Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հունիսի 25-ին իր խորհրդական Մանանա Գալստյանին «հատուկ առաջադրանքները եւ աշխատանքները ժամանակին եւ որակյալ իրականացնելու համար» խրախուսել է մեկ ամսվա աշխատավարձով։ Մենք ուսումնասիրեցինք Կարեն Սարգսյանի եւ Մանանա Գալստյանի կենսագրությունները եւ պարզեցինք, որ նրանք վաղեմի գործընկերներ են։ Մինչեւ 2018 թվականը ոչ մի պաշտոն չզբաղեցրած Կարեն Սարգսյանը 2020 թվականից մինչեւ 2021թ. սեպտեմբերի 3-ը աշխատել է որպես ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ: Մանանա Գալստյանը 2020-2021թթ․ ՏԿԵՆ Ջրային կոմիտեում աշխատել է որպես տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգող, այնուհետեւ՝ մամուլի պատասխանատու։
Կարեն Սարգսյանը 2021 թ․ սեպտեմբերի 8-ին նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, Մանանա Գալստյանը 2021թ․ սեպտեմբերի 28-ին` Կ․ Սարգսյանի մարզպետ նշանակվելուց 20 օր անց, նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի օգնական, իսկ 2025թ․ սեպտեմբերի 17-ին՝ մարզպետի խորհրդական։ 35-ամյա Մանանա Գալստյանն ի՞նչ «հատուկ առաջադրանքներ եւ աշխատանքներ է ժամանակին եւ որակյալ իրականացնում», որ մարզպետը ուր գնում է, նրան հետը տանում է եւ լրացուցիչ էլ խրախուսում է։