Ինչպես հայտնի է, ՔՊ-ն երկու աղմկահարույց օրինագիծ է նախապատրաստում, որոնք սահմանափակում են քաղաքացիների ընտրելու ու ընտրվելու իրավունքը: Մեկը մշակում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը միջնորդությամբ դիմել է արդարադատության նախարարին՝ «նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հետայսու նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմաների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերի մասնակցությունն ընտրական գործընթացներին արգելելու եղանակով»: Երկրորդ նախագծով, որի մասին հանրայինի եթերում խոսել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ քաղաքացին պետք է վերջին մեկ տարվա ընթացքում առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում, որպեսզի իրավունք ունենա մասնակցել ընտրություններին: Այս օրինագիծն արդեն շրջանառվում է:
Այս փոփոխությունների մասին զրուցեցինք ՀԱԿ վարչության անդամ, կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ:
Նա երկար տարիներ համակարգել է ՀԱԿ-ի՝ ընտրական գործընթացին մասնակցելու իրավական եւ կազմակերպչական հարցեր, պարբերաբար հանդես է եկել որպես ԿԸՀ-ում իր կուսակցության ներկայացուցիչ, տարբեր ընտրությունների ժամանակ հետեւել է ընտրախախտումներին, ընտրական կեղծիքների եւ անօրինականությունների դեպքում ներկայացրել է ՀԱԿ-ի շահերը ՀՀ վարչական դատարանում՝ պահանջելով անվավեր ճանաչել կեղծված ընտրությունների արդյունքները, փորձագիտական աշխատանքի հարուստ փորձ ունի, այդ թվում՝ ԱԺ-ում: Նրան նախ խնդրեցինք համեմատել 2026 թվականի ԱԺ ընտրություններում կիրառված ազդեցության ձեւերն ընտրական միջավայրի վրա՝ նախկինում տեղ գտած նմանատիպ երեւույթների հետ:
- Եթե փորձեք Ձեր հարուստ փորձի տեսանկյունից համեմատություններ անել, ո՞րն է ներկայիս եւ նախկին ընտրակեղծարարության տարբերությունը:
- Ընտրական իրավունքի նման մասշտաբների բռնաբարում մենք չենք տեսել: Նախկինների ժամանակ մարդիկ թաքուն, աչքից հնարավորինս հեռու ընտրությունները կեղծում էին, ու երբ ասում էինք՝ ընտրությունները կեղծել եք, իրենք արդարանում էին, փորձում էին ապացուցել, որ չեն եղել ընտրակեղծիքներ, որ ընտրակաշառք չկա, սուտ եք խոսում եւ այլն։ Ամեն դեպքում փորձում էին արդարանալ՝ մնալով արդարադատության սահմաններում: Հիմա առանց սեթեւեթանքների մարդիկ հայտարարում են՝ մենք ենք որոշելու ընտրությունների արդյունքները: Օրինակ, այդ ընտրատարածքների մասով, որտեղ անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները, ԿԸՀ-ի ձեւակերպումներն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են: Էն, որ ասում են՝ տակտիկական քվեարկություն է լինելու, ու քանի որ մեզ համար արդեն պարզ է, թե ինչ է լինելու, դրա համար պետք է ընտրությունները չլինեն: Ոչինչ, որ 4-5 հազար մարդու ընտրական իրավունքը ոտնահարվում է:
- Հանրային քննարկման է դրված նախագիծ, որով ընտրություններից առաջ Հայաստանում 6 ամիս բնակված լինելու ցենզ են սահմանում՝ ընտրությանը մասնակցելու համար: Ինչպե՞ս եք սա գնահատում:
- Հենց սկզբից մեզ համար տարօրինակ էր, թե ոնց կարող են ընտրական իրավունքը սահմանափակել կամ ոտնահարել: Բայց մեկ էլ հաջորդ օրն իմանում ենք այս նախագծի մասին, որով իրենք կարող են որոշել, որ եթե 6 ամիս Հայաստանում չես եղել՝ օրինակ, ուսանող ես եղել կամ արտագնա աշխատանքի ես եղել, կամ պայմանագրային ինչ-որ հարաբերությունների մեջ ես եղել, կարող են որոշել, որ դու՝ վերջ, էլ չես կարող քվեարկել: Կատակ չեմ աում, բայց եթե այսպես շարունակվի, ՔՊ-ն կարող է որոշել, որ ընտրական իրավունքից օգտվում են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կամ նա, ով Խաչի Ավետարանի վրա կերդվի, որ ՔՊ համակիր է, հակառակ դեպքում՝ ընտրություններին չի մասնակցի:
- Իրենք առարկում են, ասում են, որ եթե Հայաստանի կյանքին չի մասնակցում, չպետք է ընտրի: Ոմանք էլ, որոնք օրինագիծն ընդունում են, դեմ են միայն 6 ամիս ժամկետին:
- Դա ընդհանրապես աբսուրդ է: Հավասար ընտրական իրավունքի համար ազգերը, ժողովուրդները հեղափոխություններ են արել, արյուն է հոսել: Հավասար ընտրական իրավունքը մի տուփ սիգարետ չէ, որ կարող ես մի տեղից վերցնես, հետո ծխելու հավես չունենաս, դա շպրտես մի կողմ: Դա լրջագույն իրավունք է, որը սահմանափակելու համար ծանրակշիռ հիմքեր են պետք: Օրինակ, մարդու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով քաղաքացու ընտրական իրավունքն է սահմանափակվում: Եթե մարդը դատապարտված է ազատազրկման, նա զրկվում է ընտրական իրավունքից: Այսինքն՝ հիմքերը պետք է շատ հիմնավոր լինեն, որպեսզի իրավաչափ լինի այդ կարեւորագույն իրավունքի սահմանափակումը: Ընդ որում, դու նրան չես կարող զրկել, դու նրան կարող ես սահմանափակել:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ են այս օրինագիծը բերել, Մոսկվայից եկած ընտրողների՞ց վախեցան:
- Ավելի կտրուկ ասեմ՝ իրենց պարտությունն է պատճառը: Ընտրությունների արդյունքում այդ մարդիկ պարտվել են, որովհետեւ 49,5 տոկոսն ընդամենը եղել է վարչական ռեսուրսի, պետական միջոցների չարաշահման, վախի մթնոլորտի արդյունքում: Սրա հաշվին, ինչպես նաեւ վերջին պահին ԲՀԿ-ից գողացած 5 մանդատների հաշվին կարողացել են որոշակի մեծամասնություն ստանալ ԱԺ-ում ու դրա անունը դրել են հաղթանակ: Մի հատ էլ «ջախջախիչ հաղթանակ» էին ասում: Հասկանալի չէ, թե ում են ջախջախել:
- Երեւի, սեփական ժողովրդին:
- Այդպես է: Երբ իշխանությունը չի կարողանում Ալիեւին դիմակայել ու ջախջախվում է նրա կողմից, շուռ է գալիս, սկսում է սեփական ժողովրդին ջախջախել:
- Հակակոռուպցիոն կոմիտեն օրինագիծ է մշակում, որով ընտրակաշառք բաժանած կուսակցություններին արգելվելու է հաջորդ ընտրություններին մասնակցելը: Ենթադրենք, մի գրասենյակի աշխատող ինչ-որ փող է բաժանել, ո՞նց են սա իրավական առումով կապելու ողջ կուսակցության մասնակցության հետ՝ ընտրական գործընթացին:
- Մենք էլի խոսում ենք ընտրական իրավունքի սահմանափակման մասին: Ընտրական իրավունքի սահմանափակման նորմերը ձեւակերպված են թե՛ Սահմանադրությամբ, թե՛ Ընտրական օրենսգրքով, ու դրանից մի քիչ ավելի ինչ-որ բաներ հորինելը խոսում է տոտալիտար ռեժիմի հաստատման մասին:
- Հակակոռուպցիոն կոմիտեն է նման օրինագիծ մշակում, ի՞նչ կապ ունի այդ մարմինն Ընտրական օրենսգրքի հետ:
- Դե, դա ընդհանրապես աբսուրդ է, անթույլատրելի է: Գտնում եմ, որ պետք է անպայման հասարակական ընդվզում լինի այդ օրինագծերի դեմ, որովհետեւ այս պայմաններում հաջորդ ընտրություններն արդեն իսկ վերածվելու են պատգամավոր նշանակելու պրոցեսի: Ընդհանրապես, ո՞վ է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կամ արդարադատության նախարարը, որ նմանատիպ միջնորդություններով ու լուծումներով հանդես գա: Սա գալիս է մի տեղից, մեկ կենտրոնից, Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգով, եւ իրենք են նմանատիպ որոշումներ կայացնողները: