Փաշինյանի համար Հայաստանում ընտրողը, կարծես, այլևս քաղաքացի չէ, այլ գյուղմթերք։ Իրեն ընտրողը՝ 100% օրգանիկ է, մյուսներին ընտրողը՝ անհայտ ծագման։ Ասում է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը՝ 100 տոկոսով ընտրակաշառքով քվե։
Հայաստանի ընտրողը երկար ճանապարհ է անցել։ Սկզբում, երբ Փաշինյանին ընտրեց, հպարտ քաղաքացի էր։ Հետո, երբ դադարեց ընտրել, վերածվեց գյուղատնտեսական արտադրանքի։ Ընդ որում՝ մի մասը օրգանիկ, մյուս մասը՝ ԳՄՕ։
Զարմանալի է միայն, որ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքների հետ միասին չի հրապարակել նաև օրգանիկության փորձաքննության արձանագրությունը։ Չի նշել, թե որ մարզում որքան օրգանիկ ընտրող է հայտնաբերվել, քանի տոննա է եղել ոչ օրգանիկ զանգվածը, և քանի տոկոս է կազմել ընտրակաշառքային բերքատվությունը։
Ամբողջ պատմությունը շատ է հիշեցնում շուկան։ Երբ ամենակասկածելի վաճառականը կանգնում է տաղավարի առաջ ու հայտարարում.
-Իմ ապրանքը 100% օրգանիկ է, հարևանինը՝ փչացած։
-Փորձաքննությո՞ւն կա։
-Չկա։
-Լաբորատոր եզրակացությո՞ւն։
-Չկա։
-Ապացո՞ւյց։
-Չկա։
-Բա ինչո՞ւ հավատանք։
-Որովհետև ես եմ ասում՝ ՀՀ օրգանիկ վարչապետը։
Խաբեբա առևտրականների առաջին կանոնն է՝ սեփական ապրանքը գովելիս պարտադիր վարկաբեկել մրցակցինը։ Քաղաքականության մեջ, կարծես, նույն մեթոդն արդեն կիրառվում է ոչ թե քաղաքական ուժերի, այլ ընտրողների նկատմամբ։
Երբ վարչապետը սկսում է քաղաքացիներին բաժանել օրգանիկ և ոչ օրգանիկ խմբերի, դա արդեն քաղաքականություն չէ։ Դա շուկայի գովազդ է. «Իմ ապրանքը վերցրեք, հարևանինը փչացած է»։
Սակայն ամենահետաքրքիրը միջազգային շուկաների հարցն է։ Որովհետև ցանկացած բարձրակարգ օրգանիկ արտադրանք վաղ թե ուշ արտահանվում է։
Այստեղ մի փոքր անհարմար հարց է առաջանում. եթե 100% օրգանիկ եք, ինչո՞ւ արտահանման հետ խնդիրներ ունես, ինչու՞ քեզ ԳՄՕ են հանում։ Եթե ապրանքդ այդքան որակյալ է, ինչո՞ւ ռուսական շուկան պարբերաբար կասկածում է սերտիֆիկատներին։ Եթե ռուսական շուկան ձեզ դուր չի գալիս, ինչո՞ւ եվրոպական շուկաները հերթ չեն կանգնել այդ բացառիկ օրգանիկ արտադրանքի համար։
Ստացվում է մի տարօրինակ պատկեր. ապրանքն աշխարհում լավագույնն է, բայց ոչ մի շուկա առանձնապես չի շտապում այն ընդունել։
Իսկ եթե ավելի լուրջ՝ քաղաքականության մեջ կարևորը սեփական օրգանիկության մասին հայտարարելը չէ։ Կարևորը այնպիսի քաղաքական որակ ունենալն է, որ քո «սերտիֆիկատը» ճանաչվի ոչ միայն քո նախընտրական շտաբում, այլև սահմաններից դուրս։