Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարություն էր տարածել, որով աշխարհի առաջատար 200 համալսարանների շրջանավարտներին հրավիրում էր ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում եւ խոստանում էր, որ այդ կադրային բանկում ընդգրկվածներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի կոնկրետ աշխատանք։ Մենք հիշեցինք, որ 2018-ին եւս, իշխանության գալով, Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես եկել․ աշխարհի ամեն ծայրից հրավիրում էին հայազգի մասնագետներին՝ գալ եւ աշխատել Հայաստանում: Նաեւ տեղում էին փորձում նոր կադրեր գտնել ու աշխատանք առաջարկել, եւ, իսկապես` 18-ին նոր մարդիկ հայտնվեցին պետական ապարատում, սակայն կարճ ժամանակ անց նրանք հիասթափված հեռացան, կամ նրանց հեռացրին, որովհետեւ լավ կրթություն ստացած մասնագետները նաեւ արժանապատվության զգացում են ունենում եւ սեփական կարծիք, իսկ նման մարդիկ չէին կարող երկար աշխատել Նիկոլ Փաշինյանի դիկտատի ներքո: Հիմա պատմությունը կրկնվում է, սակայն արդյոք այս անգամ որեւէ մեկը կարձագանքի՞ այս կոչին: Մենք զրուցել ենք կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։
- Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել միջազգային բուհերի ուսանողներին։
- Երեւի ինչ-որ մեկին մտքում ունի, ում բերել, այստեղ պաշտոն տալ, մտածում է, որ այդ հայտարարությունով ինչ-որ մարդկանց բերելն արդարացված կլինի, քանի որ այնպես չէ, որ լավագույն բուհերի սովորողները կարող են Հայաստանի պետական համակարգում աշխատել, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ։ Ես գիտեմ շատ-շատերին, որոնք նույնիսկ ոչ թե շրջանավարտներ են, այլ այդ բուհերի աշխատակիցներ են, նրանք հրաժարվել են գալ Հայաստան, քանի որ այն սահմանափակումները, որոնք դնում է ներկա կառավարությունը, նրանք պատրաստ չեն դրանց շրջանակներում աշխատել։ Քանի որ այդ մարդիկ ազատություն են սիրում, նրանք ինքնադրսեւորման հնարավորություն պետք է ունենան։ Այնպես չէ, որ լավագույն մասնագետին բերես նստացնես քանդված պետական համակարգի մեջ, դա կարող է արդյունավետ լինել, ընդհակառակը կլինի։ Բացի դա, աշխատավարձն է էականորեն տարբերվում՝ մեկ զրոյի տարբերություն է, այսինքն, 10 անգամ ավելի բարձր է դրսում աշխատավարձը, եւ այնպես չէ, որ մարդիկ խանդավառված կգան, որ էստեղ իր ձեռքի տակ աշխատեն։ Պետք է կառավարության ղեկավարին փոխել եւ էնպիսի մարդ դնել, որը գնահատում է գիտելիքով մարդուն եւ կարիքը զգում է, այդ ժամանակ նոր այս մարդիկ կգան Հայաստանում աշխատելու։
- Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության առաջին տարիներին էլ կադրերի բանկ հավաքելու փորձ էր արել։ Հիշո՞ւմ եք նախորդ փորձը, ինչ եղավ արդյունքում։
- Մարդիկ ամբողջ աշխարհից իրենց ինքնակենսագրականներն ուղարկում էին, որպեսզի այստեղ պաշտոնների նշանակվեն, բայց դրանց մեջ 1-2-ը պաշտոն ստացավ, այն էլ՝ երեւի մտան ՔՊ կուսակցություն, նոր կարողացան պաշտոններ զբաղեցնել։ Սա նույն ձեռագիրն է` ուղղակի 7-8 տարի հետո։
- Զարեհ Սինանյանի «ՆերՈւժ» սփյուռքի սթարթափ ծրագիրն ի՞նչ տվեց։
- Ծրագրով միջազգային բուհեր ավարտածները վերադառնում են հայրենիք եւ պետական պաշտոններ են զբաղեցնում, հետո որոշում են` մնա՞լ Հայաստանում եւ որոշակի պաշտոն զբաղեցնել, թե՞ գնալ։ Բայց իմ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք հիմնականում Հայաստանից գնացած ուսանողներն են, որոնք դրսում սովորել են, կա՛մ այստեղից իրենք են գնացել, կա՛մ իրենց ծնողները, եւ նրանք հեշտ կարող են ինտեգրվել Հայաստանի պայմաններին։ Բայց, օրինակ, այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լատինական Ամերիկայի երկրները, նույն Ամերիկան կամ եվրոպական երկրների ուսանողներին դժվար կլինի հայկական պետական համակարգում ինտեգրվելն ու արդյունք ցույց տալը։ Կարելի է ասել` սա եւս բյուջեի փողերի մսխում է, որովհետեւ չես կարող էդպես բերել ու ինտեգրել, համակարգը պետք է փոխվի, նոր կարողանա իրենց ներքաշել իր մեջ։
- Ինչո՞ւ չեն կարող ներգրավվել ՀՀ պետական կառավարման համակարգում։ Արդյոք խնդիրը կառավարման վերաբերյալ ունեցած գիտելիքի եւ ՀՀ-ում պահանջվող հմտությունների տարբերությո՞ւնն է։
- Նրանք անհատներ են, որոնք ունեն լրիվ այլ մտածողություն։ Մեկը, որ այլ մտածողությամբ գա Հայաստան, եւ իրեն ներդնեն Հայաստանի պետական համակարգում, Հայաստանի պետական համակարգի ճահիճը նրան ուղղակի կուլ կտա։ Նա միայնակ ոչինչ չի կարող ինքնուրույն փոխել, դրա համար համակարգը նախ պետք է բարեփոխվի, նոր կլանի լավ մասնագետներին։ Մենք այս պահին ունենք 5 հազարից ավելի ուսանողներ, որոնք աշխարհի առաջատար բուհերում են սովորում, բայց նրանց 10 տոկոսն անգամ չի վերադառնում։ Սա խոսում է այն մասին, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը վատ աշխատող, արդյունք ցույց չտվող համակարգ է, որի գլխին էլ մարդ է, որը, իր բառերով, 7 տարի նույն դասարանում է մնացել, բարձրագույն կրթության դիպլոմ էլ չունի։ Օրինակ, ո՞ր խելացի մարդը կգա, էդպիսի մարդու ղեկավարության ներքո կփորձի ինչ-որ գործ անել։ Սա ուղղակի աբսուրդ է։