Հասարակություն

Տուգանքի մատերիալ կամ՝ խախտի՝ փող տու, քշի…

Տուգանքի մատերիալ կամ՝ խախտի՝ փող տու, քշի…

- Քաղաքացին տուգանքի մատերիալ չի, եւ էլի կրկնում եմ՝ չգիտեմ որերորդ անգամ: Որովհետեւ էն համակարգը, երբ որ մենք քաղաքացուն ասում ենք՝ երթեւեկության կանոնը խախտի՝ փող տու, քշի, երթեւեկության կանոնը խախտի՝ փող տու, քշի, երթեւեկության կանոնը խախտի՝ փող տու՝ էլի քշի, երթեւեկության կանոնը խախտի՝ էլի փող տու՝ էլի խախտի, էլի փող տու՝ էլի խախտի, էլի փող տու՝ էլի խախտի, խախտի՝ փող տու, փող տու՝ խախտի, խախտի՝ փող տու, փող տու՝ խախտի… Հիմա ի՞նչ փոխվեց: Մենք եկանք ասինք՝ տենց չի, ժողովուրդ ջան…
Ոնց էլ չալարեցի, «Գուգլը» քրքրեցի ու հանեցի Նիկոլի այս հանճարեղ ելույթը՝ «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» թեմայի շրջանակներում: Ի դեպ, ԱԺ-ում է հնչել այս ելույթը, եւ ես կարծում եմ, որ շատերն են լսել, նույնիսկ նրանք, որ քաղաքականությամբ առհասարակ չեն զբաղվում:

Կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ իսկ ինչո՞ւ «Գուգլը» քրքրեցիր ու հանեցիր այս ելույթը: Բացատրեմ: Բանն այն է, որ ես եւ մեր ճանապարհային ոստիկանությունը (կարճ՝ ԳԱԻ-ն) հիմա այս նույն փոխհարաբերության մեջ ենք, միայն թե՝ հակառակ ուղղությամբ․ իրենք տուգանում են՝ ես փողը չեմ տալիս, ես փողը չեմ տալիս՝ իրենք էլի տուգանում են, իրենք էլի տուգանում են՝ ես էլի փողը չեմ տալիս: Երբ իրենք արդեն շատ են տուգանում, ու ես փողը չեմ տալիս, իրենք դիմում են ԴԱՀԿ-ին: Հետո այս նույն բանը կատարվում է ԴԱՀԿ-ի հետ: ԴԱՀԿ-ն փողն ուզում է՝ ես չեմ տալիս, ես չեմ տալիս՝ ԴԱՀԿ-ն էլի է ուզում: Դե, իսկ վերջում ԴԱՀԿ-ն մտնում է իմ բանկային հաշիվների մեջ ու փողերս տանում: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, այսինքն՝ ես, այնուամենայնիվ, տուգանքի մատերիալ եմ: Նիկոլն ինչքան ուզում է, թող մեջտեղից ճղվի, միեւնույն է՝ վերջնարդյունքը նույնն է․ ես տուգանվում եմ ու դեռ մի բան էլ ավելի, ԴԱՀԿ-ի վերադիրը՝ ներառյալ:

Եթե ճիշտն ասեմ՝ իմ հույսը հիմա Արփի Դավոյանն է, որ շուտ նշանակվի արդարադատության նախարար ու ԴԱՀԿ-ի ախորժակը փակի: Արփի, ես քո ֆանատն եմ: Այո, բայց եկեք չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել: Եվ, ուրեմն, ինչպես ասացի` ԳԱԻ-ն ինձ տուգանում է, ես փողը չեմ տալիս, ԳԱԻ-ն ինձ էլի տուգանում է՝ ես էլի փողը չեմ տալիս, էլի տուգանում են՝ էլի չեմ տալիս, ինչքան չեմ տալիս, էլի տուգանում են… Բայց այնպես էլ չէ, որ չորով ասում եմ՝ չեմ տալու: Ամեն նոր տուգանքի հետ գնում եմ ԳԱԻ, բողոքարկում եմ որոշումը, եւ, գրեթե միշտ, ԳԱԻ-ում չեն կարողանում ինձ համոզել, որ խախտում եմ արել: Ո՞ր մեկն ասեմ: Մի անգամ Ամիրյան փողոցում, որտեղ «գրպանիկներ» կային, կանգառ էի կատարել: Տուգանել էին, թե սխալ ես կանգնել: Բողոքարկեցի: Ակտի մեջ գրել էին, որ խախտումն արձանագրել է Ֆրիկի փողոցի այսինչ տեսանկարահանող սարքը: Ասի՝ այ ձեր ցավը տանեմ, Ֆրիկի փողոցն ուր, Ամիրյանն ուր, էս ի՞նչ եք անում: Բնականաբար, շշկռվեցին եւ տուգանքը հանեցին, այսինքն՝ չվճարեցի: Հետո մի ուրիշ առիթով տուգանեցին, այս անգամ՝ Կոմիտասի վրա: Թե բա՝ սխալ ես կանգնել: Զարմացա՝ ո՞վ: Դու, սա քո մեքենան չէ՞: Չէ: Ո՞նց թե: Չէ, էլի, «նետ»: Հեսա համարները մեծացնեմ՝ տես: Մեծացրու… Մեծացրեց, մեծացրեց… Ոչ մի կերպ թվերը չերեւացին: Դրանից հետո ես անցա հարձակման՝ պարոն տեսուչ, եթե քեզ այսպիսի ակտ ուղարկեին, դու կվճարեի՞ր: Գլուխը քորեց: Այդ անգամ էլ տուգանքը հանեցին, այսինքն՝ ես էլի չվճարեցի: Եվ այսպես բազմաթիվ անգամներ, մինչեւ գլխի ընկա, որ ԳԱԻ-ն, կարծես, ճանաչում է ինձ, նշան է բռնել իմ մեքենային եւ անպայման ուզում է ինձ տուգանել: Վիզ են դրել՝ հասկանում ես:

Օրերս էլ մեր շենքի դիմաց էին նկարել մեքենաս ու տուգանքի թուղթ ուղարկել, թե բա՝ խախտել ես «կանգառն արգելվում է» նշանի պահանջը: Ես, որ այդ շենքում եմ ապրում արդեն 40 տարի, իմ օրում «կանգառն արգելվում է» նշան այդ վայրում տեսած չկայի: Ուշադիր նայում եմ տեսանյութը, որտեղ, ի դեպ, իմ պատշգամբն էլ է երեւում: Ու ի՞նչ է պարզվում՝ Նիկոլ Փաշինյանի ԳԱԻ-ն բերել, մի այդպիսի նշան է կախել Տարոն Մարգարյանի կառուցած վերգետնյա անցումի սյունից, եւ այնքան խորք ընկած, որ ոչ մի կերպ չի կարող ազդել իմ կանգնած տեղի վրա: Ըստ ձեզ՝ ես ի՞նչ պետք է անեի: Այո, չվճարեցի: Ես չվճարեցի, բայց ԳԱԻ-ն շարունակեց ինձ տուգանել, գործը տարան ԴԱՀԿ, ու հիմա սպասում եմ, որ ԴԱՀԿ-ն կմտնի իմ բանկային հաշիվների մեջ ու այնտեղից գումարը կտանի, իր փողն էլ՝ հետը: Բայց որքանո՞վ է սա արդար:

Ոստիկանությունը՝ ինքը, իրավապահ համակարգի մի մասն է, կարծեմ: Բա որ ոստիկանությունն այսպես է աշխատում, պատկերացնո՞ւմ եք, թե նրա պասով ԴԱՀԿ-ն ու մյուս կառույցներն ինչպես կաշխատեն․ երթեւեկության կանոնը խախտի՝ փողը տու, քշի, երթեւեկության կանոնը խախտի՝ փողը տու, քշի, երթեւեկության կանոնը խախտի՝ փողը տու, էլի քշի, երթեւեկության կանոնը խախտի՝ էլի փող տու, էլի խախտի, էլի փող տու, էլի խախտի, էլի փող տու, էլի խախտի, խախտի՝ փող տու, փող տու՝ խախտի, խախտի՝ փող տու, փող տու՝ խախտի… Ականջդ կանչի, Նիկոլ… Թե բա՝ ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չի:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image