Ինչ պետք է անեն այն հայ ֆերմերները, որոնք կորցնում են իրենց ապրանքի իրացման շուկան: Փաշինյանն առաջարկում է նոր շուկա գտնելը․ աշխարհում բացի ռուսականից 7 միլիարդանոց շուկա կա, բայց նույն տրամաբանությամբ՝ աշխարհում 200-ին մոտ երկիր կա, ինքն ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի պաշտոնը բռնազավթած պահում, թող փորձի որեւէ այլ երկրում գունավոր հեղաշրջում անել, մի քանի տարի էլ այդ երկրում վարչապետ աշխատի, եթե, իհարկե, անմիջապես չտեղափոխեն համապատասխան մասնագիտացված բուժհաստատություն: Բայց հիմա խոսքը հայ ֆերմերների մասին է. եթե Փաշինյանին հաջողվի կրկին բռնազավթել իշխանությունը, ի՞նչ է սպասվում հայ ֆերմերներին, Հայաստանում մոտ 300 հազար գյուղացիական տնտեսություն կա: Սա շատ կարեւոր է, քանի որ մարդիկ պետք է հասկանան, թե ինչ ապագա է իրենց սպասվում, չնայած նրանց մի մասը երեւի գլխի է ընկնում:
Այս հարցի պատասխանը շատ պարզ է, գոնե նրանց 90 տոկոսը սնանկանալու է, Հայաստանի ո՛չ ելակը, ո՛չ ծաղիկը, ո՛չ լոլիկը եւ ո՛չ էլ պղպեղը որեւէ եվրոպական շուկայում պահանջարկ չի ունենալու, չեն էլ թողնելու, որ դրանք այնտեղ մուտք գործեն, ԵՄ չափանիշներն անհամեմատ ավելի խիստ են, ճանապարհը՝ երկար ու ծախսատար: ԵՄ-ն կարող է ինչ-որ ֆինանսական աջակցություն տրամադրել, բայց այդ գումարը նստելու է ԵՄ եւ ՀՀ չինովնիկների հաշիվներին` հայ գյուղացուն չի հասնելու: Սնանկացած մարդկանց մի մասն արտագաղթելու է կամ, ինչպես ասում են պրոնիկոլական ակտիվիստները` «ս..ր» են լինելու Հայաստանից, քանի որ իրենց բողոքով, իրենց խնդիրները բարձրաձայնելով վնասում են իրենց արժանապատվությանը: Սրանց ընկալմամբ՝ արժանապատվությունն այն է, երբ դու ստրկական հնազանդությամբ ենթարկվում ես տերերի կողմից քեզ բերված բոլոր փորձություններին: Ամեն մեկն արժանապատվության իր ընկալումն ունի:
Եթե Հայաստանում արտադրված ապրանքը չի արտահանվում, ապա տեղի է ունենալու գերարտադրություն, երկրի պահանջարկն ավելի փոքր է, քան ներքին արտադրությունը: Հայաստանի բնակչությունը չի կարող այդքան ելակ, պոմիդոր կամ պղպեղ սպառել, որքան արտադրվում է: Որոշ թաքնված պրոիշխանական քարոզիչներ առաջարկում են սառեցնել արտադրված ապրանքը կամ մուրաբա եփել, բայց թե հետո ում է պետք այդ ելակի, ծիրանի, կեռասի կամ չվաճառված վարդերից մուրաբան, ոչ մեկը չգիտի: Ես ավելի մարդասիրական տարբերակ ունեմ` Ռուսաստան չարտահանվող ապրանքը կարելի է փորձել վաճառել այլմոլորակայիններին: Սա ավելի մարդասիրական է, քանի որ մարդուն չես ստիպում իր չիրացված ապրանքի վրա մի հատ էլ նոր ծախս անել եւ մտածել, թե այդ ապրանքն ինչ անի:
Իրականում, աշխատանքը կորցրած եւ աղքատության դատապարտված հայ գյուղացին մի բան կարող է անել` դառնալ վարձու աշխատող, բատրակ՝ թուրքական ֆերմերների մոտ: Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, միանգամայն տեղավորվում է Փաշինյանի սցենարի մեջ. նա աղքատացնում եւ սնանկացնում է հայ գյուղացուն, որը կպած է իր հողին եւ իր տնտեսությանը: Նրանց այդ հողից կարելի է կտրել միայն եկամտից զրկելով եւ սնանկացնելով: Եթե Հայաստանում հողը եկամուտ չտա, հողագործությունը չկերակրի այն մշակողին, մարդիկ մասսայաբար հրաժարվելու են հող մշակելուց եւ լքելու են իրենց գյուղերը: Այդպես արդեն մի անգամ եղել է 90-ականների սկզբին, երբ շատ հողագործներ բռնեցին արտագաղթի ճանապարհը: Հայաստանն ադրբեջանցիներին եւ թուրքերին հանձնելու համար նախ պետք է Հայաստանի հողն ու գյուղերն ազատել հայ մարդուց, դրա համար էր Փաշինյանը խոսում այն մասին, որ Հայաստանում երբեք հայերը մեծամասնություն չեն եղել: Առավել հարուստ ֆերմերները, գործարարները, արժանապատիվները, բնական է` չեն համակերպվելու թուրքական տիրապետության տակ ապրելու պարտադրանքին եւ գնալու են հիմնականում Ռուսաստան, այլ տեղ ուղղակի չկա: Նրանք, ովքեր մնալու են, թուրք ֆերմերների մոտ վարձվելու են, որ իրենց գոյությունը պահպանեն:
Հարց է առաջանում․ այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանը նման քայլերի գնում, ինչո՞ւ է օգնում գործող ռեժիմին՝ Հայաստանը հայերից մաքրելու եւ թուրքերով բնակեցնելու հարցում: Չի բացառվում, որ Ռուսաստանը համակերպվել է Հայաստանի կորստի փաստի հետ եւ որոշել է ինքն էլ իր բաժինը պոկել կործանվող Հայաստանից, իսկ այդ բաժինն աշխատող եւ արարող հայ գյուղացիներն են: Վերջին տասնամյակում Հայաստանից Ռուսաստան արտագաղթած հազարավոր հայ գյուղացիներ Կրասնոդարի, Ռոստովի, Ստավրոպոլի երկրամասերում հազարավոր հեկտարներով հող են մշակում` խաղողի եւ մրգատու այգիներ են հիմնել, ջերմատներ կառուցել, գինու, կոնյակի արտադրություններ հիմնել: Հիմա, եթե հաջողվի մի քանի տասնյակ հազար մարդ էլ տեղափոխել ՌԴ, Ռուսաստանը կունենա ոչ միայն Հայաստանից արտահանվող ապրանքների սեփական արտադրություն, այլեւ կարիք չի ունենա Ուզբեկստանից կամ Տաջիկստանից ապրանք ներմուծել: Այնպես որ, Հայաստանի փրկությունն առաջին հերթին մեզ՝ հայերիս է պետք, թե չէ կործանվող երկրից ամեն մեկը փորձելու է իր բաժինը պոկել եւ ոչ թե օգնել կործանումից փրկելուն: