Ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը, սակայն ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր նիստին չեն մասնակցում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
Նիստի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ հայրերի օրվան՝ նշելով, որ իրեն տեղեկացրել են այդ օրվա մասին։
«Հասկացա, որ այսօր հայրերի օրն է։ Բնականաբար, մեզ ոչ ոք ծաղիկներ կամ նվերներ չի փոխանցելու և չի շնորհավորելու այդ առիթով, սակայն եկեք մենք էլ շնորհավորենք բոլոր հայրերին»,- ասաց Սիմոնյանը։
Կառավարությունը, հիշեցնենք, 2024-ին էր հունիսը 17-ը սահմանել որպես Հայրերի օր:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն էր նման առաջարկությամբ հանդես եկել՝ փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում՝ հունիսի 17–ը ՀՀ–ում նշելով որպես Հայրերի օր։
Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածն ամրագրում է պետության պատասխանատվությունն ընտանիքի պաշտպանության դերի կարևորման հարցում: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակների մասին» ՀՀ օրենքով սահմանված է Մայրության և գեղեցկության տոնը, որը նշվում է ապրիլի 7–ին, սակայն գործող կարգավորումները չեն սահմանում Հայրերի օրը:
«Աշխարհի մի շարք երկրներում Հայրերի օրը նշվում է` նպատակ ունենալով մեծարելու և երախտագիտություն հայտնելու հայրերին, արժանին մատուցելու նրանց կողմից կատարած զոհաբերությունների, ունեցած ավանդի և ներդրումների համար` հանուն իրենց երեխաների և ընտանիքի ապագայի և բարեկեցության»,– ասված է որոշման մեջ: