Հասարակություն

Թավշյա դանակն արդեն շատ մոտ է «հայկական ոսկորին»

Թավշյա դանակն արդեն շատ մոտ է «հայկական ոսկորին»

Կա մի հայտնի արտահայտություն․ «Մարդիկ համբերում են, մինչև դանակը չի հասնում ոսկորին»։
Հայաստանում ստեղծված իրավիճակն իրականում լիովին համապատասխանում է այս բնորոշմանը։
Նեոթուրքական փաշիզմի թավշյա դանակը վաղուց արդեն կտրատում է Հայ Ազգի և Պետականության մարմինը։
Միայն այն բանի համար, որ մարդիկ որոշել են մնալ հայ, իրենց բանտ են նետում, զրկում վերջին հույսից, հասարակությանը մշտապես ներարկում են ինքնատելության չափաբաժիններ, արգելում են հայերին հայ լինել։
Ավելի ճիշտ՝ ուզում են Հայ լինելը վերածել պարզապես հոբբիի նման մի բանի , ինչպես օրինակ, նամականիշ հավաքելը։

Կտրատում են մեր գիտակցությունը, կտրատում են մեր հիշողությունը, կտրատում են մեր արժանապատվության ու հպարտության զգացումը։ Իրավիճակը հասցրել են այնպիսի անասնական վիճակի, որ հայկական արյունից հարբած թշնամուն ներկայացնում են որպես բարեկամ, իսկ բարեկամին՝ որպես թշնամի։
Շինծու խաղաղության պատրվակով, մարդկանցից խլում են ամենակարևորը՝ հավատը սեփական ուժերի նկատմամբ և թշնամուն դիմադրելու իրավունքը։

«Խուճուճ կյանքի» լկտի ու կուշտ նոր տերերն ամեն քայլափոխի գոռում են, թե որքան են սիրում ժողովրդին, իսկ նույն պահին այդ նույն ժողովրդին «կզցնում» են հարկերով, տուգանքներով, թանկացումներով, համատարած տնտեսական սահմանափակումներով և բարոյահոգեբանական ահաբեկչությամբ։
Փորձիր «նոր Հայաստանում» ճշմարտությունը բարձրաձայնել, և քեզ միանգամից կհայտարարեն պետության թշնամի, իսկ եթե պնդես ճշմարտությունը, ապա անմիջապես քրեական գործ կհարուցեն և կբանտարկեն։
Համարձակվե՞լ ես սոցիալական ցանցերում լայքել «ոչ ճիշտ» մարդու գրառում․ կարող են նույն պահին աշխատանքից հեռացնել։

Կանվանես դավաճանությունը դավաճանություն, պատերազմը՝ պատերազմ, թշնամուն՝ թշնամի, և վերջ․․․ Դու արդեն «թալանչի» ես, «կոռուպցիոներ», «կաշառակեր» կամ ցանկացած այլ պիտակ, որը հարմար կլինի քեզ վրա փակցնել։
Կտրատում են ու կտրատում փաշիզմի «քոռ դանակով» հայ մարդուն։
Բայց կա մի նրբություն, որպեսզի քո գիտակցության, պատվի և արժանապատվության մասնատումն անցնի հնարավորինս անզգա, քեզ անընդհատ ներարկում են տեղեկատվական «ցավազրկող»։
Դրանով զբաղվում են ամենատարբեր խոսող գլուխները, ՊՈԱԿ-ները, կիսախելագար մեդիա-ծաղրածուներն ու, իհարկե, իշխանության ներկայացուցիչները։
Հայկական պետականության և ազգային ինքնության ոչնչացման այս անզգայացումը շարունակվում է օրը քսանչորս ժամ՝ առանց դադարի։

Բավական է որևէ մեկը թեկուզ մեկ խոսք ասի իշխանությունների դեմ, և վերջ․ վարձու տեղեկատվական պոռնիկներն ու «արհեստավարժ» դավաճանները օրերով կվարկաբեկեն այդ մարդու անունը։
Այս անզգայացման մյուս կողմը փաստերի մշտական, օրուելյան ոճով գլխիվայր շրջումն է։
Օրինակ, ոչնչացնել երկրի տնտեսական ներուժը, հետո առավոտից երեկո հայտարարել, թե տնտեսությունն աճում է, արտահանումը զարգանում է աննախադեպ տեմպերով, և միաժամանակ հազարավոր գյուղացիներին կամ մանր և միջին գործարարներին վախեցնել, որ լռեն ու դժգոհություն չարտահայտեն՝ սպառնալով բանտով, հարկային տուգանքներով ու բռնաճնշումներով։
Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ նրանք, ովքեր արդարացնում են Հայրենիքի դավաճանությունը, դավաճան են անվանում նրանց, ովքեր համաձայն չեն Հայրենիքի դավաճանության հետ։ Նրանք, ովքեր պատրաստ են թուրքերի կոշիկները լիզել, հենց «թուրք» պիտակավորելով վիրավորում են նրանց, ովքեր դիմադրում են Հայաստանի թրքացմանը։

Մենք հասել ենք այնպիսի վիճակի, երբ սուտը, վախն ու կեղծիքը դարձել են սովորական նորմ, իսկ պատիվն ու արժանապատվությունը՝ գրեթե քրեորեն պատժելի։
Սակայն որքան խորն են նրանք կտրատում «հայկական մարմինը», այնքան ավելի է թուլանում անզգայացումը։
Բայց չնայած կատաղի տեղեկատվական «նարկոզին» մարդիկ արդեն ամեն ինչ զգում են ...թավշյա դանակն արդեն շատ մոտ է «հայկական ոսկորին»:

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

Ցավոտ է, չէ՞․․․

Ցավոտ է, չէ՞․․․

Շարքային քաղաքացուն կարելի է ծեծել, քացու տակ առնել, նվաստացնել։ Ցավալին այն է, որ դա արդեն սովորակա...

×
Gallery Image