Հունիսի 14-ին վեց կուսակցություններ համատեղ հայտարարություն ընդունեցին՝ ոչ լեգիտիմ հայտարարելով հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՔՊ-ի կողմից իշխանության հաստատումը։ Խորհրդարան չանցած ուժերից հայտարարությունը ստորագրել էին ՀԱԿ-ւ, Ազգային Ժողովրդավարական բեւեռը եւ Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանը։ Տարօրինակ էր Արման Թաթոյանի Միասնության թեւերի բացակայությունը։ Լուրեր էին շրջանառվում, որ հայտարարարությանը միանալու հարցում «Միասնության թևեր» կուսակցության երկրորդ համար Դավիթ Անանյանն ու Արման Թաթոյանը տարբեր կարծիքներ են ունեցել, Թաթոյանը դեմ է եղել ստորագրելուն, Անանյանը պնդել է, որ հարկավոր է միանալ։ Անգամ լուր կար, որ ընկերները բաժանվել են։
«Հրապարակի» հետ զրույցում, սակայն, Անանյանը հերքեց այդ լուրը, հավելելով, որ մեր զանգի պահին Թաթոյանի հետ միասին տեքստի վրա են աշխատում, որը երեկ երեկոյան տարածեցին:
Ինչ վերաբերում է ընդդիմադիր վեց ուժերի հայտարարությանը միանալուն, Անանյանն ասաց, որ դրա տակ չստորագրելը դեռ չի նշանակում, որ իրենք համաձայն չեն հայտարարության տեքստի հետ:
«Մենք ընդդիմության հայտարարությունը միասին քննարկել ենք, հանդիպել ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ, մեզ տվել են այդ տեքստը, նայել ենք, ասել ենք, որ ամբողջությամբ համաձայն ենք տեքստի բովանդակության հետ: Բայց քանի որ նմանատիպ տեքստ մենք արդեն հրապարակել ենք և նաև ունենք այլ տեքստ, որը պիտի հրապարակենք, դիմում ենք ներկայացրել ընտրության արդյունքները չեղարկելու և այլն, ասացինք, որ ձեզ հետ ենք, հարթակում իրար հետ ենք լինելու, բայց մարտավարական առումով լավ կլինի մենք նույն թիրախին խփենք՝ տարբեր տեղերով, սա է եղել։ Այսինքն, ընդդիմության հետ համերաշխություն մենք հայտնել ենք: Իհարկե, մենք համերաշխ ենք և այդ տեքստը, որ եղել է, դրա հետ մենք համաձայնք ենք, ու քանի որ նմանատիպ մի հայտարարություն մենք հրապարակել էինք, ասացինք՝ մենք մեր տեքստը տալու ենք նորից, այդքան բան»,- ասաց Անանյանը:
Մեր դիտարկմանը, այնուամենայնիվ, ավելի նպատակահարմար չէ՞ր լինի միանալ հայտարարությանը, որպեսզի նաև հանրությունը տեսներ, որ ընդդիմության հիմնական ուժերը համակարծիք են ու միասնական, ասաց, որ երեկ ԿԸՀ-ում միասնական պայքար էր գնում և այստեղ հարցը տեքստի մեջ չի:
«Չէ՞ որ Դուք տեսաք, որ «Հայաստան» դաշինքի հետ դիմում ենք ներկայացրել միևնույն պահանջով, իրենք հանդես եկան, մենք հանդես եկանք, նույն արգումենտներն ունեինք, «Բարգավաճ Հայաստանի» հետ կապված մի քանի անգամ հայտարարություններով հանդես ենք եկել, որ դա ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» խնդիրն է, այլ ընդհանրապես մանդատների բաշխման արդյունքում ընդդիմության խնդիրն է և պառլամենտի լեգիտիմության խնդիրն է»,-շեշտեց Անանյանը:
Նա նաեւ հավելեց, որ հայտարարել են, որ այս ընտրությունները ոչ լեգիտիմ են և հորդորեց տեքստի տակ ստորագրել-չստորագրելուն այդքան կատերգորիկ չվերաբերվել ու խնդիրն ավելի գլոբալ դիտարկել:
«Բոլորս միևնույն բանի համար ենք պայքարում հիմա: Տեքստի տակ ստորագրել ենք, չենք ստորագրել...տեքստը համաձայնեցվել է մեզ հետ, մենք համաձայնվել ենք, բայց ասել ենք, որ մենք մեր տեքստը արդեն հրապարակել ենք: Մենք գնալու ենք Սահմանադրական դատարան, Վարչական դատարան ենք գնալու, մենք մեր պայքարի ուղին ունենք և, ընդ որում, պայքարում ենք նույն բանի համար, ինչ-որ մեր ընդդիմադիր գործընկերները: Ասեմ ավելին, եթե այնտեղ բոլոր ընդդիմադիրները լինեին, հնարավոր է, մենք էլ լինեինք, հասկանո՞ւմ եք, ընտրովի էր մի ձևի մեզ թվում, բայց տեքստի հետ համաձայնվել ենք, ու ասել ենք, որ երկրորդ տեքստն ենք հրապարակելու»,- հավելեց Դավիթ Անանյանը:
«Ամեն ինչի վերաբերյալ մենք ունենք մեր սեփական տեսակետները և մեր սեփական փաստահավաք խումբը, և դա փորձում ենք ներկայացնել: Սա է ամբողջ խնդիրը: Մի շատ կարևոր բան էլ կա, նույն թիրախին տարբեր ուղղություններով հարվածելը շատ ճիշտ տակտիկա է և միշտ հիշեք, որ բոլոր հավկիթները միևնույն զամբյուղում պահելը լավ բան չի, մի քիչ ավելի գլոբալ նայեք: Մեր ժողովրդի սպասելիքները մի քիչ ավելի սենտիմենտալ են՝ ինչի չկար մեր ստորագրությունը... մի հատ տեսեք՝ մենք ինչով ենք զբաղված, ի՞նչ կապ ունի ստորագրությունը կար, թե չկար: Տեսեք, որ այդ տեքստի տակ էլի կան քաղաքական ուժեր, որոնց ստորագրությունը չկա, բայց իրենք ասպարեզում էլ չկան, ընդհանրապես ոչ վիճարկում են, ոչ ինչ-որ բան են անում: Մենք հիմա՝ այս պահին՝ ֆրոնտ լայնում, ընդդիմադիր դաշտի առաջամարտիկների շարքում կանգնած մեր գործն ենք անում, ի՞նչ կապ ունի ստորագրել ենք, թե չէ, պետք է գլոբալ նայենք ամեն ինչին»,- եզրափակեց Դավիթ Անանյանը: