայության կամ կրթություն ստանալու» նպատակով:
Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են՝ քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, այն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ առկա է իրական կապ անձի եւ պետության միջեւ: Պարզ ասած՝ ՔՊ-ականները միայն Հայաստանի անձնագիր ունենալը ընտրությանը մասնակցելու համար բավարար չեն համարում: Կարծում են, որ պետության ապագան պետք է որոշեն նրանք, ովքեր ապրում են Հայաստանում:

Զավեշտն այն է, որ մի կողմից պնդում են, թե քաղաքացիությունը չի կարող լինել միայն ֆորմալ իրավական կապ, մյուս կողմից` սահմանափակում են մտցնում ֆիզիկական ներկայության ֆորմալ բացակայության, այն է՝ ընտրություններին նախորդած տարում փաստացի Հայաստանում 183 օր չգտնվելու հիմքով։ Ընդդիմադիր եւ փորձագիտական շրջանակներից արձագանքելով ՔՊ-ականների նախագծին՝ ընդգծեցին, որ սա հասարակությանը հերթական անգամ պառակտող ձեռնարկն է իշխանության կողմից, որով փորձում են արտերկրում ապրող հայրենակիցներին զրկել ընտրելու իրավունքից։ Նախընտրական փուլում ՔՊ-ականները հատկապես խոսում էին Ռուսաստանից ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանողների մասին՝ պնդելով, թե նրանց նկատմամբ ճնշումներ են գործադրվել, որ ընդդիմության օգտին քվեարկեն։

Մինչդեռ ամենաաբսուրդն այն է, որ այս փոփոխությունը հակասում է մայր օրենքին՝ ՀՀ Սահմանադրությանը, որի 48-րդ հոդվածի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք»։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, հղում անելով մայր օրենքի հիշյալ հոդվածին, պնդում է. «Այսինքն, չի կարող որեւէ ձեւով սահմանափակվել ընտրելու իրավունքը, եւ նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը»։ Ստացվում է՝ սահմանադրական մեծամասնությունից զրկված իշխանականներն իրականում փորձում են փոխել Սահմանադրությունը, բայց դա անում են Ընտրական օրենսգրքի միջոցով, մինչդեռ անգամ դպրոցականներին հայտնի է, որ Սահմանադրությունը գերակա ուժ ունի մյուս բոլոր օրենքների նկատմամբ, իսկ Սահմանադրության դրույթները կարող են փոխվել միայն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանին երեկ հարցրինք՝ արդյոք Սահմանադրությունը չունի՞ ավելի բարձր իրավաբանական ուժ, եւ դա չի՞ նշանակում, որ ՔՊ-ականների ներկայացրած օրենսդրական առաջարկը չի կարող կյանքի կոչվել, քանի որ այն հակասահմանադրական է։ Իոաննիսյանի առաջին արձագանքն այն էր, որ ինքը ՍԴ դատավոր չէ, որ որոշի՝ Սահմանադրությանը համապատասխանող է, թե՝ ոչ։ ՔՊ-ականների հեղինակած նախագիծը, Ձեր կարծիքով, չի՞ հակասում Սահմանադրությանը, որը սահմանում է բոլորի ընտրական իրավունքը՝ կրկին պնդեցինք մենք։ «Բնականաբար, Սահմանադրությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունի, դա ե՞ս պետք է ասեմ, ինձ թվում էր` դա գրված է սեւով սպիտակի վրա»: Բայց ՔՊ-ականները կարծես չգիտեն դրա մասին։ «Ինչո՞ւ` ՔՊ-ականներն ասում են, որ Սահմանադրությունն ավելի բարձր իրավաբանական ուժ չունի՞»: Եթե օրենքի նման նախագիծ են հեղինակել եւ ուզում են այս խորհրդարանում ընդունել, այո, ստացվելու է, որ Սահմանադրության դրույթն անտեսվում է` Ընտրական օրենսգրքում Սահմանադրությանը հակասող դրույթ են ուզում մտցնել: «Դե, եթե ինչ-որ մեկը համարում է, որ այս օրենքը հակասում է Սահմանադրությանը, կարող է գնալ Սահմանադրական դատարան»,- ասաց Իոաննիսյանը:

Իսկ Դուք համարում եք, որ չի՞ հակասում։ «Ես համարում եմ, որ ինքը հակասում է այնքանով, ինչքանով Ընտրական օրենսգրքի ներկայիս կարգավորումները` կապված ՏԻՄ-երում քվեարկելու իրավունքի հետ»: Այսի՞նքն։ «Ես հիմա այդքան մանրամասնելու ժամանակ չունեմ․․․ ՏԻՄ-երում քվեարկելու իրավունքը նույնքանով է հակասում կամ չի հակասում Սահմանադրությանը, ինչքան այն, ինչ որ համապետական ընտրությունների մասով առաջարկում են ՔՊ-ականները»։ Իոաննիսյանին հարցրինք՝ չի՞ ստացվում, որ հիմա Սահմանադրության հոդվածն են փոխում ՔՊ-ականները` թաքուն: Զարմանալի պատասխան ստացանք․ «Սահմանադրության հոդվածում համապատասխան փոփոխություն երեւի անելու ենք, ընդ որում՝ ավելի ռադիկալ»։ Այո, երբ Սահմանադրությունը կփոխեք, նոր տեքստ կգրեք, կբերեք սահմանադրական հանրաքվեի` կարող եք ցանկացած բան փոխել: Բայց այս պահին դեռ գործող Սահմանադրությունն է գործում, եւ չի կարելի Ընտրական օրենսգրքում փոփոխություն անել, որը հակասում է Սահմանադրությանը եւ չեղարկում ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքը:

ՀԳ․ Ի դեպ, ՔՊ-ին այսքան վախ պատճառած սփյուռքահայերի ձայներն այնքան շատ չեն, որ որեւէ կերպ ազդեն ընտրությունների վրա: Ամենաստույգ հաշվարկներով, հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելու համար Հայաստան է ժամանել հազիվ 10 հազար մարդ: Մինչդեռ եղել է ժամանակ, երբ սփյուռքում տեղամասեր են բացվել, եւ ՀՀ քաղաքացիները քվեարկել են նաեւ արտերկրում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image