Այլ

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանը հույս է դնում ամերիկյան կողմի պատրաստակամության վրա։

Սակայն ցանկացած խոշոր տարածաշրջանային նախագիծ կենսունակ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերն ու ընկալումները։

Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հստակ ներկայացրել է Թեհրանի մտահոգությունները։ Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային առաջնահերթություններից են TRIPP-ից բխող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների կանխումը։

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտան լիարժեք իրացնել ապաշրջափակման ներուժը, իսկ մյուս կողմից՝ կչեզոքացնեն ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունից բխող ռիսկերը և կբացառեն Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։

Այս ձևակերպումները վկայում են, որ Իրանի հիմնական մտահոգությունն այն անվտանգային միջավայրն է, որը կարող է ձևավորվել նախագծի իրականացման արդյունքում։ Այս մոտեցումն ունի հստակ աշխարհաքաղաքական հիմքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Թեհրանը էապես զգայուն է դարձել սեփական սահմանների հարևանությամբ ամերիկյան ազդեցության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Եթե Թեհրանում TRIPP-ը ընկալվի որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության գործիք՝ 99-ամյա իրավունքներով ենթակառուցվածքի տեսքով, ապա դժվար կլինի ակնկալել, որ նախագիծը կընդունվի ներկայիս պարամետրերով։

Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ նույնպես ունի հստակ անվտանգային և աշխարհաքաղաքական հիմքեր, թեև արտահայտվում է ավելի զգուշավոր ձևով։ Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության ընդլայնում Հարավային Կովկասում՝ իր ավանդական ազդեցության գոտում։ Չնայած 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, Մոսկվան դեռևս ունի լծակներ, որոնք կարող են ազդել նախագծի ընթացքի վրա։

Ռուսաստանը պահպանում է ազդեցություն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ, ինչը կարող է դառնալ լուրջ գործոն TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացման ժամանակ։ Բացի այդ, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները շարունակում են ծառայություն իրականացնել Հայաստան-Իրան սահմանի որոշ հատվածներում, այդ թվում՝ TRIPP-ի հնարավոր անցման գոտու մոտակայքում։ Այս գործոնները թույլ են տալիս Մոսկվային, անհրաժեշտության դեպքում, բարդացնել կամ դանդաղեցնել նախագծի գործնական իրականացումը։

Պաշտոնական արձագանքը դեռևս զգուշավոր-սկեպտիկ է։ Ռուսաստանը խուսափում է Թրամփի անունը կրող նախագծի նկատմամբ բացահայտ առճակատումից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում արդեն իսկ հնչում են զգուշացումներ Հայաստանի «ուկրաինական ճանապարհով» ընթանալու վտանգների մասին։ Մոսկվան սպառնում է տնտեսական հետևանքներով՝ գազի գների բարձրացում, շուկայի հասանելիության սահմանափակում և հայկական սփյուռքի հետ կապված խնդիրներ։

Այսպիսով, TRIPP-ի ապագան կախված չէ միայն Երևանի և Վաշինգտոնի քաղաքական կամքից։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն նախագծի արագ մեկնարկով, դրա իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց տարածաշրջանային ուժային հավասարակշռության և անվտանգային ճարտարապետության հաշվառման։ Այդ հավասարակշռության կարևոր բաղադրիչներն են Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերը, որոնք անտեսելու դեպքում ցանկացած նախաձեռնություն բախվելու է լուրջ քաղաքական և գործնական դիմադրության։

Հետևաբար, առաջիկա բանակցությունների առանցքային հարցը պետք է լինի ոչ այնքան TRIPP-ի արագ գործարկումը, որքան դրա քաղաքական և անվտանգային վերաձևակերպումը՝ հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի կարմիր գծերը։ Եթե հաջողվի մշակել այնպիսի մոդել, որը կընդունվի նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, նախագիծը կարող է շարունակվել նոր պայմաններով։ Հակառակ դեպքում այն կարող է վերածվել ոչ թե տարածաշրջանային համագործակցության հարթակի, այլ նոր աշխարհաքաղաքական հակասությունների հերթական օջախի։

Իրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ TRIPP-ի սկզբնական տրամաբանությունն այլևս բավարար չէ։ Տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները պահանջում են նախագծի խմբագրում և շահերի նոր հավասարակշռություն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության՝ ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից»։

Լրահոս

Ամենաընթերցված

Չմարսեցին տեղի ունեցածը

Չմարսեցին տեղի ունեցածը

Նախորդ ամիս Արաբկիրում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ ընդհարված բժշկուհի Արփինե Սողոյանի դո...

×
Gallery Image