Ընտություններից առաջ ՔՊ-ն գործի դրեց տարբեր մեխանիզմներ ցանկալի քանակի ձայներ ստանալու համար: Նախարարներն էլ՝ իրար հերթ չտալով ներկայացնում էին իրենց ծրագրերը եւ աջակցությունների ցանկը: Այդ օրերին ամենաակտիվը թերեւս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էր, ով օրումեջ տնտեսվարողներին ու գյուղացիներին աջակցության ծրագրեր էր ներկայացնում: Այսպես՝ ընտրություններից 5 օր առաջ նախարար Պապոյանը, դիմելով գյուղացիներին, անչափ ուրախ դեմքով ասաց, որ մարզերում կաթի արտադրության գործընթացին աջակցելու նպատակով նախարարությունը կսուբսիդավորի կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին: Սուբսիդավորումը կտրամադրվի շահառուի կողմից տնօրինվող միայն 3-րդ գլխից սկսած կովերի համար՝ մեկ կովի հաշվով 15000 դրամի չափով։ Գրավոր հարցում էինք ուղարկել նախարարություն, թե քանի քաղաքացի կամ խոշոր ֆերմերային տնտեսությամբ զբաղվող անձ է օգտվել այս ծրագրից եւ որքա՞ն գումար է հատկացվել: Խնդրում ենք նշել` ըստ մարզերի: Մեզ պատասխանել են.
«2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառման շրջանակում ընթանում են դիմումների ամփոփման և պայմանագրերի կնքման աշխատանքները, և սույն թվականի հուլիսի 20-ի դրությամբ միջոցառման շրջանակում դեռևս փոխհատուցում ստացած ֆիզիկական և իրավաբանական անձինք չկան։ Փոխհատուցումների տրամադրումը նախատեսվում է սկսել 2026 թվականի չորրորդ եռամսյակի սկզբից»։ Նախարարություն մեկ այլ հարցում էլ էինք ուղարկել: Քանի որ Ռուսաստանը 2026 թվականի մայիսի վերջից, հունիսի սկզբից ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել Հայաստանից թարմ մրգերի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ, Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն էլ՝ տնտեսվարողներին աջակցելու ծրագիր է ներկայացնում, «քաջալերում» ու չի թողնում, որ գյուղացին դուխաթափ լինի՝ փիառի համար էլ՝ մի ֆուռ ծիրան էր Եվրոպա ուղարկել, հարցրել էինք՝ 2026 թվականի հունիսի 4-ի N 800-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունից ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը։ Միջոցառման շրջանակում փոխհատուցում կտրամադրվի այն տնտեսավարողներին, որոնք 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետությունից արտահանել են ելակ, լոլիկ, պղպեղ, ծաղիկներ։ Փոխհատուցման չափերը սահմանվել են հետևյալ կերպ․ելակ՝ 770 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, լոլիկ՝ 275 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, պղպեղ՝ 400 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, ծաղիկ՝ 37 դրամ յուրաքանչյուր հատի համար։ Որքա՞ն փոխհատուցում է տրվել տնտեսվարողներին՝ խնդրում ենք ներկայացնել ըստ մարզերի եւ ըստ ապրանքների. «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման շրջանակում փոխհատուցման գումարները չեն հաշվարկվել ըստ մարզերի, այլ հաշվարկվել են ըստ շահառու տնտեսավարող ընկերությունների։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ պետական աջակցության փոխհատուցման ընդհանուր գումարը կազմել է 735մլն 285 հազար 725 դրամ»,-պատասխանել էին նախարարությունից: