Վերլուծություն

Ո՞րն է «Առինջ մոլ»-ի առևտրականների «մեղքը»

Ո՞րն է «Առինջ մոլ»-ի առևտրականների «մեղքը»

«200 հատ ջահ է կախված խանութում, ես էդ ջահերը տանեմ որտե՞ղ դնեմ»,- հռետորական հարց է առաջադրում «Առինջ մոլ» տոնավաճառում տաղավար վարձակալած ՀՀ քաղաքացին: Ով հարկ մուծող է և, ըստ այդմ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կարծիքով, «հերոս» քաղաքացի: Նրա հարցը հենց հռետորական է, քանի որ իրեն պատասխան չեն տա այն անձինք, ովքեր խնդիր են ստեղծել իր համար: Ինչպես նաև իր նման բազմաթիվ առևտրականների համար:

Այդ հարցադրումն, առաջին հերթին, պետք է հետաքրքեր քննչական կոմիտեին: Պետական այն կառույցի, որի աշխատակիցների աշխատավարձը ձևավորվում է հենց «հերոս» բնորոշված քաղաքացիների գործունեության արդյունքում: Էլ չասած վերը նշված սահմանման հեղինակի մասին, ում հրահանգով է այդ կառույցն առևտրականներին և նրանց աշխատակիցներին զրկում աշխատելու հնարավորությունից: Եվ, ըստ այդմ, իրենց ընտանիքների կարիքները հոգալու հնարավորությունից:

Առկա է նաև այդ հարցի երկրորդ կողմը. այդ երբվանի՞ց է քննչական կոմիտեն անհանգստանում քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության խնդիրներով: Հատկապես որ առնվազն 2018-ից այս կողմ դրանք առկա չէին պետական այդ կառույցի օրակարգում՝ համենայն դեպս, կապված «Առինջ մոլ»-ի հետ: Այդ առևտրականները հո՞ Փաշինյան չէին, որ ուժայինների հսկայական ջոկատով պաշտպանեին նրանց անվտանգությունը: Ու վստահաբար չէր էլ անհանգստանա՝ եթե չստանար Ծառուկյանին «սնանկացնելու, բոմժ սարքելու» վարչապետական առաջադրանքը: Ինչի արդյունքում վնասներ են կրում նաև Հայաստանի շարքային քաղաքացիները:

Բնականաբար, հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում քննչականը նախապես ծանուցում չէր ուղարկել ու ժամանակ չէր տվել, որպեսզի 110 քառակուսի մետր տարածքով խանութ ունեցող առևտրականը կարողանար տեղ գտնել 200 ջահերը տեղավորելու համար: Եթե, իհարկե, խնդիրը ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ»-ի 24 խանութ փակելը չէր, այլ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը: Ըստ քննչականի հաղորդագրության, մեկ տարի առաջ համալիր փորձաքննություն է նշանակվել և պարզվել է, որ «3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է … Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում»:

Մի առանձին հարց էլ այդ, այսպես կոչված, համալիր փորձաքննությունն է, որի համար, չգիտես ինչու, պահանջվել է մեկ տարի: Իհարկե, եթե տրամաբանորեն մոտենանք այդ հարցին, ապա պետք է կասկածենք թե՛ դրա ժամկետներին և թե՛ ընդհանրապես դրա անհրաժեշտությանն ինքնին: 2025 թվականի հունիսի 5-ին՝ երբ, ըստ հաղորդագրության, նշանակվել է համալիր փորձաքննությունը, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը խնդիր չուներ Ծառուկյանի առումով: Եթե, իհարկե, չհիշենք, որ հենց այդ ժամանակ էր խոսվում ՀՀ վարչապետի իմփիչմենթի և Ազգային ժողովի արտահերթ ընտրության հնարավորության մասին:

Ու այդ փորձաքննությունը նշանակելն էր նպատակ ուներ անհրաժեշտ պահին օգտվել դրա եզրակացությունից: Չնայած, կրկնվեմ, այն ստանալու համար փորձագետից կպահանջվեր ոչ թե մեկ տարուց ավելի, այլ երևի մեկ-երկու աշխատանքային օր: Նախ, տեղում դիտարկելու փակվելիք 24 խանութների տեղակայումը և ընթերցելու «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենքն ու Հողային օրենսգիրքը: Որպեսզի դրանցում գտներ «Առինջ մոլ»-ի առումով համապատասխան հոդվածները:

Եվ վերջին հարցը, որ այս օրերին անընդհատ բարձրացնում են Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցները: Որին արդեն պատասխանել եմ ու շարունակելու եմ պատասխանել: Խոսքն այն մասին է, թե ինչ մեղք ունեն իրենք, որ զրկվում են աշխատանք ունենալու և իրենց ընտանիքները պահելու հնարավորությունից: Նրանց «մեղքը» նախ այն է, որ իրենք աշխատում են կամ տարածք են վարձակալում Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Եվ երկրորդ, որ մասնակցել են հունիսի 7-ի ԱԺ ընտրություններին և վստահաբար (կամ առնվազն ենթադրաբար) ձայն են տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ահա դա է իրենց «մեղքը»:

Լրահոս

Ամենաընթերցված

Քաղաքապետի են սպանել

Քաղաքապետի են սպանել

Սպանել են Մեքսիկայի Տեմոակ քաղաքի ղեկավար Վալենտին Լավինին։ Նա սպանվել է աշխատավայրում՝ հրազենային դ...

×
Gallery Image