Հարցազրույց

«Հրապարակ»․ Ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելիս այսքան ձայն անվավեր ճանաչվի

«Հրապարակ»․ Ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելիս այսքան ձայն անվավեր ճանաչվի

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանն է:

- 7 քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Աննախադեպ երեւույթ է, որ այսքան շատ ուժեր դիմեն ՍԴ` չճանաչելով ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել, որ Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցելու դիմումների քննությանը, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» կողմերի հանդեպ: Նրանցից մեկը «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, մյուսը` ՔՊ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նախկին գործիչներին ուղարկել է ՍԴ, ուստի նման որոշումն անխուսափելի էր: «Հայաստան» դաշինքը դիմել է նաեւ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը կասեցնելու պահանջով, քանի որ նա Մարտի 1-ի գործով ներկայացուցիչ է եղել, զեկույցի համահեղինակ եւ կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ ՍԴ-ն կարո՞ղ է անաչառ որոշում կայացնել, թե՞ ոչ: Նկատենք նաեւ, որ 2021-ին էլ «Հայաստան» դաշինքը դիմել էր ՍԴ՝ նույն պահանջով, սակայն մերժվեց:

- Անկողմնակալ արդյունքի, որոշման վերաբերյալ թերահավատ եմ, հաշվի առնելով այսօրվա Սահմանադրական դատարանի կազմը: Այո, երկու դատավոր չեն մասնակցելու գործի քննությանը, սակայն Սեդա Սաֆարյանը մասնակցելու է, նրա օբյեկտիվությունը եւս ինձ համար կասկածի տակ է: Նույն հիմքերով նա նույնպես չպետք է մասնակցեր, հաշվի առնելով նրա նախկին կուսակցական պատկանելությունը, նրա հայտարարությունները եւ այլն: Նա ինչքանո՞վ կլինի օբյեկտիվ՝ մեծ հարցական է: Վերջնական արդյունքի մասին կդժվարանամ հստակ գնահատական տալ այս պահին, սակայն կարող եմ ասել, որ կուսակցությունները ճիշտ են արել` դիմելով ՍԴ, ես դրական եմ վերաբերվում այս քայլին:

- Բայց եթե ՍԴ-ն անկողմնակալ չէ, եւ արդյունքում արդարությունը չի վերականգնվելու, ի՞նչ է տալու ՍԴ դիմելը, ընդդիմադիր զանգվածին եւս մեկ անգամ հիասթափեցնելուց բացի:

- Իսկ եթե չդիմեին, ի՞նչ էին շահելու: Ենթադրենք՝ չեն դիմել, ի՞նչ է տալու դա: Անկախ վերջնարդյունքից, Սահմանադրական դատարան դիմելն իրավական առումով ճիշտ քայլ էր: Նույնիսկ եթե այն բացասական վճիռ կայացնի, հայցվորները հերթական ապացույցը կունենան իրենց ձեռքին, թե Հայաստանում օրենքն ինչպես է գործում: Եթե չդիմեին ՍԴ, հասարակությունը կարող էր հարցնել` ինչո՞ւ չդիմեցիք, գուցե դատարանն օբյեկտիվ վճիռ կայացներ….

- Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի օրենքին դեմ գնաց, անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքները, ապա հայտարարեց, որ վերաքվեարկություն չի նշանակելու: Ի՞նչ քայլ է սա:

- Պարտադիր չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ աննախադեպ երեւույթ է սա: Մենք լսել էինք մոլդովական սցենարի մասին, լսել էինք ռումինական սցենարի մասին, բայց պարզվեց, որ կա նաեւ հայկական սցենար, ինչն առավել աննախադեպ է, քան մնացյալը: Ձայները հաշվելու ընթացքում ԿԸՀ-ն ուղղակի որոշում է, որ պետք է 3 հազար ձայն անվավեր ճանաչի եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կատարի: Նման երեւույթ ոչ միայն Հայաստանում երբեք չի եղել, այլեւ ամբողջ աշխարհում սա չլսված բան է, ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելու ընթացքում այսքան ձայն կարող է ուղղակի անվավեր ճանաչվել, ու նոր քվեարկություն չնշանակվել:

- Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ընդդիմության երեք առաջնորդներին տասը տարով բանտարկելու է, ունեզրկելու է, այն դեպքում, երբ նրանցից առնվազն երկուսը գոնե պետական չինովնիկ երբեք չեն եղել, ի տարբերություն Փաշինյանի եւ իր թիմակիցների:

- Նա այսպիսի հայտարարություններ անելու իրավունք չունի: Մեր երկիրն այս ճանապարհով գնում է դեպի բռնապետություն: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները վերջին տարիներին միաձուլվել են՝ դառնալով մեկ ընդհանուր իշխանություն, ինչը շատ վատ է: Գործադիրն ու օրենսդիրը վաղուց են միացվել, մնացել են սակավաթիվ դատավորներ, շուտով այս համակարգն էլ լրիվ կվերցնեն իրենց հսկողության տակ, ու վերջ…. Բռնապետությունը պատրաստ է:

- Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է նպաստել այս ամենին, անգամ կարծիքներ կան, որ Կարեն Անդրեասյանի ժամանակ այսքան վատ չէր այս կառույցի վիճակը, որքան հիմա է:

- Կարեն Անդրեասյանն աշխատում էր անօրեն: Վկայությունն այն տասը գործերն են, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մեկուկես տարվա ընթացքում նա ուղղակի որոշեց առանց որեւէ հիմքի դադարեցնել տասը դատավորի գործունեություն: Ինչ վերաբերում է այսօրվա ԲԴԽ-ի աշխատանքին, ապա ես ոչ մի դրական բան չեմ լսել, չեմ տեսել, սակայն այն կարծիքին եմ, որ Կարեն Անդրեասյանից վատ այդ կառույցը ոչ ոք չի ղեկավարել:

- Ըստ Ձեզ` ինչպե՞ս ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը հավաքեց ամենաշատ ձայները: Թեպետ նա չունի սահմանադրական մեծամասնություն եւ հավաքել է ընդամենը 49 տոկոս ձայն, սակայն մյուսներն ավելի քիչ ձայներ են հավաքել: Արդա՞ր էին այս ընտրությունները` Ձեր կարծիքով:

- Պետք է սպասենք ՍԴ որոշմանը, սակայն, ամեն դեպքում, մենք տեսանք, որ աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառվել, քրեական գործերը, որոնք ընտրություններից առաջ հարուցվեցին, անթիվ էին եւ անհամար, դրան էլ գումարած` այսքան ձայներ անվավեր ճանաչելը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image