Հասարակություն

«Հրապարակ»․ Նպատակը մարդկանց օգնելը պետք է լինի, ոչ թե մարդկանց հաշվին գումարներ խնայելը

«Հրապարակ»․ Նպատակը մարդկանց օգնելը պետք է լինի, ոչ թե մարդկանց հաշվին գումարներ խնայելը

Հայաստանում փոխել են ընտանիքների անապահովության գնահատման կարգը։ «Փարոս» անունով հայտնի նախկին համակարգը, որը գործում էր 90-ականներից եւ քանիցս փոփոխություններ է կրել, հիմա էլ փոխարինվում է նոր՝ թվային մոդելով։ 2025 թվականի մարտի 17-ից գնահատման նոր համակարգը փորձնական (պիլոտային) եղանակով գործարկվել է Սյունիքի եւ Կոտայքի մարզերում։ Նոր անապահովության համակարգի համաձայն` այն ընտանիքները, որոնք կդիմեն նպաստ ստանալու համար, պետք է համապատասխանեն մի շարք պահանջների: Դրանք են. 

Շարժական գույք. եթե ունեք ավտոմեքենա, որի գույքահարկը բարձր է սահմանված չափից (2015-ից բարձր արտադրության մեքենա կամ 12 հազար դրամ + գույքահարկով)
Անշարժ գույք. եթե ունեք տուն կամ այլ շինություն, որի գույքահարկը գերազանցում է սահմանաչափը (4 հազար 200 դրամ՝ մարզերում, 12 հազար դրամ՝ Երեւանում)
Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը (բացի անհատ ձեռներեցությունից, եթե չունի վարձու աշխատող)

Վարկային պարտավորություններ. սահմանված շեմը գերազանցելու պարագայում (յուրաքանչյուր չափահասի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով)
Մաքսավճարներ. եթե կատարել եք ապրանքների ներմուծման կամ արտահանման մաքսային վճարներ (յուրաքանչյուր չափահասի հաշվով՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով)
Էլեկտրաէներգիա. եթե ամառային ամիսներին էլեկտրաէներգիայի ծախսը գերազանցում է թույլատրելի շեմը։ Այն հաշվարկվում է այսպես՝ 90 կՎտ ժամ (ամբողջ ընտանիքին) + 20-ական կՎտ ժամ ամեն անդամի համար (օրինակ՝ 4 հոգանոց ընտանիքի համար շեմը 170 կՎտ ժամ է (90+4×20))։
Բնական գազ. եթե տարեկան սպառումը գերազանցում է սահմանված շեմը՝ 600 խմ (ամբողջ ընտանիքին) + 110-ական խմ՝ ամեն անդամի համար։
Բարեկեցության գնահատում. տնայցի (Միասնական սոցիալական ծառայության մասնագետն այցելում է ձեր բնակարան) արդյունքում ընտանիքը բարեկեցիկ ճանաչելու հանգամանքը։
Այլ հիմքեր.
Անշարժ գույքի գրավադրմամբ վարկի առկայությունը։
Ընտանիքում պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխա ունենալը։ 

