Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը անհիմն է անվանել «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ գնահատելը»։
Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, խորհրդարանականի փոխնախագահը հայտարարել է Օրդուբադում կայացած «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Սա բացարձակապես անհիմն մոտեցում է։ Մենք միայն ցանկանում ենք վերադառնալ մեր հայրենի հողեր խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան, և ապրել այնտեղ անվտանգ և արժանապատվորեն», - հայտարարել է նա։
Նրա պնդմամբ, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր (իրականում Հայաստանի ինքնիշխան տարածք-խմբ․) Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք: Համայնքի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում:
Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողերը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է: Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են», - ասաց Ասկերովը:
Հատկանշական է, որ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան գալու և բնակվելու վտանգի մասին պարբերաբար հիշեցնում, ահազանգում են ընդդիմադիր ու ազգային ուժերը, ինչը լկտիաբար հերքում են ՀՀ ներկայիս իշխանությունները։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյանի շուրթերով հնչեցված հերթական հավաստիացումն ուղղակի վկայում է Փաշինյանական ռեժիմի ապազգային էությունն ու ազգակործան ստերը։