Այս շաբաթ Պետդուման կքննարկի մի օրինագիծ, որը ընդլայնում է միգրանտների արտաքսման հիմքերի ցանկը՝ 22 վարչական իրավախախտումից հասցնելով 45-ի, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Սկզբում ցանկը նախատեսվում էր ընդլայնել մինչև 43 կետ։ Սակայն, ի վերջո առաջարկվել է ներառել նաև ցանկացած հիմքով (սեռական, ռասայական, մաշկի գույն, ազգություն, լեզու, տարիք, կրոնական պատկանելություն և այլն) խտրականությունը և պետական սահմանին զինվորական անձնակազմի հրամանները չկատարելը։
«Սա կնպաստի մեր երկրում հասարակական անվտանգության բարելավմանը և միգրացիոն ոլորտում կարգուկանոնի հաստատմանը», - նշել է Վյաչեսլավ Վոլոդինը։ Ավելին, Պետդուման այս շաբաթ կքննարկի աշխատանքային միգրացիայի հետ կապված նախաձեռնությունները, հավելել է նա։
Ներկայումս, Ռուսաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն, օտարերկրացու Ռուսաստանից արտաքսումը վարչական իրավախախտման հնարավոր պատիժներից մեկն է։ Փոփոխությունները այն դարձնում են պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքից բացի։