Նկատենք, որ անապահովության պահանջները տարեցտարի խստացվում են՝ մի նպատակով, որ հնարավոր քիչ մարդ համապատասխանի այդ պահանջներին, եւ իշխանությունը կարողանա հայտարարել, որ աղքատությունը երկրում կրճատվել է, իսկ նպաստների կրճատումից խնայողություններ անեն, որ պետական ապարատի պարգեւավճարներն ավելացնեն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչ փոփոխություն է սա, որն է նպատակը, եւ արդյո՞ք վերոնշյալ պահանջները, ասենք՝ կրթությունից դուրս մնացած երեխա ունենալու հանգամանքը, կապ ունեն անապահով լինելու հետ: Ի վերջո, մարդիկ կարող են լավ սովորող երեխաներ ունենալ, սակայն հացի փող չունենալ, կամ` կարող են ունենալ անշարժ գույք, միեւնույն ժամանակ լինել ծայրահեղ աղքատ: Առաքելյանը, անդրադառնալով թեմային, ասաց. «Նպաստների համակարգում վերջին տարիներին սկսվել են նպաստների համակարգի, չասենք` բարեփոխումները, այլ՝ փոփոխությունները: Այս համակարգը ներդրվել էր դեռեւս 90-ականներին, որը գործ ուներ բավականին լուրջ եւ խնդրահարույց զանգվածի հետ: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր սոցիալական ծայրահեղ ծանր վիճակում են եւ տասնամյակներով չեն կարողանում այդ վիճակից դուրս գալ: Այս փոփոխությունների նպատակն իբրեւ այն է, որ ամեն բան լինի ավելի հասցեական: Այն չափանիշները, որոնց հիման վրա ընտանիքը համարվում էր աղքատ, շատ հաճախ չէր արտացոլում իրական պատկերը, եւ որոշ ընտանիքներ ստանում էին նպաստ՝ չունենալով դրա անհրաժեշտությունը, սակայն ընտանիքներ էլ կային, որ հացի գումար չունեին, սակայն նպաստառու չէին համարվում: Հետեւաբար, այս փոփոխությունների նպատակն այն է, որ ամեն ինչ լինի հասցեական, իհարկե, կդժվարանամ ասել` արդյունավետությունը, այս փոփոխություններով պայմանավորված, կբարձրանա՞, թե՞ ոչ: Ժամանակին, երբ ես նախարար էի, ցանկանում էինք իմանալ, թե որոնք են աղքատության պատճառներն ու հետեւանքները: Օրինակ` եթե մարդը կացարանային խնդիրներ ունի` տաք ջրի, ջեռուցման խնդիր եւ այլն, եւ պետությունից ստանում է 50 հազար դրամ նպաստ, դա չի նշանակում է, որ նրա տաք ջրի հարցը լուծվեց, փոխվեց բարեկեցությունը: Գուցե դրանով մարդը կարողացավ իր սննդի հարցերը լուծել, բայց, մեծ հաշվով, իր խնդիրները չեն լուծվում: Այսինքն` շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ կոնկրետ խնդիրներ են առկա, եւ նպաստել, որ մարդիկ դուրս գան այդ վիճակից, այլ ոչ թե իքս գումարներ ստանան, ու վերջ: Օրինակներ շատ կան նաեւ, որ մարդիկ տարիներով նպաստներ են ստացել, սակայն դրա կարիքը չեն ունեցել, անշարժ եւ շարժական գույքը բարեկամների անունով էին գրանցում, անասունները հարեւանների բակում էին մորթում եւ աղքատ ներկայանում: Այս մտահոգությունը միշտ ակտուալ է, թեպետ գույքի առկայությունը մյուս կողմից չի երաշխավորում, որ մարդն աղքատ չէ: Մարդը կարող է ունենալ մեքենա, դաշտից տուն տեղափոխվելու համար, սակայն լինել աղքատ: Ինչու եմ այս մասին խոսում հիմա․ որովհետեւ պետության ֆունկցիան ոչ թե այն է, որ աղքատ մարդիկ պետությունից գումար չստանան, այլ այնպես անի, որ աղքատ մարդիկ համակարգից դուրս չմնան: Երբ դնում ես նպատակ, որ մարդկանց ուղղակի պետք է համակարգից դուրս թողնես, որովհետեւ նրանք լավ են ապրում, նշանակում է՝ դու, որպես պետության ղեկավար, համակարգը չես կարողանում աշխատեցնել, քանի որ համակարգի նպատակը մարդկանց օգնելն է, ոչ թե մարդկանց հաշվին գումարներ խնայելը: Պետությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի համակարգից որեւէ կարիքավոր մարդ դուրս չմնա: Աղքատությունն այնպիսի բան է, որ այսօր կա, վաղը գուցե այն վերանա: Որպեսզի հասկանալի լինեն իրական կարիքները, սոցիալական աշխատողները պետք է մշտապես շփումներ ունենան նպաստառու ընտանիքների հետ: Դրվել են չափանիշներ, որոնք իրապես կարող են չբացահայտել՝ ընտանիքն աղքա՞տ է, թե՞ ոչ: Ընտանիքում կարող է բոլորը կրթություն են ստացել կամ մեքենա ունեն, բայց նպաստի կարիք ունեն, չափանիշները պետք է ուղիղ կապ ունենան աղքատության հետ, այլ ոչ թե հենց այնպես, ուղղակի, որպեսզի մարդիկ զրկվեն նպաստներից: Այն, որ փոփոխություններ պետք էին, ես դրա հետ համաձայն եմ, սակայն համակարգը պետք է արագ արձագանքի խնդիրներին»:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image