Մեղրը, եւ հատկապես՝ բազմածաղկային մեղրը, ունակ է պաշտպանելու մարդու մաշկը վնասվածքներից, որոնք առաջացել են ուլտրամանուշակագույն ճառագայթման հետեւանքով, դանդաղեցնել բջջային ծերացման պլոցեսները։ Այս մասին հայտարարել են Իտալիայի Սասարիի համալսարանի մասնագետները։ Համաձայն Antioxidants պարբերականում հրապարակված հոդվածի, գիտնականները մարդու մաշկի մասնիկները լվացել են բազմածաղկային մեղրի թույլ լուծույթով։ Այնուհետեւ արդեն այդ մասնիկների վրա ուլտրամանուշակագույն ճառագայթում են իրականացրել։ Պարզվել է, որ մեղրով լվացված մարդու մաշկի մասնիկների բջիջները ավելի լավ են պաշտպանված եղել, պահպանել են կիսվելու եւ ինքնաթարմանալու կարողությունը։
Որպես փորձանմուշ վերցված են եղել հատկապես երեք բջիջներ մարդու մաշկից՝ ցողունային, ֆիբրոբլաստային եւ կերատինոցիտային։ Մեղրով լվանալուց հետո, երբ դրանք ենթարկվել են ՈՒՄ-ճառագայթման, երբ ճառագայթումն ավարտվել է, սկսել են ակտիվորեն աշխատել այն գեները, որոնք պատասխանատու են հյուսվածքների վերականգնման համար, իսկ ծերացման հետ կապված գեները մնացել են ճնշված վիճակում։ Բացի այդ, մեղրը ուժգնացրել է հակաօքսիդանտային պաշտպանությունը բջջային մակարդակում եւ նվազեցրել է ազոտի օքսիդի պարունակությունը։ Սա մի նյութ է, որի քանակությունն ու խտությունը ավելանում է վնասվածքների ժամանակ։ Գիտնականները նշում են, որ մեղրը ունիվերսալ կերպով ազդում է բազմաթիվ գեների վրա, որոնք կապված են մաշկի վերականգնման հետ։