Վերլուծություն

Հանրությունը հետընտրական շրջանում անորոշության ցավով է հիվանդ

Հանրությունը հետընտրական շրջանում անորոշության ցավով է հիվանդ

Ինչպեսեւ սպասվում էր, հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքները հայաստանյան ընդդիմադիր հավաքական թեւը ոչ օրինակարգ (ոչ լեգիտիմ) որակեց։ Մի քանի օր հայաստանյան տպագիր մամուլը, եթերը, համացանցը պայթում էին խախտումների առատությունից եւ բազմազանությունից։ Անցել են շաբաթներ, թվում է` ընդդիմադիր թեւը հասկացավ, որ հետագա պայքարը խորքային, գաղափարական եւ ոչ անձնավորված է լինելու, ուստի առանց համագործակցաբար վերլուծելու, գրագետ քաղաքական հաշվարկներ անելու, իշխանություններին անգամ տեղից շարժելը քիչ հավանական է։ Ընտրությունների արդյունքները հստակեցրին նաեւ, որ այս անգամ իշխող ուժը զուրկ է սահմանադրական առավելությունից, իսկ 2/3 առավելությամբ՝ չի կարող բռնատիրական վարքագիծ դրսեւորել խորհրդարանում։ Գործող իշխանության միակ հույսը մնում է նույնը՝ հոգնած ամբոխին, հատկապես միշտ շահող լյումպենին՝ կոլաբորացիոնիստ զանգվածին եւ մեծահարուստ գործարարներին «վախեցնելը»։ Օրինակ․ վարչապետը ՀՀ երկրորդ նախագահին սպառնում է, թե կվերականգնի մարտի 1-ի փակված գործը, երբ ինքն է փակել 1999-ի հոկտեմբերի 27-ի, 2008-ի մարտի 1-ի ոճրագործությունները եւ բիզնեսը փաստացի անձեռնմխելի դարձրել։ Եվ հանկարծ, այսօր նա ՀՀ երկրորդ նախագահին ընկալում է որպես լուրջ ընդդիմադիր ո՞ւժ․․․

Անհասկանալի է, թե ինչու է վարչապետն այսօր էլ իրեն պատառոտում, սպառնալիքներով ստիպում հանրությանը հավատալ հենց իրեն։ Չէ՞ որ 2026-ը 2018-ը չէ։ Արդեն ամեն մի հնչած միտք պետք է երաշխավորվի հավաստի վստահությամբ։ Իսկ դա այլեւս անհնար է։ Հավանաբար, նրա մտածելու կարողությունը (ինտելեկտը) սպառվել է, որի հաշվին մեծացել է ստերի, չափազանցությունների կծիկը։ Անգամ երբ մի լուրջ միտք է սպրդում, այն տարրալուծվում է կեղծիքների, ստերի, չափազանցությունների բովում։ Ուստի՝ կայացած ԱԺ ընտրություններն իշխանությունների բարոյական պարտությունն էր, ընդդիմության համար՝ համեստ հաղթանակ։
Փաստենք, որ պատվիրված «նոր» սահմանադրության հանրաքվեն իր բնույթով ուղղակիորեն անձնավորված չէ, զուտ գաղափարական է եւ տոգորված է պատվիրատուի քաղաքական շահերով։ «Նոր» սահմանադրությունը հայոց անկախ պետականության լինել-չլինելու խնդիրն է տորպեդահարելու, բայց․․․ Բայց գալիք հանրաքվեն քանի որ անձնավորված չէ, ընդդիմադիրներին միավորելու միտում ունի։ Տեսնենք։

Այդուհանդերձ, երեք մեծ բանավեճերի եւ դրանց շուրջ մտորումներն ու կարծիքները չեն սպառվում։ Ահա դրանցից առավել յուրահատուկները։
1․ Հայաստանում նոր կառույցներ են ստեղծվում (նաեւ կուսակ­ցություն-կառույցներ), որոնցում գաղափարախոսություն չկա, կա կաղապարաբանություն՝ որոշակի ակնկալիքներով։
2․ Ցավալին այն է, որ հանրությունը նույնացվում է ռեժիմի հետ։ Զարմանալի չէ, քանզի Հայաստանի հանրության զգալի մասը կաղապարի կողմնակից է, այլ ոչ՝ գաղափարի։
3․ Գաղափարի (ռազմավարության) գործնական արտահայտությունը մարտավարական ծրագիրն է՝ գաղափարի իրագործման մեխանիզմը։ Այդ տարբերությունը շատերին դեռեւս հասու չէ, իսկ «սրտիկ անելը» ո՛չ գաղափար է, ո՛չ էլ ծրագիր, բայց հանրության զգալի մասն այն ընկալում է որպես «խաղաղության երաշխիք»։
4․ Կայացած երեք խոշոր բանավեճերը լի էին անձնավորված ինքնագովեստ-անեծքային կաղապարաբանություններով եւ դարձան ստերի եւ բանսարկությունների ճոխ տոնահանդեսներ։
5․ Եթե Վանո Սիրադեղյանը դիտեր այդ բանավեճերը, կասեր՝ իշխանության եկան նույն տապարով տաշած մարդիկ։
6․ Բանավեճերի արդյունքում ոմանք եկան այն մտքին, որ «գիշատիչ» եւ «ազգակործան պատուհաս» մակդիրները հոմանիշեր են։
7․ Այդ ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում գաղափարական պայքարի գիծը, այսպես թե այնպես, պահում էր ՀԱԿ-ը։
8․ Միակ առավելությունը, որ ունեին քարոզարշավն ու ամփոփիչ բանավեճերը, այն էր, որ այդ գործընթացում տեղ չունեին Գնել Սարգսյանի թատերականացված քաղաքական «մտքերը»։
9․ Հանրությունը հետընտրական այս շրջանում անորոշության ցավով է հիվանդ։

Արամայիս Ասլանյան

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image